Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը Արդարադատության նախարարությունում հանդիպում է ունեցել աշխատակիցների հետ

Սեպտեմբեր 06,2013 17:20

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ ծանոթացել է աշխատանքային պայմաններին, այցելել քաղաքացիների ընդունելության սրահ, զրուցել աշխատակիցների հետ, ապա նիստերի դահլիճում հանդիպում ունեցել նախարարության ավելի քան երեք հարյուր աշխատակիցների հետ: ՀՀ նախարարություններ և գերատեսչություններ Հանրապետության Նախագահի այցերի շրջանակում այս նախարարություն այցի ժամանակ ևս նախարարը և նրա տեղակալները զեկուցել են 2010-2013թթ. ընթացքում իրականացված բարեփոխումների, արձանագրված առաջընթացի, զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին:
Նախագահը հարցեր է ուղղել զեկույցների հեղինակներին, ապա պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին: Նախարարությունում աշխատանքային պայմանների բարելավման, աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծման վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան, Սերժ Սարգսյանը նշել է, որ հասկանալիորեն Արդարադատության նախարարությունում աշխատում են լավ իրավաբաններ, ովքեր կարող են նաև հեշտությամբ աշխատանք գտնել մասնավոր հատվածում: Ընդգծելով, որ արդեն բավականին մանրամասն խոսել է 2014 թվականի հունվարի մեկից սկսած բյուջետային աշխատավարձերի անընդհատ ավելացման պետական քաղաքականության մասին, Նախագահը շեշտել է, որ երեք տարվա կտրվածքով բավականին էական ավելացումների մասին է խոսքը: Նա վստահություն է հայտնել, որ այս քաղաքականությամբ, ինչպես նաև պետծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը միտված մյուս բոլոր ծրագրերի փաթեթով, արդարադատության նախարարության համակարգում աշխատանքը շատ արագ մրցունակ է դառնալու մասնավոր հատվածի համեմատ:
Սերժ Սարգսյանը պատասխանել է բազմաթիվ այլ հարցերի, որոնք վերաբերել են ինչպես արդարադատության ոլորտին, այնպես էլ ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, առանձին ոլորտների՝ կրթության, տրանսպորտի, սոցիալ-տնտեսական խնդիրներին, պետական կառավարման գործընթացների թափանցիկությանը, մեր երկրի մարտահրավերներին, դրանց դիմակայելու հնարավորություններին և ուղիներին, տարածաշրջանային զարգացումներին: Նախագահը հանգամանալից խոսել է նաև Հայաստանում բարեփոխումների շարունակականության ռազմավարության մասին, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ընթացակարգային խնդիրներին:
Հանդիպման ավարտին Նախագահը կոչ է արել բոլորին ավելի ակտիվ աշխատել. «Մենք մտել ենք մի փուլ, երբ պետք է, իրոք, մեր ջանքերն ավելացնենք: Մի կողմից պետք է բարեփոխումները շարունակենք՝ հասցնենք տրամաբանական ավարտին, մյուս կողմից էլ պետք է կարողանանք նոր գործընթացը, որն սկսել ենք կապված Մաքսային միության հետ, առաջ տանել. մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու՝ մինչև 50 լուրջ փաստաթղթեր պետք է տանենք Ազգային ժողով: Իսկ այդ փաստաթղթերի պատրաստման հիմնական բեռը և բազմաթիվ այլ խնդիրներ ձեզ վրա է լինելու: Այսինքն՝ մենք հիմա պետք է մեր աշխատաժամանակն էլ երկարացնենք, աշխատանքի արդյունավետությունն էլ բարձրացնենք»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը և հաջողություններ մաղթել նախարարության աշխատակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես լսել նախարարությունում աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված նրանց բոլոր առաջարկությունները, նորամուծություններն ու գաղափարները:
Նախագահ Սերժ Սարգսյանը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Կարեն Խտրյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30