Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Amnesty International». «Միայն արդյունավետ հետաքննությունը ցույց կտա, թե արդյոք իշխանությունները լուրջ են վերաբերվում մարդու իրավունքների ոլորտում իրենց ստանձնած պարտականություններին»

Սեպտեմբեր 07,2013 10:06

«Հայաստանի իշխանությունները պետք է մանրազնին եւ անհետաձգելի կերպով հետաքննեն Հայաստանի երկու ակտիվիստների ուղղությամբ իրականացված դաժան հարձակումը եւ երաշխավորեն, որ այն իրականացնողները պատասխանատվության ենթարկվեն», ըստ «Ամերիկայի ձայնի», նման հայտարարությամբ հանդես է եկել «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը:

«Հայաստանի իշխանությունները հանձն են առել ակտիվիստների անխոչընդոտ, անխափան, առանց խտրականության կամ վրեժխնդրության վտանգի աշխատանքի ապահովումը: Այս հանձնառությունը հարգելն այս կոնկրետ դեպքում նշանակում է միայն մեկ բան, այն է՝ երկու ակտիվիստների ուղղությամբ իրականացված հարձակման անկողմնակալ եւ արդյունավետ հետաքննությունն ու հարձակումը գործած անձանց հայտնաբերելն ու պատասխանատվության ենթարկելը», – ասել է կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով ծրագրի փոխտնօրեն Դմիտրի Կրիվոշեեւը:

Սուրեն Սաղաթելյանի եւ Հայկակ Արշամյանի վրա Հայկակի տան բակում սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամը 10-ի կողմերը հարձակում է գործել վեց անձ: Հարձակումը տեւել էր երկու րոպեից պակաս ժամանակ, սակայն հարվածներն ուղղված էին եղել տուժածների գլխին, ինչի հետեւանքով ակտիվիստները տեղափոխվել են հիվանդանոց:

Հարձակվողները կոտրել են Սուրեն Սաղաթելյանի քիթն ու մատը, գլխին հասցրած մի քանի հարվածի հետեւանքով նա գլխուղեղի ցնցում է ստացել: Հարձակումից հետո Սաղաթելյանին անմիջապես արվել է քթի վիրահատություն:

Հայկակ Արշամյանի այտին հասցված խորը վերքին անհրաժեշտ է եղել կարեր դնել:

Արշամյանը «Amnesty International»-ի հետ զրույցում համոզվածություն է հայտնել, որ ինքն ու Սուրեն Սաղաթելյանը թիրախներ են դարձել իրենց քաղաքացիական ակտիվ դիրքորոշման պատճառով: Նա որպես քաղաքացիական հասարակության եւ Հայաստանի անկախ ԶԼՄ-ների դեմ ուղղված է որակել այս հարձակումը:

Սուրեն Սաղաթելյանը «Transparency International» կազմակերպության Հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ է, բաժնի պետի պաշտոն է զբաղեցնում «World Vision-Հայաստան» քրիստոնեական մարդասիրական կազմակերպությունում:

Հայկակ Արշամյանը նույնպես անդամակցում է «Transparency International»-ի Հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդին, աշխատում է նաեւ որպես ծրագրի համակարգող Երեւանի մամուլի ակումբում ու նույն պաշտոնն է զբաղեցնում «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» հետազոտական կենտրոնում:

Ո՛չ Հայկակը, ո՛չ էլ Սուրենը չեն անդամակցում քաղաքական որեւէ կուսակցության կամ կազմակերպության, սակայն երկուսն էլ ակտիվորեն դեմ են հանդես գալիս Հայաստանի կառավարության կողմից Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ վերջերս կայացված որոշման:

Հայկակն «Amnesty International»-ին հայտնել է, որ երեք օր առաջ սոցիալական ցանցերում սկսել էր տեղադրել Եվրասիական միությանը միանալու մասին որոշումը քննադատող հաղորդագրություններ, ինչպես նաեւ մասնակցել էր Երեւանում նախագահական պալատի մոտ սեպտեմբերի 5-ին կազմակերպված բողոքի ցույցին: Նրա համոզմամբ, քանի որ ցույցի մասնակիցներ հիմնական մասը երիտասարդներ են եղել, ինքը համարվել էր ցույցի առաջնորդ եւ կազմակերպիչ՝ այն, ինչը Հայկակը հերքում է:

«Քաղաքացիական հասարակության մեջ ակտիվիստները պետք է իրականացնեն իրենց գործունեությունն անխոչընդոտ, անխափան, առանց խտրականության կամ վրեժխնդրության վտանգի: Իշխանությունները պարտավոր են առաջ քաշել խոսքի ազատության, հավաքների եւ միություններ կազմելու իրավունքները: Միայն արդյունավետ հետաքննությունը ցույց կտա, թե արդյոք իշխանությունները լուրջ են վերաբերվում մարդու իրավունքների ոլորտում իրենց ստանձնած պարտականություններին», – շեշտել է «Amnesty International»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով ծրագրի փոխտնօրեն Դմիտրի Կրիվոշեեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30