«ՌԴ մայրաքաղաք Մոսկվան այսօր եւ վաղը տոնում է իր 866-րդ ամյակը: Մենք նույնպես մասնակցում ենք տոնակատարությանը եւ շնորհավորում նրանց»,-այսօր այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը:
Հայաստանում Ռուսաստանի տարվա միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 7-ը Երեւանում նշվում է որպես Մոսկվայի օր: Տիկին Թութունջյանի խոսքով, հայերի համար Մոսկվան ոչ միայն պարզապես անուն է, այլեւ սիրելի եւ հարազատ քաղաք. «Հաղթանակի զբոսայգում կազմակերպել ենք համերգ, որի ընթացքում կհնչեն սիրված, ճանաչված երգեր Մոսկվայի մասին, իսկ այն փոքրիկներին, ովքեր կմասնակցեն եւ ներկա կգտնվեն համերգին սպասվում է անակնկալ՝ նրանցից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա անվճար օգտվել 6 խաղից»:
Մեր զրուցակիցը համոզված է, որ հայերը տեղեկացված են նման միջոցառումների մասին եւ մասնակցում են, քանի որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ մատչելի եւ հասանելի է ամեն ինչ: Յուրաքանչյուր միջոցառում ուղղված է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների հաստատմանը: Հայերը եւ ռուսները հարեւան ժողովուրդներ են եւ մտերմություն, ջերմ հարաբերություն եւ մշակութային կապ պահպանելը անհրաժեշտություն է:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ