Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանի մարմնական վնասվածքներն առաջացել են ոչխարի՞, թե՞ շարժվող ավտոմեքենայի հարվածից

Սեպտեմբեր 07,2013 13:40

2013թ. հուլիսի 3-ին քննիչը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չհարուցել:

Քննիչի որոշման օրինականությունը եւ հիմնավորվածությունը ստուգելու համար բողոք ենք ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, հավատացած լինելով, որ վերջապես կվերականգնվի արդարությունը, բայց, չգիտես ինչու, վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մ. Ռեհանյանի նախագահությամբ, առանց ստուգելու եւ պատճառաբանելու մեր կողմից նշված դատավարական իրավունքի խախտումները, որն ազդել է գործի ելքի վրա, ինչպես նաեւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հուլիսի 3-ի որոշման օրինականությունը, որոշել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնել անփոփոխ, իսկ բերված վերաքննիչ բողոքը մերժել։

Գտնում եմ, որ վերաքննիչ դատարանը գործի քննության արդյունքներով չի կայացրել որոշումը, այսպես վերաքննիչ բողոքում մենք խնդրել էինք ստուգել եւ պարզել, թե ինչու է նախաքննական մարմինը թաքցրել տուժող հովվի՝ Իշխան Մամոյանի բազմաբեկորային մարմնական վնասվածքը, ինչու է ճանապարհի լայնությունը արձանագրել 8մ 43սմ, երբ իրականում ճանապարհի լայնությունը 8մ է։ Ինչու դեպքի վայրում չի արձանագրել ոչ արգելակման հետքը, ոչ անվադողի հետքը, ոչ սկզբնական հարվածի տեղը, ոչ էլ այլ հետքեր։ Ինչու է քննիչը փորձագետին ելակետային տվյալ տվել, որ «Մերսեդեսի» լապտերները լուսավորում են 5-6 մետր, երբ իրականում լուսավորում են մոտ 40-50 մետր։ Ինչու է փորձագետին սխալ ելակետային տվյալ տվել եւ չի նշել, որ սկզբնական հարվածը տեղի է ունեցել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հանդիպակաց գոտում։ Իսկ մենք գիտենք, թե ինչու…

Դատաքննության ընթացքում միջնորդեցինք, որ դատական նիստին հրավիրի դատաբժշկական փորձագետին, որ պարզենք՝ արդյոք Իշխան Մամոյանի մարմնական վնասվածքներն առաջացել են ոչխարի՞ հարվածի հետեւանքով, թե՞ շարժվող տրանսպորտի որեւէ մասի հարվածի հետեւանքով, որը, չգիտես ինչու, մերժվեց դատարանի կողմից։ Դատարանը դատաավտոտեխնիկական փորձագետին նույնպես չհրավիրեց եւ չպարզեց, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի լապտերները լուսավորում են 5-6 մետր, թե 40-50 մետր։ Դատարանը մերժեց մի շարք այլ հարցեր, որոնք պետք է ստուգվեին դատաքննության ընթացքում։ Նույնիսկ չպարզեց, թե ինչպես թարգմանի փոխարեն քննիչը քննության էր հրավիրել մեկ ընթերակայի։

Վերաքննիչ դատարանն առանց ստուգելու նախաքննական եւ դատական մարմինների սխալները, դատավարական իրավունքի խախտումները, որը ազդել էր գործի ելքի վրա, առանց հետազոտելու այն ապացույցները, որոնցով հիմնավորել էինք մեր պահանջները, առանց ստուգելու, թե արդյոք առաջին ատյանի դատարանի հետեւությունները համապատասխանո՞ւմ են գործի հանգամանքներին, թե՝ ոչ, որոշեց բողոքը մերժել, որը, գտնում եմ՝ օրինական ու հիմնավոր չէ։ Վերաքննիչ դատարանը մեր ոչ մի հարցին չպատասխանեց, ոչ մի միջնորդություն չքննարկեց, առանց հաշվի առնելու իրականը, ճիշտը եւ արդարացին։ Հաշվի չառավ, որ ապացույցը հավաստի է, եթե այն հաստատվում է քրեական գործով կամ նյութերով ձեռք բերված այլ ապացույցներով եւ ապացույցը հավաստի չէ, եթե այն հերքվում է գործով ձեռք բերված այլ ապացույցներով, իսկ կոնկրետ այս դեպքում որոշումը չէր բխում նյութերից, իսկ դատավորը ինչպես գնահատեց, ինչ ներքին համոզմունքից ելնելով, այդպես էլ մեզ անհայտ մնաց։ Հավատացեք, մեզ համար հիմնական մտահոգությունը, եթե կարելի է ասել՝ սարսափելին այն է, որ այս գործում հասարակական այնպիսի կատեգորիան, ինչպիսին ամոթն է, մթագնել է, կարծես գոյություն չունի, դա ամենամտահոգիչն է մեզ համար։ Հարգարժան դատավորը ընդամենը պետք է դատական նիստին հրավիրեր դատաբժշկին եւ հարց տար՝ Իշխան Մամոյանի մարմնական վնասվածքներն առաջացել են ոչխարի՞ հարվածի հետեւանքով, թե՞ շարժվող տրանսպորտի որեւէ մասի հարվածի հետեւանքով, կամ դատաավտոտեխնիկին հարց տար, թե «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի լապտերները լուսավորում են 5-6 մե՞տր, ինչպես նշել է քննիչը, թե՞ 40-50 մետր՝ ինչպես կա իրականում։ Հետաքրքիրն այն է, որ մենք բողոքել էինք, որ դատավորը ստուգի քննիչի որոշման օրինականությունը եւ հիմնավորվածությունը, իսկ դատավորն առաջին դատաքննության ընթացքում նույնիսկ նյութերը չէր պահանջել. այն պահանջեց երկրորդ նիստի ժամանակ, որին ծանոթացավ դատաքննության ընթացքում, ինչը անհասկանալի է։

Վերոնշյալ գործում մոռացվել են շատ բարոյական նորմեր, մարդիկ ասում են, որ «համ հովիվի ոտքը կոտրեցին, համ ոչխարները, դրանից հետո էլ եկել «Մերսեդեսի» վնասն են ուզում խեղճ հովիվից». ահա թե ինչն է մտահոգիչը, ցավալին, որը հարիր չի մեր հասարակությանը։ Մեր ընդհանուր տանը։ Սթափվեք, հանգարժան իրավապահներ, թեկուզ ուշացումով, բայց վերացրեք այդ «չարաբաստիկ» անարդարացի որոշումը։ Հասարակությունը չի հանդուրժում նման անարդարությունը։

Ցավալի է, բայց դատական համակարգը մեզ մոտ քննադատվել է եւ շարունակվում է քննադատվել, բայց այդպիսի պարզ գործերով սխալվելը ես չեմ ընդունում ու ինձ թվում է՝ ոչ ոք էլ չի ընդունի։

Նախագահ Ս. Սարգսյանն իր նախընտրական ծրագրում գրում է, որ «Արդար պետություն» նշանակում է քաղաքացիների հետ կարեւոր հարցերը քննարկելու եւ արդարացի որոշումներ ընդունելու կարողություն։ Իսկ արդարությունը հենվում է իրավունքի գերակայության, մարդուն որպես բարձրագույն արժեք ճանաչելու գաղափարի վրա՝ դրանից բխող հետեւանքներով։ Այս առումով շարունակելու ենք հիմնավոր, արմատական բարեփոխումների իրականացում, որոնք կապահովեն արդարադատության մատչելիությունը։ Մեր պետության կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի դատարաններն իսկապես պաշտպանեն քաղաքացիների իրավունքները, կարող են դառնալ այդ ուղղությամբ մյուս մարմինների գործողությունների խթանիչ։ Մնում է՝ բոլորս բարեխղճորեն եւ պատշաճ կատարենք մեր պարտականությունները եւ արժանի լինենք մեր կոչմանը։ Հավատացեք, մեր արձագանքն արդարացի է, եւ ինձ թվում է՝ ժամանակն է, որ այսպես ասած՝ «կարմիր գիծն» անցած իրավապահները կանգ առնեն եւ վերջ տան այս անարդարությանը։

Վերջին շրջանում Հայաստանում մի տեսակ մոդայիկ են դարձել սպառնալիքները, լուծեք հարցը, թե չէ՝ կարտագաղթենք, ոչ, մենք չենք արտագաղթի, մեր «թթվածինը» Հայաստանում է, մենք չենք հեռանա մեր երկրից։ Մեր պահանջը արդարացի է եւ հավատացած ենք, որ արդարությունը կվերականգնվի մեր հասարակության օգնությամբ։ Նույնիսկ այս պահին կան կասկածողներ, բայց մի բան պարզ է՝ արդարությունը կվերականգնվի եւ այն կվերականգնի ՀՀ վճռաբեկ դատարանը, որին եւ դիմել ենք:

 ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Վերջ տվեք անարդարությանը,վայ իրավապահներ միթե այդ սովորական գործը օբեկտիվ լուծելը այդքան դժվար է:Արդարությունը չի մահանում, կարող է ինչոր տեղ ոտնհարվի,բայց հավատացած ենք,որ արդորությունը կհաղթի և Իշխանը տուժող կպահանջվի:Համելտ

  2. Սուրեն says:

    Հանրապետության վերադաս իրավապահ մարմիներ և ղեկավարներ ինչու չեք արձագանքում,ինչու չեք վերացնում անարդարությունը:Միթե պարզ չի,որ Շիրակի մարզի իրավապահները անարդար են վարվել սպասում ենք ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ վճռաբեկ դատարանի արդար որոշմանը:Սուրեն

  3. Համլետ says:

    Վերջ տվեք անարդարությանը,վայ իրավապահներ միթե այդ սովորական գործը օբեկտիվ լուծելը այդքան դժվար է:Արդարությունը երբեք չի մահանում, կարող է ինչոր տեղ, ոտնահարվի բայց հավատացած ենք,որ արդարությունը կհաղթի և Իշխանը տուժող կճանանչվի:Համլետ

  4. Ասադ says:

    Արդեն գրեթե երեք ամիս է, ինչ այս հարց քննրկվում է,բայց միչև ասյօր այդ հարցը լուծում չի ստացել:Վերջ տվեք անարդարության,միթե այս հարցին դժվար է լուծում գտնել:Իմ կարծիքով արդարությունը կհաղթի,և կպատժվեն մեղավորները:

  5. Անահիտ says:

    Ծանոթանալով այս գործի հետ ես հասկացա, որ այստեղ միակ տուժողը եղել է Իշխան Մամոյանը:Միթե պարզ չէ որ այստեղ անարդարությունն է տիրել և պետքե վերականգնվի արդարությունը և այդ հովիվն տուժող կճանաչվի:

  6. Արմեն says:

    Ինչպես հասկացա մեր պաշտոնյաներից շատերը կարձագանքեին այս գործին,եթե ոչխարները պատկանեին ինչ որ մի օլիգարխի,հովիվն էլ չլիներ ազգությամբ եզդի,ապա այս հարցը իրավապահ մարմինները ի օգուտ օլիգարխի կլուծեին,……. հետո ել ասում են ժողովուրդն արտագախթում է,էվակուացվել է պետք այս երկրից այլ ոչ թե արտագախթել……………………

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30