«Ամերիկայի Ձայն». Կտրուկ հայտարարությունների պատճառ է դարձել այն հանգամանքը, որ Ուկրաինան հրաժարվում է դադարեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու ծրագրերը
Ռուսաստանը խոստանում է փակել Ուկրաինայի մուտքը Մաքսային միություն, եթե Եվրոպական Միության հետ այս երկիրը 2013 թվականի նոյեմբերին ստորագրի Ասոցացման համաձայնագիրը և «Խորը և համապարփակ Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը»:
Այս մասին ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախօրեին երկրի փոխվարչապետների հետ անցկացված հանդիպման ընթացքում:
«Ցանկանում եմ, որ այստեղ որևէ պատրանք չլինի, իրավիճակը բավականին պարզ է. Ստորագրելով Եվրամիության պետությունների հետ համապատասխան փաստաթուղթը՝ Ասոցացման մասին համաձայնագիրը, Ուկրաինայի մեր գործընկերների համար Մաքսային միություն մուտքն ըստ էության կփակվի, և այս մասին, ի դեպ, բավականին բաց խոսում են հենց Եվրամիության ղեկավարները, թեև դա պարբերաբար քողարկվում է ինչ-որ հռետորաբանությամբ», – ասել է Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը:
Կարդացեք նաև
Դմիտրի Մեդվեդևը «քաղաքական կարևորագույն ընտրություն» է անվանել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու Ուկրաինայի ցանկությունը:
«Կարծում եմ՝ պետք է հասկանան բոլորը, ներառյալ Ուկրաինայում բնակվողներին, ներառյալ Ուկրաինայի քաղաքացիներին, որ այս ընտրությունը Ուկրաինայի ղեկավարության կողմից այսօր կատարվող քաղաքական կարևորագույն ընտրություն է», – նշել է Մեդվեդևը:
Արմեն Հովհաննիսյան