Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չի լուծվի առկա խնդիրների ճնշող մեծամասնությունը, բայց սա մեկ քայլ առաջ է». Արփինե Հովհաննիսյանը գրագողության դեմ օրենքի մասին

Սեպտեմբեր 06,2013 18:10

Այսօր՝ սեպտեմբերի վեցին, տեղի ունեցավ «Հեղինակային իրավունքի հիմնախնդիրները առցանց ԶԼՄ-ներում. օրենք եւ ինքնակարգավորում» խորագրով համաժողով, որը կազմակերպվել էր «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Միջոցառման քննարկվող թեմաներն էին՝ հեղինակային իրավունքի պաշտպանության ինքնակարգավորման մեխանիզմները առցանց ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ՝ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Համաժողովին ներկա էր նաեւ օրենքի համահեղինակներից մեկը՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը իր խոսքում նշեց, որ կարեւոր է, որ հասարակության երկու սեկտորները՝ լրագրողները եւ օրենսդիրը միավորվել են այսքան կարեւոր հարցի քննարկման շուրջ:

«Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ի նախագահ Սուրեն Դեհերյանն էլ նշեց, որ հատկապես 2013 թվականին հեղինակային իրավունքի պահպանման եւ գրագողության դեմ պայքարին ուղղված քննարկումներն ավելի ակտիվ բնույթ էին կրում: Նա հիշեցրեց, որ արդեն վեցերորդ տարին է՝ իրենց կազմակերպությունը տարբեր ձեւերով փորձում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին սովորեցնել, թե ինչպես կիրառել այլընտրանքային մեդիագործիքները. կազմակերպվել են սեմինարներ, կատարվել է առցանց լրատվամիջոցների մշտադիտարկում, եղել է առաջարկների փաթեթի մշակում եւ վերջերս արված քայլը առցանց լրագրողի ուղեցույցի պատրաստումն է:

Պարոն Դեհերյանը կարծիք հայտնեց, որ գուցե շուտով առցանց մեդիան փոխարինելու գա ավանդականին. «Եթե ավանդական մեդիան տեղափոխվում է առցանց, ուրեմն տպագիր տարբերակների գոյությունը չի արդարացվի: Մենք պետք է հասկանանք, որ այն միջավայրը, որտեղ վաղը մարդ պետք է արտահայտվելու հնարավորություն ունենա եւ ինֆորմացիա ստանա, պետք է վստահելի ու անվտանգ լինի: Դրա համար պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն»,- ասաց նա:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ երբ լրատվամիջոցների կողմից բարձրաձայնվեցին գրագողության հետ կապված խնդիրները, նա զարմացավ. «Իմ առաջին արձագանքը հետեւյալն էր. բայց դուք ունեք մեխանիզմը, ինչի՞ չեք պայքարում»:

Արփինե Հովհաննիսյանը անկեղծացավ՝ օրենքն ամբողջությամբ նոր չէ, այլ որոշակի սահմանումների պարզաբանում եւ հստակեցում է՝ լրատվամիջոցների իրավունքները պաշտպանելու համար: «Անկեղծ ասած, ես հեռու եմ այն մտքից, որ այս նախագծով կլուծվեն գրագողությանը վերաբերող բոլոր տեսակի խնդիրները կամ ավելին ասեմ՝ չի լուծվի առկա խնդիրների ճնշող մեծամասնությունը, բայց սա մեկ քայլ առաջ է եւ հենց այն պատճառով, որ լրատվական կայքերի ճնշող մեծամասնությունը դրան համաձայն են»,- ասաց նա:

Օրենքի մշակման համահեղինակը մատնանշեց, որ տիրող իրավիճակը կարող է շտկվել միայն այն դեպքում, երբ լրատվամիջոցների ղեկավարները հեղինակային իրավունքի խախտման դեմ պայքարեն դատավարական ընթացակարգով, լինի դատական պրակտիկա եւ ունենանք նախադեպեր:

ԱԺ պատգամավորը նշեց, որ օրենքի նախագծի քննարկումը կլինի սեպտեմբերի 9-12-ի քառօրյայում:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30