Լրահոս
Օրվա լրահոսը

Լինկեւիչուս. Մաքսային միությունն ու ԵՄ ազատ առևտրի գոտին անհամատեղելի են

Սեպտեմբեր 08,2013 14:00

Սեպտեմբերի 7-ին Վիլնյուս աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական միությունում նախագահող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսին։

Նախարարները, Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ, անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը և այդ համատեքստում հանգամանալից քննարկել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացումը։

«Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։ Նախարարները համակարծիք էին, որ հարկավոր է առաջ մղել Հայաստան-ԵՄ հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած արդյունքների վրա»,-ասված է  Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում։

Նալբանդյան-Լինկևիչուս հանդիպման մասին տեղեկատվություն է տարածել նաև Լիտվայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը։ Համաձայն լիտվական կողմի հաղորդագրության՝ Նալբանդյանը վստահեցրել է Լինկևիչուսին, որ Հայաստանը ցանկանում է շարունակել ակտիվորեն մասնակցել Արևելյան գործընկերության ծրագրին։

Լիտվայի արտգործնախարարն էլ շեշտել է, որ խորհրդակցությունները շարունակելու և ստեղծված իրավիճակը գնահատելու անհրաժեշտություն կա. այդուհանդերձ, Լինկևիչուսը անհամատեղելի է համարել Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցությունը և ԵՄ-ի խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալը։

«Մենք հարգում ենք Հայաստանի կամքը, բայց մենք պետք է ընդգծենք, որ Մաքսային միությանը միանալու որոշումը նվազեցնում է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համագործակցության և ինտեգրացիայի հավակնությունները»,- ասել է Լինկևիչուսը։

Պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Լիտվայի արտգործնախարարը նաև նշել է, որ այս համատեքստում կարևոր է առաջ նայել և չվատնել Արևելյան գործընկերությանը մասնակցելու հինգ տարիների, ինչպես նաև Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքում Հայաստանի ձեռք բերած նվաճումները։ Լինկևիչուսը ասել է` Էդվարդ Նալբանդյանի այցը ցույց է տալիս, որ Հայաստանը ցանկանում է համագործակցել Եվրամիության հետ և մասնակցել Արևելյան գործընկերության ծրագրին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30