Այս շաբաթվա IT նորություններում գերակշռում է որոնողական հսկան՝ Google-ը:
Այն որոշել է ջնջել ավանդական և ցանցային ծրագրերի միջև եղած սահմանը: Chrome Web Apps հավելվածները, որոնք ստեղծվել են համացանցային տեխնոլոգիաների հիման վրա և կարող են աշխատել առանց համակարգչի վրա տեղադրելու, այժմ արդեն հնարավոր է կիրառել որպես ավանդական ծրագրեր: Այս մասին հայտնել է vesti.ru-ն: Chrome Web Apps-ը հնարավոր է միայն տեղադրել Windows համակարգիչների վրա: Բջջային օպերացիոն համակարգերի, ինչպես նաև OS X և Linux համակարգերի համար տարբերակները պատրաստ չեն:
Google-ը նաև որոշել է բացել առցանց խանութ՝ Google Glass ակնոցների հավելվածների համար, այս մասին գրել է hitech.vesti.ru-ն: Խանութը կսկսի գործել 2014-ին: Սպասվում է, որ մինչ այդ արդեն շուկայում կլինի ակնոցների հանրամատչելի մոդելը: Ներկայումս ինովացիոն ակնոցները տարածվում են միայն մշակողների սահմանափակ խմբի շրջանում:
Google-ը «պատժել» է իր քաղցրակեր աշխատակիցներին: Հատկապես նրանք, ովքեր սիրում են գրասենյակային ավտոմատ սարքերի անվճար M&M’s կոնֆետները, դարձել են Project M&M անվանումով գաղտնի փորձնական նախագծի մասնակից, այս մասին հայտնել է lenta.ru-ն: Ծրագրի խնդիրն է եղել նաև 40 հազար աշխատակիցների մոտ երջանկության զգացումը բարձրացնելը, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող քաղցրավենիքի ծավալի նվազեցումը: People Operations group ծրագրի հեղինակները շոկոլադե գունավոր կոնֆետները թափանցիկ տուփից լցրել են ոչ թափանցիկ տուփի մեջ, իսկ առողջության համար ավելի օգտակար չրերն ու ընդեղենը՝ թափանցիկ տուփի մեջ: Արդեն 7 շաբաթ անց արդյունքը նկատելի է եղել: Google-ի նյույորքյան գրասենյակի 2000 աշխատողներն այդ ընթացքում օգտագործել են 3.1 մլն կալորիա պակաս: Նշենք, որ M&M’s-ի մեկ կոնֆետը մոտ 3.4 կալորիա է:
Կարդացեք նաև
Ամերիկյան համացանցային Yahoo ընկերությունը լքում է Չինաստանը, այս մասին գրել է vesti.ru-ն: Yahoo!-ի ներկայացուցիչները Չինաստանի շուկայից վերջնական հեռանալը դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել: Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր այն մասին, որ Չինաստանում Yahoo!-ի ծառայությունների աշխատանքի դադարեցումը հանդիսանում է բիզնեսի զարգացման փոփոխություններին ուղղված ևս մեկ քայլ:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արուլ Կումարը թերություն է հայտնաբերել Facebook սոցցանցում, ինչը հաքերներին թույլ է տալիս ջնջել ցանկացած լուսանկար: Սրա համար նա սոցցանցի աշխատակազմից ստացել է 12.5 հազար դոլար, այս մասին հաղորդել է ria.ru-ն՝ վկայակոչելով Techcrunch-ին: Հաքերը սխալը նկարագրել է իր բլոգում՝ նշելով, որ այդ թերության պատճառով ցանկացած մարդ կարող է ջնջել ցանկացած լուսանկար՝ տարբեր օգտատերերի և հանրային էջերից:
Տիգրանուհի Թասլակյան