Ամերիկայի Միացյալ նահանգներից Հայաստան է ժամանել աշխարհահռչակ շեփորահար Ադամ Ռապան, ում ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 7-ին, հայտնի հայ սաքսոֆանահար Արմեն Հյուսնունցի, Հայաստանի պետական ջազ նվագախմբի, ինչպես նաեւ հենց հեղինակի` Ադամ Ռապայի կատարմամբ: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հայտնեց սաքսոֆանահար եւ նվագախմբի դիրիժոր Արմեն Հյուսնունցը: «Պետական ջազ նվագախմբի համար սա նոր քայլ է, նոր մասնագիտական սանդղակ: Շատ ուրախ ենք համագործակցել իսկապես նախանձելի երաժշտի հետ, ով իր հեղինակած եւ իր իսկ գործիքավորմամբ ստեղծագործություններն է բերել»,- ասաց նվագախմբի դիրիժորը:
Ըստ նրա` համերգի երգացանկը նախատեսված է լայն ճաշակով ունկնդրի համար: Համերգի ընթացքում առաջին անգամ կհնչեն Րապայի հեղինակած հայտնի եւ անհայտ ստեղծագործություններից մի քանիսը, հանրահայտ արգենտինացի, նոր տանգոյի հիմնադիր Աստոր Պիացցոլլայի Սյուիտը, ինչպես նաեւ որոշ երաժշտական անակնկալներ, որոնց մասին դիրիժորը չբարձրաձայնեց:
Ամերիկացի շեփորահարը չափազանց ոգեւորված էր Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ` հատկապես հաշվի առնելով Հայաստանի հարուստ պատմությունը: Վերջինս լինելով մի շարք երկրներում, առաջնահերթ կարեւորում է մարդկային փոխհարաբերությունները: Սիրում է ֆոլք ժանրը եւ նախընտրում է ֆլամենկոյի, հնդկական երաժշտության եւ ջազի միախառնմամբ ստեղծված երաժշտությունը
Արմեն Հյուսնունցի փոխանցմամբ` Ադամի ժամանման մեջ իր ներդրումն ունի մոսկվայաբնակ գործարար Սամվել Ավետիսյանը. «Ինքն է ծանոթացել Ադամի հետ և իր միջամտության և աջակցության Ադամն այսօր այստեղ է»,-ասաց նա` կարեւորելով ջազ երաժշտությունը, ինչպես ինքն է ասում. « Որակյալ ջազը վարակիչ երեւույթ է»:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ