Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում է

Սեպտեմբեր 06,2013 23:54

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ:
Նախարարը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ եղել է Մեղրիում, որտեղ նոր հիվանդանոց է կառուցվում, այնուհետեւ այցելել Քաջարան, ծանոթացել վերակառուցված պոլիկլինիկայի պայմաններին, իսկ օրվա վերջում հանդիպում ունեցել  Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում, ուր Կապանի բժշկական հաստատությունների աշխատակիցները մեկ ժամից ավելի սպասում էին նրա այցին: Դերենիկ Դումանյանը ներկայացրեց իր ղեկավարման ընթացքում առողջապահության ոլորտում կատարված փոփոխությունները, խոսեց առաջիկայում սպասվելիք բարեփոխումների մասին եւ պատասխանեց տեղի բժիշկներին մտահոգող հարցերին:

bjishkner

Նախարարն անդրադարձավ նաեւ մարզի առողջապահության ոլորտում կատարված եւ կատարվելիք ծրագրերին: «Կապանի հիվանդանոցի մասնաշենքում արդեն սկսվել է հիմնանորոգման շինարարությունը, որը լայն թափով է ընթանում: Կապանի հիվանդանոցի վրա մենք մոտ 2 մլն դոլար գումար ենք ծախսելու, կահավորված է լինելու ժամանակակից սարքավորումներով, եւ կարծում եմ, մեր Կապանի ազգաբնակչությունը ավելի հարմարավետ եւ ավելի արդիական բուժում կստանա նման հիվանդանոցում: Մեղրիում նոր հիվանդանոց է կառուցվում զրոյից՝ Ագարակի եւ Մեղրու մեջտեղում, 45 մահճակալանոց եւ ժամանակակից հիվանդանոց կունենանք, կառավարությունն այդ նպատակներով մոտ 3 մլն դոլար գումար է նախատեսել: Քաջարանում Մաքսիմ Հակոբյանի օգնությամբ նախկին պոլիկլինիկան վերակառուցվել է, էնտեղից եմ գալիս, անկեղծ ասեմ հիացած եմ, փոքրիկ, հարմարավետ, շատ ժամանակակից հիվանդանոց է կառուցվել՝ հագեցած ամենավերջին սերնդի սարքավորումներով: Գորիսում եւս ունենք ժամանակակից հիվանդանոց», – նշեց պարոն Դումանյանը եւ հավելեց, որ մարզում միայն Սիսիանն է, որտեղ հիվանդանոցում շենքային պայմանների բարելավման  աշխատանքներ չեն տարվել եւ Սիսիանը դեռ պետք է սպասի մի առ ժամանակ:

Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ առողջապահության համակարգում մեկ տարի է լուրջ ծրագրեր են մշակել եւ լուրջ բարեփոխումներ են սպասվում առաջիկայում:  2015թ-ի հունվարի 1-ից ամբողջությամբ անցում է կատարվելու դեպի պետական ապահովագրական համակարգի: Իսկ 2014.թ-ի հունվարից 40-60 տոկոսով կբարձրացվեն ընտանեկան բժիշկների աշխատավարձերը, բայց փոխարենը բժիշկներից պահանջելու են բարձր որակի աշխատանք: Բեռնաթափվել են մայրաքաղաքում կենտրոնացված  գերակշռող գումարները եւ ուղղվել մարզերի բուժհաստատություններին:

«Բոլոր ծառայությունների գծով մեր ընդհանուր բյուջեի միջոցների 30 տոկոսը գնացել էր մարզեր, իսկ 70 տոկոսը Երեւանում է մնացել: Երեւանում ազգաբնակչության 35 տոկոսն է ապրում, 65 տոկոսը՝ մարզերում: Մարզերում մեկ ծննդի համար 85 հազար դրամ գումար էին սահմանել, իսկ Երեւանում երրորդ մակարդակի հիվանդանոցում՝ 137 հազար դրամ, 42 հազարով ավելի, երկրորդ մակարդակի ծննդատներում՝ 115 հազար դրամ էր: Այդ հիվանդանոցներում, գներն իջեցրեցի, իսկ գյուղերինը՝ բարձրացրեցի», -ասաց պարոն Դումանյանը, ով շարունակեց ներկայացնել նաեւ մյուս փոփոխությունները: Իսկ հանդիպման ներկա գտնվող բժիշկները բարձրացրեցին մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին մասնագետների վերապատրաստման հարցերին, ապահովագրական ընկերությունների հետ կապված խնդիրներին:  Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը նախարարին տեղեկացրեց, որ ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված հիվանդին առաջին 5 օրն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում, բուժում են ինչպես հարկն է, բայց հենց հերթը հասնում է պլանային բուժման, ապահովագրական ընկերությունները պատվեր կատարելով՝ հիվանդին տեղափոխում են այս կամ այն կլինիկա, ինչը հիասթափեցնող է համարում ու անընդունելի:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն էլ բուժաշխատողների հետ կայացած հանդիպման ավարտին նշեց, որ մարզին բնորոշ խնդիրների վերաբերյալ առանձին քննարկումներ կարվեն տեղի բուժհաստատությունների ղեկավարների հետ:

«Առողջապահական համակարգը դա մեր ռազմավարության անվտանգության կարեւորագույն էլեմենտներից մեկն է եւ տարածքային համաչափ զարգացման ծրագրերի շրջանակներում կփորձենք բոլոր այդ խնդիրները  դիտարկել: Կարծում եմ, որ շենքային բարելավված պայմաներում ու տեխնիկական հագեցվածության պարագայում, ակնկալվող արդյունքներն առաջիկայում շոշափելի կլինեն: Տեսադաշտից դուրս չեն մնա նաեւ կադրերի վերապատրաստման ու որակավորման բարձրացմանն ուղղված մյուս անելիքները», – հավելեց մարզպետը եւ համոզմունք հայտնեց, որ համալիր ծրագրի արդյունքում արդյունավետ լուծումներ կգտնվեն:

Վաղն առավոտյան առողջապահության նախարարը կայցելի Կապանի բժշկական կենտրոն, կծանոթանա հիվանդանոցի մասնաշենքերի վերակառուցման աշխատանքներին եւ այցի շրջանակներում այնուհետեւ կմեկնի Գորիս ու Սիսիան:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30