Արսեն Ազատյանի եւ Նարինե Մկրտչյանի նոր ֆիլմը՝ «Ապակե կախազարդը», միանգամից ինձ դուր եկավ։ Դուր եկավ երկու պատճառով։ Նախ ես ծանոթ եմ նրանց նախորդ ֆիլմերին, որոնք ինքնատիպ ձեռագիր ունեն, հատկապես «Անառակ որդու վերադարձը», որտեղ խաղում էր Արմեն Ջիգարխանյանը։ Ֆիլմը ես ողջունեցի եւ խրախուսեցի, նույնը կարող եմ ասել այս ֆիլմի մասին, մանավանդ այսօր ես ավելի վճռական եմ դարձել՝ մերժելով այն «գեղագիտությունը», որ այսօր ներմուծվում է եւ ազդում մեր ազգային կինոյի վրա, այսինքն, երբ վերանում է մեր կինոյում, ինչպես նաեւ համաշխարհային կինոյում՝ «մարդ» հասկացությունը, ես դա ասում եմ հաշիվ տալով, թե ինչ նկատի ունեմ։ Մարդուն արդեն եկել է փոխարինելու «հրեշը», եկել են ինչ-որ անհասկանալի բաներ, այսինքն՝ մարդը տեսակն է փոխում, եւ դա արտացոլվում է զավեշտալի կերպով։ Ավելին՝ ես հոդված էի գրել, որ կերպարը դառնում է «մարդ», երբ նա հարաբերակցում է ուրիշ մարդկանց հետ, իսկ հիմա լավագուն դեպքում «մարդը» պահպանվել է, որպես միայն մենախոսություն։ Վերջերս նայում էի չինական, իրանական, ֆրանսիական ֆիլմեր, բոլոր երկրները, կարծես, կրակն են ընկել մի իրավիճակի մեջ, երբ մի մարդ կա ամբողջ ֆիլմում՝ ընդամենը մի մարդ, որն անպայման վերջում դառնում է կամ մարդասպան, կամ ինքնասպան, ուրիշ տարբերակ չունի եւ մարդկանց հետ չի շփվում։ Այստեղ ինձ դուր եկավ այն, որ իսկապես հայտնվել է «մարդը»։ Ֆիլմում կա այդ «մարդը»։ Նույնիսկ՝ Երկուսը, բայց ես նկատի ունեմ հիմնականում հերոսին՝ Արամին, որը բավական համոզիչ ձեւով խաղաց երիտասարդ դերասան Նարեկ Ներսիսյանը։ Ընդունելի էր եւ հաճելի տեսնել նրան։ Չեմ ուզում սյուժեի մասին խոսել։ Ինչ-որ տեղ սյուժետային գիծը հիշեցնում է «Բալլադ զինվորի մասին» ֆիլմը, եւ ասեմ, որ այսօրվա կինոյի ճգնաժամից դուրս գալու ելքը ես գտնում եմ՝ վերադարձ դեպի նեոռեալիզմ։ Վերադարձ դեպի այն կինոն, երբ դեռ «մարդը» գոյություն ուներ եւ մարդուն կարելի էր հետեւել։ Այս տեսակետից ողջունում եմ այս ֆիլմը՝ սկզբունքորեն։ Հրաշալի դրամատուրգիա ունի։ Ես դեմ եմ «հեղինակային կինո» հասկացությանը ուրիշ տեսակետից, բայց այս դեպքում նրանք ապացուցեցին, որ հոյակապ սցենար են գրել։ Այսինքն՝ սցենարը ինքնուրույնության տարր ունի իր մեջ։ Ամենակարեւորը՝ հավաքել են այնպիսի դերասանական խումբ, որի միջոցով կարողացել են համոզիչ ձեւով ներկայացնել պատմությունը։
Անշուշտ, թեման ես կձեւակերպեի այսպես. «մարդը» հայտնվել է մի թակարդի մեջ, այդ թակարդը առնչվում է, կապվում այսօրվա գլխավոր խնդրին՝ փողին։ Տվյալ դեպքում 60.000 դրամն այն գումարը չէ, որ մարդու կյանքում խնդիր առաջացնի, բայց սկզբունքորեն պարզվում է, որ հենց այդ 60.000 դրամից է կախված մարդու ճակատագիրը, եւ այդ փորձությունների միջով են անցնում թե հերոսը եւ թե հերոսուհին, որը ֆիլմի մյուս մասում ներկայացնում է սկսնակ դերասանուհի Մագդալենա Մնացականյանը։ Այո՝ փորձությանը, որ մարդն ամեն օր, ամենուրեք, ամեն քայլափոխի ենթարկվում է՝ հենց փող փնտրելու պատճառով՝ սարսափելի իրողություն է։ Եվ անընդհատ վախենում ես, որ հերոսը գուցե չդիմանա։
Ի պատիվ հեղինակների՝ նրանք չեն դավաճանել արվեստի գլխավոր սկզբունքը, որը ժամանակին ձեւակերպել է Արիստոտելը՝ «կատարսիս» հասկացությանը։ Հնարամիտ դրամատուրգիական եւ ռեժիսորական լուծումների շնորհիվ, ինչ-որ հույս պահպանում են, հույս են թողնում։ Մենք գիտենք, որ վերջում, այն՝ ինչ ֆիլմից հետո կկատարվի, գուցե երջանիկ չլինի հերոսների համար։ Բայց կարեւոր է, որ մարդիկ, հերոսները, հատկապես հերոսը կարողացան դիմակայել այդ փորձությանը։ Ֆիլմի առաջին կեսում, այն, ինչ կատարվեց մեր հերոսի հետ, երբ ձեռքում հայտնվեց իրեն անհրաժեշտ գումարը՝ իսկույն եւեթ այնպիսի փաստի առջեւ հայտնվեց, որ մեկ-երկու կարեւոր շարժումով (գործողությամբ) ապացուցեց, որ դեռ մնում է «մարդ», չի դավաճանել «մարդ» հասկացությանը։ Դա ինձ համար ամենակարեւորն է։ Այսօր իննսուն տոկոս ֆիլմերը ցույց են տալիս, թե ինչպես է մարդը կործանվում, եւ պահպանել հավատը, որ մարդը դեռ կարող է հույս ունենալ, չկորցնել բարոյականության վերջին կաթիլները, ազնվության վերջին հետքերը՝ դա արդեն մեծ բան է։
Սիրով շնորհավորում եմ երիտասարդ գործընկերներիս եւ ողջունում նրանց, քանի որ նրանք հավատարիմ են մնացել ճշմարիտ կինոարվեստին։
Կարդացեք նաև
ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆ,
կինոգետ
«Առավոտ» օրաթերթ