Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դու փոշու շոր ես, ի՞նչ կապ ունի, թե ում հետ ես»

Սեպտեմբեր 07,2013 13:57

«ՌԴ-ն վերացրեց իրեն նվիրված քաղաքական դեմքին՝ պետության նախագահին, եւ դրա պատճառը ռուսական ամբիցիան էր»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Մոսկվայում նախագահներ Պուտինի եւ Սարգսյանի հանդիպմանն ու դրանից հետո հնչած եւ ստորագրված հայտարարությանը, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը՝ ասաց Մոսկվայում բնակվող մեր հայրենակից, իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը: Նրա կարծիքով՝ ՌԴ-ի, որպես գերտերության, ամբիցիաների ցուցադրությունը քաղաքական իմաստով վերացրեց «իր փոքրիկ գործընկերոջն ու նրա նախագահին», եւ դա մեր զրուցակիցը համարում է ՌԴ-ի կատարած ամենավտանգավոր քայլերից: Արբակ Խաչատրյանը հասկանալի է համարում բոլոր այն «փաստարկները», որ 75 տարի ՌԴ-ն Հայաստանի համար «շատ լավ» բաներ է արել, որ, ինչպես ՌԴ նախագահն է ասում, 6 միլիոն հայի է կերակրել, կրթել. «Բայց դա նմանվում է նրան, որ հայրն ու մայրը երեխային կերակրում են, հետո ծեծում: Դե, պատկերացրեք, թե ինչ երեխա կմեծանա»: Վկայակոչելով հայտնի «Կնքահայրը» ֆիլմը՝ Խաչատրյանը նկատում է, որ ՌԴ-ն հարցն այնպես դրեց, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունենա: Եթե հայտարարություն արվեր այն մասին, որ ստեղծվում է աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու համար Մաքսային միությանն անդամակցելու դրական եւ բացասական կողմերը, մեր զրուցակիցը նորմալ կհամարեր, բայց այդ կերպ՝ առանց պետության այլ ներկայացուցիչների հետ խորհրդակցելու նման քայլի գնալն առնվազն տարակուսելի է նրա կողմից: Գլխավոր հարցը, ըստ Խաչատրյանի, հետեւյալն էր՝ պետությա՞ն, թե՞ ստրուկի կարգավիճակում է լինում Հայաստանը: Նա մեկ հարց էլ ունի՝ ինչո՞ւ ՌԴ-ն թույլ տվեց, որ Հայաստանը մի քանի տարի շարունակ «խաղա» Եվրոպայի հետ: Նկատի ունենալով ՀՀ նախագահի նստավայրի մոտ Մաքսային միությանն անդամակցության առիթով տեղի ունեցած բողոքի ակցիաները՝ մեր զրուցակիցը ցավով է արձանագրում, որ տղամարդիկ, ովքեր կռվել են իրենց հողի համար ու ազատագրել են այդ հողը, այսօր «Նատաշա, հեռացիր» վանկարկումների են արժանանում:
Դեռ մեկ ամիս առաջ «Առավոտին» տված մի հարցազրույցում Արբակ Խաչատրյանը չէր բացառել, որ մինչեւ նոյեմբերի 29-ը՝ վիլնյուսյան գագաթնաժողովը, ՀՀ նախագահը գնա «ռուսաց թագավորի ոտը»՝ հայաստանցիներին եւ աշխարհին ցույց տալու համար, որ ՌԴ-ն իր հետ է: «Ես մտածում էի, որ այդպես կլինի, բայց այդ սահմանն անցնելը ոչ միայն քաղաքական դեմքը, այլեւ քաղաքացին էլ չի կարող ընդունել: Ուստի դա շոկ առաջացրեց թե ռուսամետների, թե եվրոպամետների, թե ամերիկամետների մոտ»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դա արվեց, հավանաբար, ժամանակ շահելու համար: Բայց քայլը, որը կատարեց Սերժ Սարգսյանը, ըստ Խաչատրյանի՝ առաջին հերթին ՌԴ-ն պետք է թույլ չտար: Նա չի հասկանում, թե ինչ քաղաքական տրամաբանությամբ է քայլը կատարվել: Դա համարում է «սովորական մտածելակերպ» ու «ամենակոպիտ սխալը» ՌԴ-ի կողմից, քանի որ, նրա համոզմամբ, տարբեր պատճառներով սոցիալ-տնտեսական բեռի տակ գտնվող ՌԴ-ն այդպես կոպտորեն ոչնչացնելով իր «ռազմավարական գործընկերոջը»՝ հետագայում չի կարողանալու պաշտպանել նրան: «Չի կարելի այս պարագայում օգտագործել այն հանգամանքը, որ ՌԴ-ում այսքան միլիոն անօրինական կամ օրինական բնակվող հայեր կան»,- ասում է իրավապաշտպանը՝ խիստ տարակուսանք հայտնելով, որ դա եղել է ճնշումների պատճառ:
Չորս տարի շարունակ ՀՀ-ի բոլոր ինստիտուտները հսկայական աշխատանք են տարել եվրոպական կառույցների հետ, համակարգը սկսել էր աշխատել, հասարակությունը հասել էր տնտեսական եւ քաղաքական անհրաժեշտ մակարդակի, երբ բանավեճ կար՝ դեպի Արեւմո՞ւտք կողմնորոշվել, թե՞ Արեւելք. ինչո՞ւ ՀՀ նախագահը գնաց այդ ամենը ոտնատակ տալու ճանապարհով, մեր զրուցակիցը ասում է՝ խորհելու տեղիք կա. «Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նման մեծ հարված տվեց իրեն՝ բոլորին դնելով փակուղու առջեւ: Այդ թվում նաեւ նախորդ նախագահների օրոք գործած սխալների համար երկիրը դնել Արեւմուտքի հարվածի տակ: Եթե խնդիրը ՌԴ-ում գտնվող միգրանտները կամ անձնական լիներ, ու Սերժ Սարգսյանը հրաժարվեր այդ համաձայնագիրը ստորագրել, նա կդառնար հերոս: Որոշ «քաղաքական» դեմքեր Սարգսյանի այդ քայլը հիմնավորում են նրանով, որ կարողանար շարունակել իր հետագա պաշտոնավարումը: Ավելի լավ էր՝ նախագահ չմնար, քան իր երկրում իրեն նման հարված տար: Քաղաքական ջեբկիրությունը մտածելակերպ չի, դա ամենացածր մակարդակն է: Դրանք այն աֆերիստներն են, որոնք երկիրը քանդեցին: Այդ տեսակետն անընդունելի է: Մինչդեռ, իմ պատկերացմամբ, Սարգսյանի քայլը պայմանավորված էր կամ ԼՂՀ-ի, կան ՀՀ-ի անվտանգությամբ՝ սահմաններ, ատոմակայան… գուցե Ալիեւ-Պուտին պայմանավորվածություններով կամ Սիրիայի վրա հարձակումից հետո Հայաստանի նկատմամբ սպառնալիքներով: Նման խնդրի առջեւ, բնականաբար, Սարգսյանը կանգնել չէր կարող, քանի որ որեւէ տրամաբանող քաղաքական դեմք այլ պարագայում իրեն այդկերպ չէր վերացնի»:
Տվյալ պարագայում Արբակ Խաչատրյանն այդքան էական չի համարում Մաքսային կամ ԵՄ-ի անդամակցության դրական ու բացասական կողմերի մասին խոսակցությունները: Գլխավորը համարում է այն, որ ՀՀ նախագահն ու Հայաստան պետությունը հեղինակազրկվեցին. պետություն, որը միջազգային ասպարեզում դիրք է ունեցել, պայքար է տարել, որը հաղթել է ղարաբաղյան պատերազմում. «Եթե դու փոշու շոր ես, ի՞նչ կապ ունի, թե ում հետ ես»: Այնուհանդերձ, Խաչատրյանը այս իրավիճակի պատճառը համարում է այն, որ ՀՀ-ն մինչ օրս ղեկավարվել է ինքնիշխան նախագահների կողմից, եւ որ մեր պետությունում ուժեղ, ժողովրդավարական ինստիտուտների գոյության պարագայում ՌԴ նախագահը չէր համարձակվի ՀՀ նախագահի առջեւ նման հարցեր դնել: Նման իշխանության հիմքը, ըստ Խաչատրյանի, դրվեց 1995-ին՝ Սահմանադրության հանրաքվեի կեղծմամբ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Յաման խանդոտ տղա է էդ Պուտինը…Սերժին վերջին անգամ զգուշացրել է,որ եթե մի անգամ էլ նրան բռնացրեց եվրոպա-մեվրոպաների հետ սիլի-բիլի անելուց՝ ապուհարզան կտա ու монфстир կուղարկի…

  2. Ruben says:

    Եթե պետությունը չունի ամբիցիաներ (հավակնություններ)` դա պետությունը չի:
    ՌԴ-ն Մաքսային միությանն անդամակցելու հարցը դրել էր դեռ ընտրություններից (մեկ տարի) առաջ ու ժամանակ էր տվել վճիռ կայացնելու:
    Գահի գնին համաձայնվեցին կկվի ձվից ելեածները եւ ընտրություններից հետո շարունակեցին մնալ որպես պետության կառավարիչներ:
    Ձեռ էիք առնում.՝ «տիկին Սիրուշ»…
    Հիմա համոզվեցի՞ք թե որոնք են «ցիրկի դալանի տակի իրեքնոց «տիկիննները»:

  3. Samvel says:

    Հոդվածի հեղինակը շատ փորձությունների միջով անցավ պատերազմի տարիներին իր նվիրաբերումներով հանուն հայրենիքի,բայց մինջև այժմ հայրենիքից ստանում է միայն Լեֆերտովո նստավայրում անցկացնելու անիմաստ տարիներ:
    Մարդը իր արժանիքներով պետք է գնահատվի: Մեզ հարկավոր է հզոր Հայաստան այդ մասին մտածենք:

  4. Մարատ says:

    Լիովին համաձայն եմ հեղինակի հետ, մասնավորապես` նրա այն դիտարկմանը, որ “նման իշխանության հիմքը դրվեց 1995-ին՝ Սահմանադրության հանրաքվեի կեղծմամբ”:

  5. Maxim says:

    Վերնագրում շատ հստակ ասված է՝ ,,Եթե դու փոշու շոր ես, ի՞նչ կապ ունի, թե ում հետ ես,,:
    Այսօրվա մեր երկրի նախագահը ընտրվել է թաղի խուժանի, լիսլայի, լֆիկի և նրանց նմանների
    աջակցությամբ: Ի՞նչ բարոյական նորմեր պետք է ունենա այդ նախագահը, որը երկրի ներսում
    ինչպես տեսնում ենք խայտառակաբար կոծկում է նրանց ցանկացած հանցագործություն, ընդհուպ
    մինչև սպանությունն է արդարեցնում, նաև երկիրը պաշտպանող բարձրաստիճան սպային ծանր
    հրազենային վիրավորանքի դեպքում: Եթե ներկա լինեք՝ Վահե Ավետյանի դատավարությանը և
    տեսնեք մեղադրյալի աթոռին նստած 6 Սաֆարովնրի պահվածքը, ապա պարզ կլինի թե՛ ո՞ր երկրի
    մասին է խոսքը, և ինչպե՞ս կարող է նման երկիր որևէ տեղ՝ դեմք ունենա, երբ չունի բարոյական
    առանցք, այն կոտրվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, ապա գնդակոծվել 2008թ. մարտի 1-ին, որի հետևանքն է այսօրվա բյուջեի թալանը, երբ ավազակապետի արձագանքը ընդհամենը հետևյալն է՝ որ
    գյադեք թալանի չափերը մի քիչ շատ եք ասում, եկեք քչացնենք:
    Ի՞նչ եք կարծում այս ամենի մասին՝ Պուտինը կամ մյուսները տեղյակ չե՞ն, ոմ հետ գործ ունեն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30