Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Լյուդմիլա Սարգսյանի կարծիքը որեւէ կապ չունի ֆրակցիայի կարծիքի հետ»

Սեպտեմբեր 06,2013 18:17

«Որ Սերժ Սարգսյանն իրեն է նվաստացրել, դա մեր խնդիրը չի: Պրոբլեմն այլ է՝ նա նվաստացրել է մեր ամբողջ ազգը՝ այս շրջադարձերով, այս անհետեւողականությամբ, ճնշումների նկատմամբ այս խոցելիությամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա հայտարարեց, որ «Այսօր եթե ինչ-որ մեկը կատեգորիկ ձեւով ասում է, որ այս պայմանագիրը, համաձայնագիրը ճիշտ է, ինձ համար արդեն կասկածելի է, որովհետեւ նշանակում է, որ այդ մարդը ղեկավարվում է ոչ թե վերլուծությամբ, ոչ թե ծանոթացել է այդ համաձայնագրի տեքստի հետ, ոչ թե հաշվարկել է դրանից բխող քաղաքական հետեւանքները, այլ ինքն ունի ցուցում, ունի կանխակալ ինչ-որ ուղղվածություն եւ պատկերացում՝ այդ համաձայնագրի մասին: Դրա համար ինձ համար շատ կասկածելի են ե՛ւ Մաքսային միության ջատագովները, ե՛ւ Եվրոասոցացման պայմանագրի: Եթե դու ծանրակշիռ, լուրջ քաղաքական ուժ ես, դու իրավունք չունես նման անհիմն, չմտածված քայլերի եւ հայտարարությունների համար»:

Լրագրողները հիշեցրեցին, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորներից մեկը՝ Լյուդմիլա Սարգսյանը ասել է, որ կողմ է Մաքսային միությանը եւ ողջունում է այդ քայլը, ուրեմն նա ցուցո՞ւմ  է ստացել, կամ լուրջ քաղաքական ուժ չէ՞: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Բացառություններ լինում են: Լյուդմիլա Սարգսյանի արտահայտած կարծիքը բացառապես իր անձնական եւ իր կուսակցության կարծիքն է: Խմբակցությունը չունի օրենքով տրված լիազորություն՝ պարտադրելու խմբակցության դիրքորոշումը՝ իր որեւէ անդամի վրա: Ես ընդհանուր երեւույթի մասին եմ խոսում: Հիմա Լյուդմիլա Սարգսյանը կարող է եւ անկեղծ է արտահայտել իր դիրքորոշումը, ես վստահ եմ, որ անկեղծ է նման բան կարծում: Խոսում եմ ընդհանուր տենդենցի մասին: Լյուդմիլա Սարգսյանը արտահայտել է իր կուսակցության կարծիքը: Այդ կարծիքը որեւէ կապ չունի ֆրակցիայի կարծիքի հետ: Ֆրակցիայի դիրքորոշումներն այլ են: Մենք քննարկել ենք, եւ Լյուդմիլա Սարգսյանը երեկվա այդ նիստին չի եղել՝ հարգելի պատճառով: Նա վատառողջ էր: Մենք ունենք մեր դիրքորոշումները, նաեւ համարում ենք սա նորմալ դեմոկրատական երեւույթ, որ խմբակցության անդամը կարող է ունենալ դիրքորոշում, որը  չի համընկնում մեծամասնությամբ ընդունած խմբակցության դիրքորոշման հետ»:

Լեւոն Զուրաբյանից նաեւ տեղեկացանք, որ ՀԱԿ խմբակցության երեկվա քննարկմանը ներկա չեն եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30