«Ազատություն» ռադիոկայան. Թբիլիսին և Սուխումին հերքում են Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի երեկվահայտարարությունը, որի համաձայն Աբխազիայի և Վրաստանի իշխանությունները համաձայնել են վերսկսել երթևեկությունը երկաթուղու աբխազական հատվածով:
«Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում այս թեման ընդհանրապես չի քննարկվել և ինձ դժվար է ասել ,թե ինչպես է այդ թեման ծագել»,- նշել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն:
Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Բժանիան էլ Սուխումիում տարածած հայտարարության մեջ նշել է, թե «Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները զարմանք են առաջացնում»։
«Վերջին շրջանում Աբխազիայի տարածքով տարանցիկ երկաթուղային փոխադրումների հարցը չի քննարկվել ոչ ռուս-աբխազական երկխոսության, և ոչ էլ որևէ այլ ձևաչափում»,- աբխազ պաշտոնյայի խոսքերն է փոխանցում РИА Новости գործակալությունը: