Այսօր ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետ, ի պաշտոնե Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը՝ դատական կարգադրիչների համակարգում օրեցօր ընդլայնվող չարաշահումների գործի շրջանակում, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ աղբյուրի նա կասկածվում է խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ:
Ավելի վաղ ձերբակալվել էր Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, իսկ մյուս տեղակալի` Գեղամ Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկատվության, դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը: Քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են նրանց պետերը: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ «կծիկը» գլորվում ու հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ:
Կարդացեք նաև
Մեղադրանքներ են առաջադրվել նաև դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին:
Մասնավորապես մեղադրանք է առաջադրվել ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 314-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Բագրատ Արիկյանին և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իսկ Աջափնյակ ու Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 314-րդ հոդվածներով` կեղծիքի համար: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արմեն Միրզոյանը մեղադրվում է նրանում, որ 2012թ-ի փետրվարի 1-ից մինչև 2013թ-ի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ավագ դատական կարգադրիչի պաշտոնում նշանակված Հրանտ Դավթյանին չի ներգրավել ծառայության մեջ, ազատել է պարտականությունները կատարելուց: Բայց նրա աշխատանքի չներկայանալու հանգամանքը թաքցրել է, կատատարել պաշտոնեական կեղծիք և, ներկայացնելով կեղծ տեղեկագրեր, հափշտակել նրա աշխատավարձը՝ ավելի քան 1,5 մլն դրամ: Մեղադրյալների թվում է նաև Արաբկիրի դատական կարգադրիչների պետ Սամվել Ալեքսանյանը:
Արդարադատություն<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<<