Լրահոս
Օրվա լրահոսը

Օրակարգ եւ օրակարգից դուրս

Սեպտեմբեր 07,2013 14:05

Ռուսական Մաքսային միությունն ու հայկական հռետորական հնարքները

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է. «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում։ Մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը»։ Ու էլի ուրիշ բաներ: Բայց ամենակարեւորը «մեր քաղաքական օրակարգում մնում է» ձեւակերպումն է:

Տարիներ առաջ, երբ տեղեկության արտահոսք եղավ, եւ լրատվամիջոցները գրեցին, որ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին փոխարինելու է Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ իրենց քաղաքական օրակարգում չկա ԱԺ նախագահի փոփոխության հարց: ԱԺ նախագահը, սակայն, փոխվեց: Ու այսպես՝ միշտ. երբ նախարար է փոխվել կամ որեւէ այլ պաշտոնյա, ՀՀԿ-ն հերքել է տեղեկատվական արտահոսքն ու ասել, որ քաղաքական օրակարգում նման փոփոխության հարց չկա: Հիմա ասում է, թե ռուսական Մաքսային միությանը միանալու որոշումը քաղաքական օրակարգը չի փոխում, եւ մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Բայց օրակարգում մնալն ու գործնական քայլերը տարբեր բաներ են:

Հայ-թուրքական արձանագրությունները մեկ տարի մնացին քաղաքական օրակարգում եւ… զրո արդյունք: Մարտի մեկի ողբերգության արդարացի բացահայտման հարցը քաղաքական օրակարգում է եւ… զրո արդյունք: Երիտասարդ ակտիվիստների ճնշման տակ նահանջած Երեւանի քաղաքապետը օրակարգից չի հանում Երեւանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու նախաձեռնությունը: Այսպես շարունակ:

Քաղաքական օրակարգում չկա իշխանությանը Լինչի դատաստանի ենթարկելու նախաձեռնություն, բայց կա իշխանություններից օր առաջ ազատվելու ձգտում: Կա արդեն 20 տարի: Առայժմ… զրո արդյունք: Քաղաքական օրակարգում չկա այս կամ այն պաշտոնյային ծեծելու հարց, բայց կա պաշտոնյային արածի համար օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու պահանջ: Կա արդեն 20 տարի: Առայժմ… զրո արդյունք: Արտագաղթի դեմն առնելու պահանջ-հրամայական կա օրակարգում: Կա արդեն 20 տարի: Առայժմ… զրո արդյունք՝ արտագաղթը չի դադարում:

Ռուսական գազի գնի թանկացման՝ պայմանների վերանայման դեմ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների պայմանների վերանայման պահանջ կա քաղաքական օրակարգում: Պաշտոնական Հայաստանից՝ ոչ մի քայլ… զրո պատասխան:

Եթե անգամ հավատանք Վիգեն Սարգսյանին, թե մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա Հայաստանի փորձը վկայում է, որ դա դեռ չի նշանակում, թե համաձայնագիրը նախաստորագրվելու է:  Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելը կարող է մնալ մեր քաղաքական օրակարգում, ու ունենանք զրո արդյունք: Ինչպես հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում, այնպես էլ օրակարգում հարցի լինելը դեռ չի նշանակում քննարկում եւ գործողությունների հստակ ծրագիր: Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, ստորագրվելու համար, Վիլնյուսում սեղանին է դրվելու այս տարվա նոյեմբերի 29-ին: Հայաստանը կարող է ստորագրել եւ այդ հարցը լուծելով՝ հանել մեր քաղաքական օրակարգից: Կարող է եւ անակնկալ մատուցել եւ չստորագրել: Մոսկվայում մատուցած անակնկալի շարունակությունը կլինի: Ու նման «ազիզ» օրով էլ ի՞նչ քաղաքական օրակարգ: Վիգեն Սարգսյանը մի բան կասի, էլի: Հայկական հռետորական հնարքները կան ու կան:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30