«Ինչին հեշտությամբ տիրանում եմ, հեշտությամբ էլ ձանձրանում և հիասթափվում եմ: Չեմ սիրում պարզություն, սիրում եմ դժվարություններ հաղթահարել: Սիրում եմ նաև ազատությունը՝ թե՛ իմ նկարներում և թե՛ կյանքում»,-ասում է երիտասարդ նկարիչ 22-ամյա Գարեգին Հարությունյանը:
Նկարում է սկսած երեք տարեկանից: Առաջին նկարներում եկեղեցիներ էին: Գարեգինի խոսքով՝ նկարչության հանդեպ սերը գեներով է անցել: Ալբերտ Ժամհարյանը, ով Մոսկվա կինոթատրոնի վերևի շենքն է գծագրել և այլ աշխատանքներ է կատարել Հայաստանում, Գարեգինի պապիկն է եղել. «Պապիկս ինձ ցույց էր տալիս մեր ազգի ոսկյա ժառանգությունը և պատմում դրանց մասին, ես էլ հետաքրքրությունից ավելի էի ոգևորված նկարում»,-պատմում է նկարիչը:
Գարեգինը նկարչության հաճախել է սկսած 8 տարեկանից՝ Լեհաստանից վերադառնալուն պես (վաղ տարիքում ընտանիքով մեկնել էին երկրից): Սովորել է Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում, այնուհետև Խ. Աբովյանի անվան Երևանի պետական Մանկավարժական համալսարանում՝ Կերպարվեստ և գծագրություն բաժնում: Նրա խոսքով՝ իր մեջ նկարչության արմատավորման հիմնադիրը ուսուցչուհին՝ տիկին Սանոյանն է եղել, ով աշխատում էր Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում. «Նա իմ մեջ սերմանել է գույների միջոցով ճիշտ աշխարհաընկալում, ազատ արվեստ ՝ առանց սահմանների,-ասում է Գարեգինը և հավելում,- հիշում եմ, երբ նոր էի ընդունվել, նա մեծ ուշադրություն էր դարձնում ինձ, իսկ երբ արդեն մոտենում էի ոճիս ձևավորմանը, նա սկսեց ավելի շատ հետևել ինձ ու հղկել թերություններս, ավելի մոտեցնել իմ սիրած ոճին»:
Գարեգինի սիրած ոճը սյուրռեալիզմն է՝ երազի և իրականության միջև ընկած հատվածը. «Մանկուց ազատասեր եմ եղել, միշտ մտածել եմ կենդանիների, մարդկանց ազատության, բնության մասին: Այդ ոճում դու ազատ ես քո դիտողին ինչ-որ բան ասելու, խոսք փոխանցելու առումով, այդ պատճառով էլ սիրահարվեցի սյուրռեալիզմին»:
Կարդացեք նաև
Գարեգին Հարությունյանի խոսքով՝ իրեն հոգեհարազատ է հատկապես Սալվադոր Դալիի վրձինը. «Ես միշտ նրա աշխատանքներում տեսնում եմ նոր հետաքրքրություններ՝ սկսած նրա շարժումներից մինչև նկարներ…»,-ասում է նա:
Գարեգինը նաև նշում է՝ կանայք ճակատագրական են եղել իր կյանքում, նրանք են միշտ դասավանդել իրեն. «Կանայք ավելի ճշմարտախոս են արվեստում, միշտ կատարում են իրենց խոստումները և միշտ ներում են: Երբ դիմացդ կին ուսուցիչ է, ավելի պարտավորված ես քեզ զգում: Նա ինձ ավելի շատ ազատություն էր թույլ տալիս, օրինակ՝ բնորդին նկարել այնպես, ինչպես ինքս էի տեսնում»: Ի դեպ, իր նկարների առաջին դիտողն ու քննադատը մայրն է. «Նրա մոտ առկա է արվեստի տեսողություն, նա միշտ անկեղծ ասում է, թե որտեղ եմ կաղում»:
Ըստ երիտասարդ նկարչի՝ մուսան միշտ իր հետ է. «Երբ պառկում եմ քնելու, ստեղծվում են նկարներիս թեմաները, իսկ երբ քնում եմ, ստեղծում եմ այդ նկարների ձևավորումը: Դա արդեն սովորություն է դարձել, թե ինչպես եմ ես ինձ կառավարում, անպայման տեսնում եմ այն, ինչ ուզում եմ»: Արթնանալուն պես նա կտավին է հանձնում մտքերը: Նկարիչը նաև նշում է՝ ինքը նկարում է տարբեր թեմաներով, որոնք միմյանց առհասարակ նման չեն լինում: Սակայն մի թեմա կա, որ միշտ առկա է բոլոր ստեղծագործություններում. Դա ազատությունն է. «Ազատությունը երևում է իմ պատկերած առարկաներում, որոնք կիսաերկրային են, կամ իմ իսկ մտաղհացած առարկաներում և այլն»:
Գարեգինի խոսքով՝ նկարչությունը ինչ-որ առումով փոխում է մարդուն. «Ես միշտ մտածում եմ կյանքի, մարդկանց, զանազան թեմաներով ու միշտ դրանց մեջ գտնում եմ ճիշտը, մաքուրը, վատը, ինքնաբերաբար քո անձի ձևավորումը փոխում է: Օրինակ՝ ինձ ճանաչողներն ասում են, թե ինձ չեն կարողանում հասկանալ, ճանաչել, քանի որ ես միշտ տարբեր եմ լինում, փոփոխական»: Երիտասարդ նկարիչը ևս ինքն իրեն չի կարողանում բնութագրել: Ըստ նրա՝ նա սեփական անձը բացահայտելու ճամփին է: Նույնիսկ մի նկար է արել, որտեղ իր զգացմունքներով հանդերձ պատկերել է հոգին. «Տարօրինակ ինքնազգացողություն ունեի, ուզում էի հոգին անջատել մարմնից և տեսնել մեջտեղի ընկած հատվածը… Ես դեմք եմ տեսել»: Հարցին, թե ինչու է տվյալ նկարը սև ու սպիտակ, նա պատասխանում է՝ այդ գույների մեջ է տեսնում բոլոր թաքնված գույները:
Գարեգինը ունի նաև հայրենասիրական թեմայով աշխատանքներ, որոնք վերջերս է արել. «Դրանք պատմում են մեր հողի համար կռված մարդկանց մասին, նաև, թե ինչպես են այս օրերին մեր հողի վրա շատացել առնետները, թե ինչպես են փոխում մաքուր հողը, ինչպես են կեղտոտում, թե ինչպես են մոռացել հայրենիքի հերոսներին, ու քամու պես անցնում են նրանք »:
Հարցին, թե երբևէ ցանկություն ունեցել է թողնել նկարչությունը, պատասխանում է ՝ ոչ, միշտ հավատարիմ է մնում իր արվեստին. «Գիտեմ, երբեք նման զգացում ինձ մոտ չի առաջանա: Եղել են դեպքեր, երբ ինձ շահավետ աշխատանքնր են առաջարկել, բայց ես հրաժարվել եմ… »:
Նշենք, որ Գարեգինը Հայաստանում ցուցահանդեսներ ունեցել է, այժմ զբաղված է Եվրոպայում ցուցահանդես կազմակերպելու աշխատանքներով: Իսկ արդեն գարնանը Երևանում կկայանա նրա անհատական ցուցահանդեսը, որի թեման է «Երազն ու մեր իրականությունը…»: Այնուհետև անհատական ցուցահանդեսներով հանդես կգա Եվրոպայում՝ Լիտվիայում և Վիլնյուսում:
Նա նշում է ՝ ձգտում է մարդկանց կյանքում ներդրում ունենալ: Նշենք, որ շուտով կգործի նաև Գարեգինի անձնական կայքը, որի միջոցով հանրությունը հնարավորություն կստանա ծանոթանալ երիտասարդ նկարչի աշխատանքներին:
Նազենի Բաղդասարյան