Մայրաքաղաքի լուսավոր փողոցների ցանկն այս տարի Երևան քաղաքի զարգացման 2013թ.-ի ծրագրով համալրվեց ևս 14-ով: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ծրագրի շրջանակում այս տարի հիմնանորոգվել ու արդիականացվել է նաև Ջրաշեն և Մուշական թաղամասերի տասնյակ տարիներ անգործության մատնված արտաքին լուսավորության համակարգը:
Տարեկան ծրագրին զուգահեռ, ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրված արտաքին լուսավորությամբ ապահովել նաև շահագործման հանձնվող բոլոր փողոցները, բակերը, այգիներն ու պուրակները: Լրացուցիչ ծրագրով արդեն իսկ լուսավորվել է 27 բակային տարածք: Գիշերային լուսավորությամբ են ապահովվել նաև շուրջ 6 երկրորդական փողոցներ:
Ոլորտում իրականացվող ծրագրային աշխատանքների մի մասն էլ կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական խոստումների շրջանակում. ևս 450 օբյեկտ լուսավորվել է հենց այս համատեքստում:
Արտաքին լուսավորության ցանցի ընդլայնմանը զուգահեռ, քաղաքապետի հանձնարարությամբ մշտական ուշադրության ներքո է նաև կենտրոնական ու երկրորդական փողոցների, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում վթարների հետևանքով առաջացած թերությունների վերացումը: Վթարավերացնող մասնագիտացված խմբերը պարբերաբար շրջայցեր են կատարում մայրաքաղաքում, արտաքին լուսավորության հետ կապված վթարների մասին պատասխանատուները տեղեկանում են նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծի հեռախոսահամարներով ստացված ահազանգերի միջոցով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն