Լրահոս
Օրվա լրահոսը

Էմիլ Բուդաղյան. «Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելը պետական հանցագործություն է»

Սեպտեմբեր 07,2013 22:40

Տեղեկացրել ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության որոշման համաձայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ նրանք ազատ են արձակվել: Նրանք աղմկոտ եւ Ավետիք Բուդաղյանի սպանությամբ եւ Արտակ Բուդաղյանի հրազենային վիրավորմամբ  ուղեկցված միջադեպի մասնակից են:

Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «պետական հանցագործություն» որակեց Խաչատրյանի եւ Նիկողոսյանի ազատ արձակումը.- «Որովհետեւ իրենց էդպես է ձեռք տալիս, հանցագործ աշխարհին ի՞նչ պիտի ասես»։

Էմիլ Բուդաղյանը հիշեցրեց՝ նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին խնդրելով, որ «գործը արդար քննեն ու ով մեղավոր է, պատժեն»: «Բայց պատասխան չստացա, ավելի ճիշտ՝ պատասխանը եղան էս ազատ արձակումները»,- դառնացած իր խոսքը ավարտեց Բուդաղյանը:

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայ Ալումյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ՊՆ քննչական ծառայության որոշումը՝ նշելով, թե դա կանի որոշումը պաշտոնապես ստանալուց հետո միայն: Ալումյանը, սակայն, ընդգծեց՝ իր եւ Բուդաղյանների համոզմունքն է՝ առնվազն Տիգրան Խաչատրյանը եւ Զարզանդ Նիկողոսյանը պետք է մեղավոր ճանաչվեն սպանության հատկանիշներով եւ դատապարտվեն: Բացի այդ, ըստ Ալումյանի, դեռեւս կարիք կա պարզելու՝ արդյոք Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եղե՞լ է Բուդաղյանների ուղղությամբ կրակողների մեջ, թե՞ ոչ:

«Իսկ անկախ ամեն ինչից արդեն այսօր քրեական օրենսգրքի առնվազն երեք հոդվածներով հիմքեր կան Սուրիկ Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու»,- եզրափակեց Հայկ Ալումյանը:

Մինչդեռ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ քննչական մարմինը գործել է օրենքին համապատասխան եւ քրեական գործում առկա ապացույցների հիման վրա.- «Սա նշանակում է, որ արդարացի որոշում են կայացրել, եւ բոլոր այն վայնասունները, վայրահաչումները, որ գրված էին մամուլում, հատկապես մի քանի ժուռնալիստների կողմից, որոնք ոչինչ չէին ուզում տեսնել, բացի մի բանից՝ պատժել Սուրիկ Խաչատրյանին, թող գնան եւ մոմ վառեն, որ էս պետությունում վերջապես արդարադատություն կա»։

ՊՆ քննչական ծառայության այսօրվա որոշմանը խիստ բացասաբար են արձագանքում հայաստանյան իրավապաշտպանները, ովքեր միջադեպի առաջին իսկ օրվանից ուշադրությամբ հետեւում են զարգացումներին:

«Այդ ազատ արձակելը բացարձակապես չհիմնավորված է, եւ պետք է շեշտեմ, որ սա Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումն է։ Որեւէ այլ անձ չէր կարող նման որոշում կայացներ, որպեսզի ազատ արձակվեին մարդիկ, ովքեր մասնակից են սպանության։ Սա հանրությանը բացարձակապես անտեսել է նշանակում, թքած ունեն հանրության վրա առհասարակ»,- ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ՝ «իր այս որոշմամբ ՊՆ քննչական ծառայությունը կատարել է զինդատախազի Գեւորգ Կոստանյանի  պատվերը»:

«Անձամբ զինդատախազը սրանով հովանավորելով Լիսկային, միաժամանակ պատասխանատվություն է կրում Լիսկայի հետագա գործողությունների համար։ Իսկ հետագա գործողությունները հետեւյալն են՝ «Լիսկա, կարող ես ինչքան ասես սպանես»»,- ասաց Սաքունցը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30