Սյունիքի նախկին մարզպետի տան դիմաց տեղի ունեցած կրակոցներից հետո Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավվեց ապօրինի զենք-զինամթերք: Այսօր Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը պատմեց, թե ինչ եղավ դրանից հետո, ուր հայտնվեց այդ զենք-զինամթերքը:
«Ունենք ապացույց, որ Սուրիկ Խաչատրյանի մոտից առգրավված զենքերից մեկը՝ բերետտա տեսակի ատրճանակը ինքնաշեն է: Այսինքն՝ գործարանային արտադրության չէ, ապօրինի սարքած ատրճանակ է: Ակնհայտ է, որ այդ ատրճանակը չի կարող լինել օրինական եւ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի այն անձը, որ այդ ատրճանակը սարքել, պահել ու օգտագործել է: Բայց քննչական մարմնից գալիս է տեղեկանք, որ այդ ինքնաշեն ատրճանակը օրինական կարգով տրվել է Սուրիկ Խաչատրյանին՝ ՀՀ 2009 թվականի ոստիկանապետի կողմից»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց պարոն Ալումյանը:
Հիշեցնենք, որ 2009 թվականի ՀՀ ոստիկանապետը Ալիկ Սարգսյանն էր:
Պարոն Ալումյանը նաեւ հավելեց՝ քանի որ Սուրիկ Խաչատրյանի զենքով է կատարվել Ավետիք Բուդաղյանի սպանությունը, ապա Խաչատրյանի
Կարդացեք նաև
նկատմամբ մեղադրանք պետք է առաջադրվեր՝ զենքի պահպանման կանոնները խախտելու մասով. «Այդ հոդվածը հետաքրքիր ձեւակերպում ունի, այս երեւույթը համարվում է հանցագործություն, եթե առաջացրել է ծանր հետեւանքներ: Նախաքննական մարմինը համոզված էր, որ առկա է դիտավորյալ սպանություն Տիգրանի եւ Զարզանդի կողմից, այսինքն՝ կան այդ հետեւանքները, բայց մեղադրանք չէին առաջադրում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ, այնքան ժամանակ, մինչեւ պարզվեց, որ ծանր հետեւանք չկա, քանի որ սպանություն չէ, այլ ինքնապաշտպանություն: Փաստորեն, այս հնարքով Սուրիկ Խաչատրյանին էլ ազատեցին այն քրեական պատասխանատվությունից, որը պետք է կրեր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ