Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը այցելել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենք:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ շրջելով բոլոր հարկաբաժիններում՝ քաղաքապետի տեղակալը տեղում ծանոթացել է շենքային ընդհանուր պայմաններին: Զրուցելով բնակիչների հետ եւ լսելով նրանց մտահոգությունները՝ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի խնդիրները գտնվում է Երեւանի քաղաքապետարանի եւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում եւ, ըստ առաջնահերթության, դրանք լուծվելու են:
«Մայրաքաղաքում 4-րդ կարգի վթարային շենքերի հարցը մեր աշխատանքային օրակարգում է: Այդ շենքեր մեր կողմից մեկ անգամ եւս այցելությունների նպատակն այն է, որ տեղում գնահատենք իրավիճակն ու առաջնահերթորեն լուծում տանք այն քաղաքացիների վերաբնակեցման խնդրին, որոնց շենքային պայմաներն առավել վտանգավոր են»,-նշել է Վահե Նիկոյանը:
Սիսակյան 3 հասցեում գտնվող շենքի հետ կապված հարցերի շուրջ առաջիկայում բնակիչների հետ միասին քաղաքապետարանում կկայանա քննարկում: