Լիտվայի հայերի միության հովանավորչությամբ կազմակերպված բացօթյա գեղանկարչության միջազգային փառատոնին մասնակցում էին հայեր, ինչպես Հայաստանից, այնպես էլ 7 երկրներից, ինչպես նաեւ այլազգի նկարիչներ։
«Հետաքրքիր էր տեսնել Լիտվան հայ, հայաստանցի, նաեւ օտարազգի նկարիչների աչքերով,- մեր զրույցի ժամանակ ասաց Լիտվայի հայերի միության նախագահ Արայիկ Թունյանը,- փառատոնին 30 նկարիչ էր մասնակցում։ Այն նվիրված էր Լիտվայի հայերի միության ստեղծման 25-ամյակին եւ երախտիքի յուրօրինակ ձեւ էր՝ ուղղված Լիտվային եւ նրա ժողովրդին, ովքեր ջերմ ու բարի վերաբերմունք ունեն Հայաստանի եւ հայաստանցիների նկատմամբ»։
«Փառատոնի աջակիցներն էին նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» հիմնադրամը եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը,- մեր զրույցի ժամանակ ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը,- սրանով «Հայկական ներկապնակ» ծրագիրը կազմակերպեց Հայաստանից դուրս առաջին բացօթյա նկարչության միջազգային փառատոնը, որը լայն արձագանք ունեցավ Լիտվայում։ Վիսագինաս քաղաքը, որը փառատոնի անցկացման վայրն էր, շատ ջերմությամբ ընդունեց նկարիչներին, իսկ քաղաքապետ Դալյա Շտրաուպայտեն առաջարկեց ու հանձն առավ աջակցել, որ այն դառնա ավանդական»։
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հ.Գ. Միաժամանակ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը հայտնեց, որ երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 14-ին, ՀՀ նկարիչների միությունում կբացվի «Հայաստանի տաք գույները» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն «Հայկական ներկապնակ» ծրագրի շրջանակում՝ անցած տարվա հոկտեմբերին՝ Լոռու մարզի Օձուն գյուղում անցկացված բացօթյա գեղանկարչական 2-րդ միջազգային փառատոնի օրերին ստեղծված գեղանկարչական աշխատանքները։
«Առավոտ» օրաթերթ