Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Ռուբինյան. «Պարզ չի՞, որ նույն այսօրվա իշխանական թայֆան լցվելու է խորհրդարան»

Սեպտեմբեր 06,2013 18:22

«Մեկ տարի առաջ համարյա բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, բացառությամբ Կոնգրեսի, կարծիք հայտնեցին, որ նպատակահարմար է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին: Այդ ժամանակ իշխանական թեւը ոչ միայն չողջունեց այդ նախաձեռնությունը, այլ նաեւ դրան դեմ էր խոսում: Հիմա ինչ-ինչ հաշվարկներ են արել եւ որոշել են գնալ դրան»,- այսօր Aravot.am–ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու նոր հրամանագրի մասին այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:

Թե ինչու է իշխանությունը հիմա որոշել երկրի կառավարման համակարգը փոխել, ըստ Կարապետ Ռուբինյանի, ունի իր բացատրությունը. «Առաջին բանը, որ մտքիդ գալիս է՝ սա է. Սերժ Սարգսյանն այնքան է սիրում իր աթոռը, որ երեւի փորձում է իր համար մի նոր աթոռ ստեղծել, որին կարող է նստել՝ առանց Սահմանադրությունը խախտելու: Ինչպես գիտեք, մեր ներկայիս Սահմանադրությամբ նա այլեւս իրավունք չունի նախագահ դառնալու: Սա ամենամակերեսին գտնվող ենթադրությունն է, իսկ մնացածը կտեսնենք՝ ըստ հանձնաժողովի կազմի եւ նրա  գործունեության: Դեռ մենք չգիտենք՝ ընդդիմադիր ուժերից, ոչ պառլամենտական ուժերից, քաղաքացիական ուժերից ընդգրկում կա՞, թե՞ չէ: Ամենայն հավանականությամբ, ոչ մեկին էլ չեն ընդգրկի, այսինքն, էլի իրենց թայֆայով պիտի տապակվեն, իսկ դրանից լավ բան սպասել չի կարելի»:

Մեր հարցին՝ ընդդիմադիրներից ոմանք ասում են, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը, ամեն դեպքում, ռեալ փոփոխություն կբերի մեր երկրին, Դուք նման փոփոխություն սպասո՞ւմ եք՝ Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե դա ինչ ռեալ փոփոխության կբերի, որովհետեւ միմիայն խորհրդարանական կառավարման համակարգին անցումը մեխանիկորեն ոչինչ չի տա: Խորհրդարանական համակարգը նաեւ նշանակում է շատ ուժեղ, անկախ կուսակցություններ: Իսկ մենք գիտենք, որ չունենք եւ չենք էլ ունենա նման ուժեր, եթե ընտրական մեխանիզմը վերջապես չսկսի գործել: Իսկ եթե ազատ, անկախ ընտրություններ չլինեն, պարզ չի՞, որ նույն  այսօրվա իշխանական թայֆան լցվելու է խորհրդարան եւ հետո էլի միանձնյա ղեկավարելու է երկիրը»:

Կարապետ Ռուբինյանն ընդգծեց, որ ինքն անձամբ խորհրդարանական կառավարման համակարգի վաղեմի ջատագովն է:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հոպ says:

    Առաջին հերթին պետք է ընդունվի պատգամավորներին հարկ եղած դեպքում ետ կանչելու եվ դրա իրագործման մեխանիզմի մասին օրենք, որը դեռ 1993-ին խոսատացան ու հավետ մոռացան

    ;

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30