Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի վարկածը. «Սերժ Սարգսյանը մեսիջ է ուղարկել իր թիմին, որ ավարտված ֆիգուր չէ»

Սեպտեմբեր 06,2013 18:38

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Դա հիմնականում մեկնաբանվում է այսպես՝ որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի ուզում հրաժարվել վարչապետի պաշտոնից: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ինքն այլ վարկած ունի. «Սերժ Սարգսյանը հայտնվել է այն նույն սինդրոմի մեջ, ինչը ԱՄՆ-ում հայտնի է որպես «կաղ բադիկի սինդրոմ»:

Այսինքն, նախագահը, որը գտնվում է երկրորդ ժամկետում, քանի որ չի կառավարելու այլեւս, նրան արդեն շատ քչերն են լսում: Նրա հեղինակությունն ինչ-որ բան  իրագործելու արդեն թուլանում է: ԱՄՆ-ի դեմոկրատական կառավարման այդ համակարգում դրա էֆեկտն այդքան ուժեղ չի, իսկ Հայաստանում, քանի որ չկա ինստիտուցիոնալ կառավարման համակարգ եւ ամեն ինչ ավելի շատ անձերի վրա է, այդ «կաղ բադիկի սինդրոմը» շատ ավելի մեծ հետեւանքներ ունի»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, այսօր Սերժ Սարգսյանի շրջապատում բոլորը հասկանում են, որ սա իր վերջին ժամկետն է, եւ ամեն մեկն իրեն պատկերացնում է հաջորդ նախագահ. «Ամեն մեկը սկսել է ստեղծել իր քաղաքական հենարանը: Ամեն մեկը խաղերի մեջ է մտնում: Իրենց համար Սերժ Սարգսյանը արդեն անցողիկ մի ֆիգուր է: Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցում է այդ վտանգը, ինքը հասկանում է, որ օրեցօր դա խորանալու է: Ինչքան մոտենա իր ժամկետի ավարտին, այնքան այդ ճնշումները ուժեղանալու են եւ ինքը գնալով ավելի անկառավարելի իրավիճակ է ստանալու՝ հենց իր թիմի ներսում: Ամեն մեկը մտածելու է, թե ով է լինելու մյուս նախագահը: Ահա այս իրավիճակում ինքն այս հնարքը մտածել է, որը յուրահատուկ մեսիջ է ավելի շատ իր թիմին, որ հնարավոր է անցում՝ դեպի խորհրդարանական կառավարման համակարգ: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կարող է պահպանել իր իշխանությունը՝ որպես վարչապետ: Եթե Սահմանադրական փոփոխություն չի արվում, Սերժ Սարգսյանը բոլորի համար ավարտված ֆիգուր է, եթե դա արվում է, ուրեմն պահպանվում են շանսեր: Սա ավելի շատ ուղղված է իր թիմին՝ նրանց սթափեցնելու եւ նրանց ձգտումները զսպելու համար: Այս պահին դա Սերժ Սարգսյանի համար օժանդակ փրկօղակի նման մի բան է, որը պետք է շատերի մոտ պատրանք ստեղծի, որ ինքը պահպանելու է իր իշխանությունը 5 տարի հետո էլ»:

Մեր հարցին՝ Սահմանադրական բարեփոխումների այդ հանձնաժողովում Կոնգրեսը կընդգրկվի՞, եթե իշխանությունը նման մտադրություն ունենա խորհրդարանական եւ արտախորհրդարանական այլ ուժերից էլ ընդգրկել՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Դուք ե՞րբ եք տեսել, որ Կոնգրեսը մասնակցի իշխանական որեւէ խաղին, ե՞րբ է նման բան եղել: Մենք կարող ենք մասնակցել միայն իշխանության հետ այնպիսի շփումներին, որոնք ուղղված են անցմանը դեպի ժողովրդավարություն, բայց այստեղ մենք նման բան չենք տեսնում: Ոնց որ մենք, օրինակ, երկխոսության ժամանակ ենք արել՝ մենք բանակցում էինք՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման շուրջ: Դա նորմալ է, բայց Սահմանադրական փոփոխության շո՞ւրջ: Ի՞նչ Սահմանադրություն: Նրանք Սահմանադրությունից բա՞ն են հասկանում, նրանք հարգո՞ւմ են Սահմանադրությունը: Ամենաշատը Սահմանադրությունը բռնաբարած մարդիկ իրենք են եւ այդ մարդիկ բարեփոխում են հիմա Սահմանադրությու՞նը եւ մենք էլ գնանք իրենց օգնե՞նք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Քաղաքականությունը խաղ չէ, որը հաճախ է մոռանում պարոն նախագահը, որ տարվի ոչինչ ժողովրդի ջանին մուննաթ, իրեն մնում է խաղից ստացած բավարարվածությունը: Քաղաքականությունը մեծ գիտելիքներ, պատմությունից ժառանգած փորձի իմացություն և ինչու չէ նաև արդարամտություն իր ժողովրդի և պետության հանդեպ, որը մեր պետական այրերը չունեն, քաղաքականուրյանը վերաբերվում են , որպես բիզնեսի…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30