Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեփոխումները չպետք է պայմանավորենք արտաքին կապերով»

Սեպտեմբեր 07,2013 13:30

Համոզված է տնտեսագետ Արծվիկ Մինասյանը

ՀՅԴ պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը գտնում է, որ Հայաստանը երբեք արտաքին կապերը չպետք է պայմանավորի բարեփոխումներով,  եւ, ըստ նրա,  ներքին բարեփոխումները, միանշանակ, պետք է տեղի ունենան՝ անկախ այն բանից, թե որ միությանն ենք պատրաստվում անդամակցել: ՀՅԴ պատգամավորը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Եթե մենք ունենանք շատ լավ բիզնես-միջավայր, եթե մենք ունենանք ժողովրդավարական կայուն համակարգեր, արդար դատական համակարգ, սեփականության իրավունքի պաշտպանություն, ինտեգրացիան որեւէ միության հետ ընդամենը տեխնիկական հարց կարող է դառնալ, եթե, իհարկե, հանում ենք քաղաքական ազդեցության գոտու բաղադրիչը, որովհետեւ այսօր ազդեցության բաղադրիչի տեսակետից հաշվեկշիռը խախտվել է հօգուտ Ռուսաստանի, եւ դա փաստ է, այնպես որ՝ տնտեսականի հետ շփոթելը, կարծում եմ, ճիշտ չէ»:

Պարոն Մինասյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսական ինտեգրումը, միանշանակ, պետք է իրականացվի, եւ այդ ամենը, ըստ տնտեսագետի, որեւէ ձեւով ներկայացնել կամ քողարկել այլ հասկացությունների ներքո՝ ճիշտ չէ. «Բայց այս դեպքում խոսքը չի գնում տնտեսական ինտեգրացման մասին, այստեղ մենք պետք է հասկանանք, որ թե՛ եվրոպական ինտեգրացումը եւ թե՛ եվրասիական ինտեգրացումը՝ երկուսն էլ մրցակցելով իրար հետ՝ փորձելու են տալ առավելագույնը: Խոսքը գնում է առավելապես քաղաքական ազդեցության համատեքստում, եւ հետեւաբար տնտեսականն այս դեպքում ածանցվում է, որովհետեւ ես կարծում եմ, եւ, դատելով հրապարակումներից, շատերը ոչ միայն չեն պատկերացնում եւ չեն էլ ուսումնասիրել եվրոպական Ասոցացման համաձայնագրի շրջանակներում տնտեսական նախընտրությունները եւ ոչ էլ Մաքսային միության անդամակցության հետ կապված տնտեսական ձեռքբերումներն ու ձախողումները. սրանք շատ լուրջ հետազոտություններ են պահանջում»:

Մեր այն դիտարկմանը, թե որոշ մասնագետներ պնդում են, որ դեռ չկան հստակ փաստաթղթեր՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը, ի՞նչ օրենքներով է առաջնորդվելու եւ այլն, պարոն Մինասյանն ասաց, որ ԵվրԱզԷՍ-ի կայքէջում մանրամասն հրապարակված է, թե ինչ բան է Մաքսային միությունը, ինչ կանոններով է գործում, եւ մաքսատուրքերի վճարների մասով եւս պարզաբանումներ կան:

Նրա խոսքերով՝ այլ հարց է, որ դեռ պետք է ուսումնասիրություն կատարվի, թե Հայաստանն այսօր որքանո՞վ պետք է փոփոխություններ կատարի իր օրենսդրության մեջ, Մաքսային միության անդամակցության շրջանակներում ի՞նչ հնարավոր սահմանափակումներ եւ արտոնություններ է ստանալու. «Մենք պետք է հասկանանք, որ թե՛ եվրոպական Ասոցացման եւ Խորը ու համապարփակ առեւտրի համաձայնագիրը եւ թե՛ Մաքսային միությունը ու դրան համապատասխան փաստաթղթերը՝ երկուսն էլ գտնվում են շատ ավելի բարձր համակարգի ներքո, որը կոչվում է Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, այսինքն՝ թե՛ եվրոպական երկրները, թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Հայաստանը անդամակցում են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ տարբեր ձեւաչափով: Ճիշտ է, մենք ավելի ստորացուցիչ պայմաններով ենք մտել այդ համաձայնագրի մեջ, քան ասենք՝ Ռուսաստանը, որը շատ ավելի լավ պայմաններով է մտել, բայց այստեղ խոսքը չի գնում միայն մի երկրի տնտեսական ձեռքբերումների կամ ձախողումների մասին, խոսքը պետք է գնա համակարգային տարածաշրջանային առումով, եւ, որպես երկու ենթահամակարգեր՝ Եվրասիականը եւ Եվրամիությունը գտնվում են շատ ավելի բարձր համակարգի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության մեջ: Այս համատեքստով պետք է հարցը դնել»:

Արծվիկ Մինասյանն անդրադառնալով օրերս Ռուսաստանի տնտեսական ոլորտի պատասխանատուների այն կանխատեսումներին, թե Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանը մի շարք առավելություններ կունենա՝ գազի գինը կիջնի, տրանսպորտային փակուղուց դուրս կգա եւ այլն, նկատեց. «Տրանսպորտային փակուղու հետ կապված այդպես էլ միանշանակ չէ՝ մեզ եվրասիակա՞նն է նախընտրելի, թե՞ եվրոպականը, ի՞նչ է նշանակում՝ եվրոպականը. նշանակում է առանց Թուրքիայի հնարավոր չէ, այսպես ասած, յոլա գնալ, բայց մենք այսօր որեւէ ձեւով Եվրոպայի հետ Թուրքիայի միջոցով չենք կարող առնչվել, որովհետեւ չկան դիվանագիտական հարաբերություններ. մի կողմից՝ սա: Մյուս կողմից՝ Եվրասիականի շրջանակներում մենք չունենք ընդհանուր սահման Մաքսային միության երկրների հետ, հետեւաբար այն հնարավոր առավելությունները, որ կարող էինք ձեռք բերել մաքսատները հանելու եւ առանց մաքսային ձեւակերպումների մուտք-ելք ապահովելու, ինչը էական դրական ազդեցություն կարող է ունենալ արտաքին առեւտրի առեւտրաշրջանառության վրա, մենք այս առավելությունը չենք ստանա, փոխարենը, այո՛, մենք ստանում ենք մաքսատուրքերի մասով ճշգրտման խնդիր, որ մենք պետք է կարողանանք Մաքսային միության  երկրների հետ ճշգրտենք մաքսատուրքերի դրույքաչափերը: Այս տեսակետից ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանն անդամակցում է ԱՊՀ ազատ առեւտրի գոտու համաձայնագրին, որտեղ արդեն իսկ մենք  ունենք որոշակի պայմանավորվածություն, որտեղ մաքսատուրքերը չեն գանձվում»:

Ըստ պարոն Մինասյանի՝ Հայաստան-ԱՊՀ տարածքներ ներմուծվող կամ արտահանվող ապրանքների համար, քանի որ Հայաստանն ունի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) մասին առանձին ռեժիմ, Ռուսաստանից ներմուծվող ապրանքից 20 տոկոս ԱԱՀ-ն վճարվում է, բայց մաքսատուրքը չի վճարվում. «Այսօր արդեն կան նախկինում ձեւավորված համաձայնություններ, սրանք ընդլայնվում են եւ վերեւից որոշակի սահմանափակումներ են դրվում. սա է, որ այսօր հրատապ է:  Ասել, թե տնտեսական տեսակետից որն է ձեռնտու, ոչ միայն միամիտ կլինի, այլ նաեւ մեզ ուրիշ տեղ կտանի՝ սխալ հարթության վրա կտեղափոխի»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30