Սեպտեմբերի 7-ին Վիլնյուս աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսին։
ՀՀ արտգործնախարարության տեղեկացմամբ, նախարարներն անդրադարձան Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը եւ այդ համատեքստում հանգամանալից քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացումը։
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի եւ որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։
Նախարարները համակարծիք էին, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած արդյունքների վրա։