Օրերս հայտնի դարձավ, որ Փոլ Մաքքարթնիի երկար սպասված նոր ալբոմը, որը հենց այդպես էլ վերնագրված է՝ New, լույս կտեսնի հոկտեմբերի 14-ին: Այդ մասին Մաքքարթնին հայտարարեց օգոստոսի 29-ին իր պաշտոնական կայքի միջոցով: Ալբոմի մասին մանրամասներից բացի, սըր Փոլը նաեւ կիսվել է նոր երգով, որը հասանելի է լսելու համար համացանցում: Այն նույնպես կոչվում է New: Այսպիսով, երաժիշտն ակնարկում է, որ ի տարբերություն 2012-ին թողարկված Kisses On The Botttom ձայնասկավառակի, որը հիմնականում բաղկացած էր հայտնի ստանդարտներից, New-ում տեղ են գտել միայն բոլորովին նոր ստեղծագործություններ: New-ը կդառնա Փոլ Մաքքարթնիի 16-րդ ստուդիական ձայնասկավառակը, եւ առաջինը՝ 2007-ի Memory Almost Full ալբոմից հետո, որում տեղ կգտնեն միայն նոր երգեր: iTunes-ում ալբոմի նախապատվերների էջը հաստատում է, որ New-ում կլինի 14 երգ:
Չնայած վերնագրին, նոր երգն ավելի շատ հիշեցնում է Մաքքարթնիի «Penny Lane»-ի ժամանակաշրջանի ստեղծագործությունները: Երգի պրոդյուսերն է բրիտանացի Մարկ Ռոնսոնը, ով նախկինում աշխատել է Եմի Ուայնհաուսի, Լեդի Գագայի եւ Բրունո Մարսի հետ: Փոլ Մաքքարթնին այսպես է նկարագրել երգը BBC 6 Music-ի հետ զրույցում. «Այն կպչուն է, այն ամառային է, այն սիրո մասին է: Ինձ թվում է՝ մարդիկ այն կճանաչեն որպես հստակապես իմը»: Ըստ եղած տեղեկությունների՝ Մարկ Ռոնսոնի հետ Մաքքարթնին ընդհանուր առմամբ ձայնագրել է երեք երգ:
Ընդհանրապես, նոր ձայնասկավառակի վրա Փոլ Մաքքարթնին աշխատել է չորս տարբեր պրոդյուսերների հետ: Բացի Մարկ Ռոնսոնից, աշխատանքներում ներգրավված են եղել նաեւ Փոլ Էփուորթը (Adele), Իթան Ջոնսը (Kings Of Leon) եւ The Beatles-ի պրոդյուսեր Ջորջ Մարտինի որդին՝ Ջայլզ Մարտինը: BBC 6 Music-ին տված հարցազրույցում լեգենդար երաժիշտը պատմում է. «Ձայնագրությունը շատ բազմազան է: Ես աշխատել եմ չորս պրոդյուսերների հետ, եւ նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ այլ բան է բերել»:
Իթան Ջոնսը Rolling Stone ամսագրի հետ զրույցում հիշել է Փոլ Մաքքարթնիի հետ ձայնագրվելու գործընթացը. «Առաջին օրն անկրկնելի էր: Նա ներս մտավ այդ հրաշալի երգով, մենք մի քանի միկրոֆոններ տեղադրեցինք եւ չորս ժամերի ընթացքում մենք արդեն ունեինք այդ հիանալի երգը: Երգն անասելի տրամադրություն ուներ իր մեջ, շատ հետաքրքիր խոսք եւ կատարումն էլ գերազանց էր: Այնուհետեւ մենք սկսեցինք երգի հետ փորձարկումներ կատարել, եւ ես մի փոքր փսիխոդելիկ տարօրինակություն դրան հաղորդեցի: Մենք զվարճանում էինք: «Օ՛, փորձիր սա: Արա՛ նա»: Ուղղակի շատ ոգեշնչող էր այնտեղ լինելը»:
Կարդացեք նաև
Այսպիսով, New-ն լույս կտեսնի հոկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայում եւ հոկտեմբերի 15-ին՝ ԱՄՆ-ում: Ալբոմի սովորական տարբերակը բաղկացած կլինի 12 երգից, իսկ deluxe տարբերակում կլինի 14 երգ (iTunes-ի միջոցով): Մոտակա շաբաթներին Փոլ Մաքքարթնիի պաշտոնական կայքում (https://www.paulmccartney.com/) ձայնասկավառակի մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ