Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Ինչ-որ իմաստով ԵՄ-ին հասնում է»

Սեպտեմբեր 06,2013 18:09

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ ենք ասել, որ ԵՄ-ն արդեն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում՝ Մաքսային միություն մտնելու հայտարարության համար: Նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նման պարզունակ մոտեցումներ չպիտի լինեն: Հիմա ամեն մի հայտարարություն, մի քիչ կոշտություն կամ մի քիչ փափկություն գնահատում են որպես արձագանք՝ Արեւմուտքի կողմից: Դա այդքան պարզունակ չի: Կարող է զուգադիպել է: Ես չեմ կարծում, որ հիմա ամեն մի հայտարարություն պետք է մեկնաբանել՝ որպես Արեւմուտքի վերջնական ռեակցիա:

Արեւմուտքն էլ դիվանագիտություն գիտի անել: Եթե անգամ շատ ջղայնացած լինի Սերժ Սարգսյանի այս որոշման վրա, նաեւ հասկանում է, որ դա չի նշանակում, որ Հայաստանի հետ պետք է խզել կապերը: Նա հասկանում է, որ միեւնույն է, պետք է շարունակի ինչ-որ հարաբերություններ, ինչ-որ երկխոսություն՝ Հայաստանի հետ: Մի հայտարարություն ավելի կոշտ էր, մյուսն ավելի փափուկ էր, այսինքն, նորմալ դիվանագիտական պրոցես է:

Բայց, ընդհանուր առմամբ բնական է, որ արեւմտյան բազմաթիվ երկրների քաղաքական  վերնախավը, որը Հայաստանից շատ մեծ ակնկալիքներ ուներ այս առումով, գտնվում է շատ հիասթափված վիճակում: Ինչ-որ իմաստով, կներեք, իրենց հասնում է, որովհետեւ, եթե նրանք, հակառակ մեր բոլոր պնդումներին, մեր բոլոր տեղեկություններին հավատացել են, որ այդ մարդուն կարելի է վստահել, ուրեմն՝ մեղքը իրենց վիզը»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ առաջ եվրոպական կառույցները բացառում էին «եւ-եւ» տարբերակը, իսկ հիմա ասում են, որ մի համաձայնագիրը մյուս պայմանագրին չի հակասում՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Եթե մենք  փորձենք դատել նրանց հայտարարություններով՝ հակասական պատկեր է ստեղծվում, որովհետեւ մեկ Շվեդիայի արտգործնախարարը գրում էր, որ 180 աստիճանի շրջադարձ եղավ, մեկը ավելի փափուկ հայտարարություն է անում: Չի կարելի այս հայտարարությունների հիման վրա, առավել եւս, որ դրանք փոխադարձ հակասության մեջ են գտնվում, չի կարելի դրանց հիման վրա դատել: Սա  մի քիչ ավելի բարդ դիվանագիտական պրոցես է, որին պետք է հետեւել եւ կամաց-կամաց հասկանալ, թե ինչ  գիծ է ձեւավորվում:

Եթե ուզում եք ճիշտը, իրենք էլ չգիտեն, թե ինչ ռեակցիա տան: Ասենք, հիասթափված են, եւ ի՞նչ: Այդ հիասթափությունը քաղաքական կատեգորիա չի: Հիասթափությունը պետք է հետո թարգմանվի ու դառնա քաղաքական դիրքորոշում: Այ, երբ թարգմանվում է, ավելի փափուկ ձեւակերպումներ են գտնվում, բայց ընդհանուր գործընթացը մեզ բոլորիս համար հասկանալի էր: Հասկանալի է, որ սա մեծ հիասթափություն է՝ ԵՄ-ի համար: Բայց չենք կարող մեղադրել ոչ ԵՄ-ին, ոչ ՌԴ-ին, միակ մեղավորը Սերժ Սարգսյանն է: Եթե ԵՄ-ին ինչ-որ բանի մեջ կարելի է մեղադրել, միայն այն բանի մեջ, որ իրենք հավատացել են Սերժ Սարգսյանի նման մարդուն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30