Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուռ, բայց ոչ՝ մունջ

Սեպտեմբեր 07,2013 13:17

«Լուռ» գործողությունների արտիստ Լեւոն Իվանյանն այսօր դառնում է 60 տարեկան: Եթե չլիներ այս առիթը, գուցե այդպես էլ չէինք իմանա մի շարք հետաքրքիր մանրամասներ ոչ միայն Իվանյան արտիստի մասին:

Լեւոն Իվանյանը 70-ականներին արդեն ճանաչված էր իբրեւ Երեւանի մնջախաղի թատրոնի հիմնադիր կազմի առաջատար դերասան, ապա՝ որպես Հայորդաց տների հիմնադիր տնօրեն, հետո էլ՝ «Նարեկացի» արվեստի միության տնօրեն, իսկ նոր հազարամյակի սկզբներից՝ թատերահանդիսային խոշորամասշտաբ արարողությունների ռեժիսոր:

«Առավոտի» հետ զրույցում պարզեցինք, թե ինչ անհավանական թվացող ճանապարհներով է անցել մեր զրուցակիցը: Օրինակ, չգիտեինք, որ նման զուսպ արվեստագետը դպրոցում նախընտրել է մաթեմատիկան, ֆիզիկան, կենսաբանությունը, պատրաստվելով դառնալ բիոֆիզիկոս կամ բժիշկ, որ հենց դպրոցն ավարտելուց հետո՝ 1970թ., դժվարին մրցույթը հաղթահարելով՝  հայտնվել է Պատանի հանդիսատեսի թատրոնում: Կարճ ժամանակահատվածում մասնակցել է խաղացանկի գրեթե բոլոր ներկայացումների մասսայական տեսարաններին, ինչպես նաեւ հանդես եկել փոքր դերերով: 1972թ. ընդունվում է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին, մեկ տարի ուսանելուց հետո, ծանոթանալով Մոսկվայից Երեւան եկած Արսեն Փոլադովի հետ՝ մասնակցում է մնջախաղի խմբի աշխատանքներին եւ մինչեւ 1985թ. նվիրվում այդ արվեստին: Թատրոնն իր ժամանակին Խորհրդային Միության ամենահայտնի մշակութային օջախներից էր եւ հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ գրեթե ողջ տարածքում: Աշխատանքային նման հագեցվածությունը երիտասարդ արվեստագետին չէր խանգարում, որ նա միաժամանակ աշխատեր Պատանի հանդիսատեսի թատրոնում, ղեկավարեր Լուսաշխի տան պատանեկան մնջախաղի թատրոնը, սովորեր Փիլիսոփայական-հասարակական համալսարանի գեղագիտության եւ բարոյագիտության ֆակուլտետում, ընտանիք կազմեր ճանաչված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Մկրտչյանի հետ, զուգահեռ սովորեր ու ավարտեր թատերական ինստիտուտը, որտեղից երեք անգամ հեռացվել է հենց  մնջախաղով տարված լինելու  պատճառով, որը մեզ մոտ այդ տարիներին արհամարհված էր ու չէր խրախուսվում: Ու այս ամենը չխանգարեց, որ ավարտական կուրսի ուսանող Իվանյանին նույն ինստիտուտում վստահեին առաջին կուրսեցիների ճակատագիրը՝ ուսուցանելու ռեժիսուրա եւ պլաստիկա: Զուգահեռ մասնակցել է Երիտասարդական պալատի ինտերակումբի աշխատանքներին ու ջազգային կվարտետի հետ իր մասնակցությունն ունեցել 1985թ. Մոսկվայում անցկացվող 12-րդ երիտասարդական միջազգային փառատոնին: Նույն թվականին վտարվել է արդեն պետական կարգավիճակ ստացած Երեւանի մնջախաղի թատրոնից՝ Պարույր Սեւակի «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» բեմադրության պատճառով: Այս առիթով մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ պարոն Իվանյանն ասաց, թե պատկան մարմինները դա հիմնավորել են ազգային դիցաբանական եւ կրոնական թեման շոշափելու համար: Եվ հենց այդ տարվանից Իվանյանի առջեւ ոչ պաշտոնապես փակվում են հայաստանյան բոլոր թատրոնների դռները: 1990-ականներից, սակայն, արվեստագետը մասնակցություն ունեցավ Գյումրիի թատրոնի դերասանական կազմի վերականգնմանը, մասնակցություն ունեցավ նաեւ Արցախ  զենք ուղարկելուն:

Միայն մեկ անգամ՝ 1997-1998-ին, երկարատեւ ընդմիջումից հետո, հանգամանքների բերումով Լեւոն Իվանյանը վերադարձավ բեմ,  մոնոներկայացումներով հանդես եկավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Իսկ 2000-ական թվականների սկզբից Մայր աթոռի մշակութային ծրագրերի պատասխանատուն էր, մասշտաբային միջոցառումներ իրականացրեց ՀՀ-ում, ՌԴ-ում, Լիբանանում եւ այլուր: 2008-ին էլ Լեւոն Իվանյանը Ազգային օպերային թատրոնում իրականացրեց Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան: Ներկայումս մեր զրուցակիցն աշխատում է «ԼԻ» նախագծի վրա, ինչի մասին դեռեւս չուզեց բարձրաձայնել:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30