«Եթե դու բլոգ ես բացում միայն նրա համար, որ մարդկանց ցուցադրես, թե ինչքան շատ հագուստներ ունես, դա սխալ է,-ասում է Գայանե Շահինյանը, ով վիրտուալ աշխարհում հայտնի է բլոգեր Շագա անունով: Հավելում է. «Ինքս չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ խանութից որևէ բան գնել: Եթե դու կարողանում ես տատիկիդ շորից էլ հետաքրքիր գաղափար մտածել, կերպարներ ստեղծել դա ավելի հետաքրքիր է… Վերջերս մի ճանաչված բլոգերի էի կարդում, նա նշում էր, որ 30000 դրամին համարժեք գումարով կարող է էնպես հագնվել, որ յուրաքանչյուր բրենդամոլ իր ետևից ապշած նայի: Հետաքրքիր լինելու համար մի փոքր երևակայություն է պետք…»: sha-ga-shaga.blogspot.com-ը գործում է շուրջ մեկ տարի: Բլոգում հիմնականում լուսանկարներ են, որոնց բլոգերը ավելացնում է իր մտորումները: «Ի սկզբանե ինձ հետաքրքրել է fashion բլոգը: Այստեղ ես և՛ գրում եմ, և՛ որպես մոդել լուսանկարվում, և՛ ներկայացնում եմ ձեռքի աշխատանքներ՝ աքսեսուարները, հագուստները և այլն»: Գայանեն նաև նշում է. «Եթե մարդ ինչ-որ բան է ուզում անել, նա պետք է դա անի այն ասպարեզում, որից գլուխ է հանում, որն իր համար հետաքրքիր է, որն ինքը սիրով կանի»:
Մի քանի մասնագիտություններ մեկ հարթակում
Շագան մասնագիտությամբ բանասեր է, այս տարի ընդունվել է Թատրոնի և կինոյի ինստիտուտ: Նշենք, որ մինչ բլոգեր դառնալը նա աշխատել է տարբեր ոլորտներում. հաղորդում է վարել հեռուստատեսությամբ, որպես լրագրող և մոդել աշխատել ամսագրում (գրում էր նորաձևության թեմաներով), նկարահանվել է կարճամենտրաժ ֆիլմերում: Գիտակցելով, որ այս ամենը կարող է համատեղել մեկ հարթակում՝ Շագան որոշել է բացել է անձնական բլոգ. «Հասկացա, որ աստղերի մասին գրելը ամասգրերում ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե ով ինչ է ուտում, ինչ է հագնում, ում հետ է քնում: Հասկացա նաև, որ ես չեմ սիրում, որ ինձ հանձնարարում են՝ ինչ գրել: Չեմ սիրում նաև սահմանափակ և սահմանված ժամկետում գնալ աշխատանքի, օրինակ՝ երբ անձրև է գալիս, ես ուզում եմ քնել, բայց երբ դու աշխատում ես այս ժամից այն ժամը, դու պարտավոր ես գնալ աշխատանքի»: Ըստ Շագայի՝ ստեղծագործող մարդու համար չկա ժամանակ, ճիշտ է, նա պետք է հետևողական լինի իր բլոգի թարմացումների հարցում, սակայն ստեղծագործելու և ժամանակային առումով պարտավորված չէ, գրում է, երբ ցանկանում է, երբ ասելիք ունի: Բլոգի դիզայն ինքն է ընտրել, բացելու օրվանից առ այսօր անձամբ է զբաղվում տեխնիկական հարցերով: «Ես փորձում եմ այնպես անել, որ իմ բլոգը դրական լիցքեր փոխանցի բոլորին»,-ասում է Շագան: Անձամբ դրական լիցքեր է ստանում բլոգի համար աշխատելիս. «Եթե ես ընթերցող էլ չունենամ, ինքս ինձ համար կարող եմ բլոգս թարմացնել»,-հավաստիացնում է նա: Գայանեի խոսքով՝ ամենից շատ կարևոր են դրական լիցքերը, պոզիտիվը և ոչ թե իր ձեռքի աշխատանքներից գոյացած շահույթը: Նա նաև ավելի շատ կարևորում է մարդկանց հետ շփումը, քան իրերի վաճառքը: Շագան ինքն իրեն բնութագրում է ուրախ, լավատես, նպատակասլաց, ռոմանտիկ մարդ. «Ես հավատում եմ նրան, որ ինքդ ինչ տալիս ես, այն էլ ստանում ես, որ ամեն մարդու հետ կատարվում է այն, ինչին ինքն արժանի է: Ես հավատում եմ, որ ամեն մարդ ապրում է ինչ-որ «մեծ» բանի համար: Ինքս այդպես եմ ապրում՝ ոչ թե շատերի պես օրեր գլորելով»: Շագան նաև պատմում է ՝ ընկերները շատ են ասում, որ ինքն աշխարհից կտրված է, ապրում է երկնքում. «Ինձ համար շատ լավ է վերևում, չեմ ուզում ներքև իջնել»: Բլոգերը նաև պատմում է ՝ իր բլոգի միջոցով ներկայացնում է հետաքրքրության արժանի, տաղանդավոր և նորաձև աղջիկներին, որոնց գտնում և որոնց հետ ծանոթանում է համացանցի կամ իր ընկերների միջոցով: «Ես վստահ կարող եմ ասել, որ գեղեցիկ աղջիկները, ովքեր սեփական ոճն ունեն, հագնվում են նորաձև, բարի մարդիկ են, որովհետև ինքն իրեն սիրող մարդը սիրում է նաև դիմացինին: Նա, ով իրեն համարում է գեղեցիկ, իրեն չի համեմատում մյուսների հետ»,-ասում է Շագան:
Նյութը մինչև բլոգում հայտնվելը, Շագայի խոսքով, երկար ճանապարհ է անցնում: Նախ նա ընտրում է թեման, միայնակ կամ ընկերների հետ պատրաստում է զարդեր կամ զգեստներ և հետո միայն ընթերցողներին ներկայացնում եղածը. «Իմ ընկերները շատ տաղանդավոր մարդիկ են, մենք միասին ենք մտածում աքսեսուարների մասին: Նրանք ինձ շատ են օգնում»,-ասում է բլոգերը: Նշենք, որ նա համագործակցում է անհատների և բրենդային ընկերությունների հետ: «Եթե ես գտնում եմ շնորհալի մարդկանց, ներկայացնում եմ նրանց և նրանց աշխատանքները: Ըստ իս՝ մարդիկ, ովքեր զբաղվում են hand made-ով, տաղանդավոր են: Եթե ես կարողանում եմ օգնել նրանց վաճառել իրենց ապրանքը, ես դրանից միայն ինձ լավ եմ զգում»: Հարցին՝ ըստ նրա Հայաստանում fashion բլոգինգը որքանով է տարածված, պատասխանում է. «Այս ձևաչափի, ինչպես ինքս եմ անում, ես չեմ տեսել, հնարավոր է, որ կա: Այստեղ կա fashion բլոգ, որը վարում է մասնագետը՝ ոճաբան Արմեն Գալյանը: Իսկ արտասահմանում նրանք շատ են, ամեն երրրդ աղջիկը բլոգեր է: Կարծում եմ՝ շուտով էստեղ էլ կլինեն fashinon բլոգերներ»: Նա նաև հավելում է . «Շատ ուրախ կլինեմ, եթե նոր բլոգերներ հայտնվեն, անձամբ կփորձեմ ծանոթանալ նրանց հետ»:
Կարդացեք նաև
Նազենի Բաղդասարյան