Ֆրանսիայի Նիցցա քաղաքում սեպտեմբերի 7-ին մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերին Հայաստանի մարզիկներն արձանագրել են առաջին նվաճումները:
Խաղերի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 8-ին, ազատ ոճի ըմբիշներ Հայաստանի բազմակի չեմպիոն Օհան Գիքինյանն ու ՀՀ առաջնությունների հաղթող Նարեկ Սիրունյանը պարտության մատնելով մրցակիցներին՝ նվաճեցին ոսկե մեդալներ, համապատասխանաբար` 55 և 66 կգ քաշային կարգերում:
Այսպիսով եզրափակիչ փուլում պարտության մատնելով կանադացուն՝ Օհան Գիքինյանն իր՝ Եվրոպայի պատանիների չեմպիոնի, աշխարհի երիտասարդության առաջնության երկրորդ մրցանակակրի տիտղոսներին ավելացրեց Ֆրանկոֆոնիայի ոսկե մեդալը :
Այսօր առավոտյան մրցապայքարի է դուրս եկել Հայաստանի հավաքականից 96 կգ քաշային ըմբշամարտիկ Վիկտոր Կազիշվիլին:
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային նախորդ խաղերը անցկացվել են Լիբանանում և այն ժամանակ Հայաստանն ԱՊՀ երկրներից միակ մասնակիցն էր:
Ի դեպ, մեր առաջին մասնակցությունն այն ժամանակ նշանավորվեց արծաթե և բրոնզե 3 մեդալներով ու անվանական մրցանակային տեղերի նվաճումով, ինչպես նաև լավագույն մասնակցության համար արժանացանք կազմկոմիտեի հատուկ մրցանակին: