Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական ինտեգրման ուղղություններից մեկի ստորադասումը մյուսին անհեռատես, անհիմն քայլ է` լի բազում մարտահրավերներով»

Սեպտեմբեր 06,2013 20:34

«Եվրոպական Ինտեգրացիա» հասարակական  կազմակերպության վարչության հայտարարությունը Մոսկվայում  Մաքսային Միությանը միանալու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի ` 2013 թվականի սեպտեմբերի 3-ին  ստորագրած հայտարարության եւ դրան հաջորդող զարգացումների վերաբերյալ

«Եվրոպական Ինտեգրացիա» Հասարակական կազմակերպությունը ՀՀ եվրաինտեգրման և ԱՊՀ տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների առումով`

  • համոզմունք է հայտնում, որ եվրաինտեգրումը որևէ կերպ չի կարող ստորադասվել ՀՀ այլ ինտեգրացիոն գործընթացներին,
  • ընկալելի եւ ընդունելի է համարում ՀՀ-ի կողմից վերջին շրջանում հռչակված և կիրառված «և-և» տարբերակը, ինչպես նաև տնտեսական ինտեգրման հարթությունում «արդյունավետության» թեզի կիրառումը`հաշվի առնելով, որ ՀՀ եվրաինտեգրման գործընթացի ներքո հանրության կյանքի գրեթե բոլոր ոլորտներում իրականացվող և ակնկալվող լայնածավալ բարեփոխումները, երկրի ապագայի տեսլականը միարժեքորեն պետք է համադրվեն ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների, ՀԱՊԿ միասնական անվտանգության համակարգի ներքո երկկողմ և բազմակողմ խորը կապերի և զարգացող հարաբերությունների հետ,
  • կարեւորում է, որպեսզի ՀՀ գործընկերները` ինչպես Մաքսային Միությունը (այսուհետ` ՄՄ), այնպես էլ ԵՄ-ն եւ նրա անդամ-երկրներն ընկալեն ՀՀ առանձնահատուկ վիճակը` «և-և» բանաձեւի մաքսիմալ կիրառմամբ` երբեւէ հարցականի տակ չդնելով դրա իրագործման հնարավորությունը,
  • ընկալում է ՀՀ եւ ՌԴ նախագահների համատեղ հայտարարությունը (Մոսկվա, 3 սեպտեմբերի, 2013թ)` որպես   «և-և» բանաձեւի ներքո իրականացված քայլ` ակնկալելով, որ տնտեսական ինտեգրման գործընթացները կզարգանան երկու ուղղությունների համադրման ճանապարհով եւ ընդունելի կլինեն ՀՀ-ի թե’ ԵՄ, թե’ ՄՄ գործընկերների կողմից,
  • ողջունում է Եվրոպական հանձնաժողովի` «Հայաստան. վերջին զարգացումների շուրջ ԵՄ դիրքորոշումը» հուշագիրը /Armenia: EU position on the latest developments”, European Commission – MEMO/13/766   04/09/2013 / (Բրյուսել, 4 սեպտեմբերի, 2013), որտեղ մասնավորապես նշվում է. «Ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ԱԱ/ԽՀԱԱՀ–ն բոլորի համար շահեկան բարեփոխումների նախագիծ է և ոչ թե զրոյական ելքով խաղ և կարող է համատեղվել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ», ինչպես նաև  ԵՄ գործընկերների` փաստաթղթի տրամաբանությունից բխող հայտարարությունները,
  • հույս է հայտնում, որ ԵՄ հանձնաժողովի այս դիրքորոշումը կմնա անփոփոխ` ԵՄ եւ ԱլԳ գործընկերների` Վիլնյուսում նախանշված գագաթաժողովում հասնելով իր տրամաբանական հանգրվանին. այն է` ՀՀ եւ ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի (այսուհետ` ԽՀԱԱՀ) կամ նրա նորացված տարբերակի  նախաստորագրմանը,
  • անընդունելի է համարում  ՀՀ տարբեր պաշտոնյաների կողմից տարբեր մակարդակներով հնչեցրած այն հայտարարությունները, որոնք հակասում են  ՀՀ տնտեսական ինտեգրման գործընթացների համադրման «և-և» սկզբունքին, դրա տրամաբանությանը եւ հոգեբանությանը` մասնավորապես.
    • «Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը»:
    • «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը (ԽՀԱԱՀ) անհամատեղելիէ Մաքսային Միության անդամակցությանը» եւ այլ:
  • ամրագրում է, որ տնտեսական ինտեգրման ուղղություններից մեկի ստորադասումը մյուսին անհեռատես, անհիմն քայլ է` լի բազում մարտահրավերներով:

     Հաշվի առնելով վերը շարադրվածը` «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ-ն կոչ է անում  ՀՀ իշխանություններին.

  •  ամենաբարձր մակարդակով հանդես գալ միանշանակ հայտարարությամբ, որտեղ հստակորեն կշեշտադրվի ԵՄ գործընկերների հետ առկա պայմանավորվածություններին հավատարիմ մնալու եւ Վիլնյուսում ՀՀ-ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագիրը ու ԽՀԱԱՀ (կամ նրա նորացված տարբերակը) նախաստորագրելու պատրաստակամությունը` առանց նշված փաստաթղթերի անհարկի եւ միակողմանի կրճատումների,
  •  հնարավորինս բարձր մակարդակով դիմել ԵՄ եւ ՄՄ գործընկերներին` առաջարկելով ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի ՄՄ-ին և ԵՄ ԽՀԱԱԳ-ին միաժամանակյա միանալու դեպքում երկու գործընթացների հնարավոր անհամատեղելիությունը` առաջարկներ ներկայացնելով դրանց հաղթահարման ուղղությամբ: Այդ առաջարկները կապահովեն ԵՄ ԽՀԱԱՀ-ի (կամ նրա նորացված տարբերակի) նախապատրաստումից ստորագրում անցումը, ինչպես նաև ՄՄ անդամակցման ընթացակարգը (նշված մեխանիզմը կարող է կիրառելի լինել նաև այլ գործընկերների համար):

ՀՀ գործընկերներից (ԵՄ, ՄՄ անդամներ) որեւէ մեկի անհամաձայնությունը       նման առաջարկին կնշանակի ՀՀ նկատմամբ հարկադրանքի եւ շանտաժի   քաղաքականության կիրառում,

  • ներդնել ջանքեր` ուղղված հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության բոլոր փուլերում ՀՀ քաղաքական բոլոր ուժերի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների կառուցողական ներգրավմանը` հանձնաժողովի գործունեության արդյունավետությունն ապահովելու նպատակով,
  • պետության և հանրության շահերին անմիջականորեն առնչվող հարցերում որոշումների կայացման գործընթացը դարձնել առավել մասնակցային, կանխատեսելի, ընկալելի եւ թափանցիկ,
  • հանրությանը ներկայացնել տնտեսական ինտեգրման գործընթացների արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից բխող (ՀՀ ապաշրջափակում, աբխազական երկաթուղու բացում, հայ-իրանական երկաթուղու կառուցում և գործարկում) քայլերի շրջանակում գործընկերներից (ԵՄ, ՄՄ) ստացված երաշխիքները:

ԵՄ ղեկավարությանը եւ անդամ երկրների կառավարություններին.

  • սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ եռակողմ հանձնաժողովի ձեւավորման նախաձեռնությունը եւ արդյունավետ գործունեության ապահովումը,
  • ջանքեր ներդնել ՀՀ – ԵՄ ինտեգրման գործընթացների արդյունավետության ապահովման նպատակով հայ-թուրքական սահմանի բացման, ՀՀ-ի ապաշրջափակման ուղղությամբ:

 

      ՄՄ գործընկերներին.

  • սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ եռակողմ հանձնաժողովի ձեւավորման նախաձեռնությունը եւ արդյունավետ գործունեության ապահովումը,
  • ջանքեր ներդնել ՀՀ-ՄՄ գործակցության արդյունավետությունը ապահովելու նպատակով աբխազական երկաթուղու բացման, հայ-իրանական երկաթգծի կառուցման և գործարկման, ՀՀ ապաշրջափակմանն ուղղությամբ:

 

ՀՀ եւ ԵՄ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին

  • սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ հանձնաժողովի ձեւավորմանը եւ արդյունավետ գործունեությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30