Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 11:00-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ երիտասարդ մի կին ինքնասպանություն գործելու նպատակով, փորձում է Կիեւյան կամուրջից ցած նետվել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահներ Կարեն Հովակիմյանն ու Լյուդվիկ Վարդանյանը , ռադիոկապով կապնվում են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայակ գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Ավետիք Բազիկյանի եւ տեսուչ Միհրան Միրզոյանի հետ, ովքեր այդ պահին ծառայություն էին կատարում Կիեւյան-Օրբելի փողոցների խաչմերուկում: Հասնելով Կիեւան կամրջի մոտ ՃՈ տեսուչները մոտ մեկ ժամ բանակցություններ վարելով այդ կնոջ հետ, նրան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գոռ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Իսկ այդ կինը Երեւանի բնակիչ, 29-ամյա Արմինե Տ.-ն է: