Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բռնությունները ճնշում և սպառնալիք են՝ ուղղված արտահայտվելու և հավաքների ազատությանը. ՔՀԻ հայտարարությունը

Սեպտեմբեր 06,2013 16:40

2013 թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի են ունեցել անձանց կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող մի շարք հարձակումներ: Այդ բոլոր անձինք հանդիսանում են քաղաքացիական նախաձեռնությունների աջակիցներ, ովքեր կա՛մ ակտիվ մասնակցություն ունեն բողոքի տարբեր ակցիաներին, կա՛մ անմիջական կապ ունեն ակտիվիստների հետ: Այսպիսով`
Օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստ Անուշավան Գրիգորյանը:
Օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերը` ժամը 1:30-ին, «Արարատ» հյուրանոցի մոտ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին մի քանի երիտասարդներ են մոտեցել և հարցրել՝ արդյո՞ք մասնակցում են քաղաքապետարանի առջև կազմակերպված նստացույցին, իսկ դրական պատասխան լսելուց հետո, «մեր հերերին եք ուզում բան ասեք» ասելով, սկսել են ծեծել ակտիվիստներին:
Օգոստոսի 25-ին անհայտ անձինք «Հաղթանակ» կամրջի վրա հարձակվել են ակտիվիստ Միքայել Տոնոյանի վրա, և «մեր հերերի՞ն եք նեղացնում» ասելով՝ հարվածել են և դիմել փախուստի:
Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստ Արման Ալեքսանյանը:
Սեպտեմբերի 5-ի գիշերը շենքի բակում մեքենան կայանելիս 6-7 անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել Հայկակ Արշամյանը և Սուրեն Սաղաթելյանը:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ կարծիքով՝ առկա է մեծ հավանականություն, որ այս բոլորը նախապես կազմակերպված և ուղղորդված գործողություններ են:
Ոստիկանությունն արդյունավետ քննություն չի իրականացրել և որևէ հանցագործ այս գործերով հայտնաբերված չէ՝ չնայած այն հանգամանքին, որ բոլոր հանցագործությունները տեղի են ունեցել Երևան քաղաքի կենտրոնում և, ըստ որոշ տուժած ակտիվիստների, տարածում տեղակայված են եղել տեսախցիկներ: Ոստիկանության անգործությունը նպաստում է հասարակության` ոստիկանության նկատմամբ անվստահության խորացմանը և նման հանցագործությունների տարածմանը:
«Բռնությունների այս ալիքը պայմանավորված է իշխանությունների կողմից հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քաղաքակիրթ երկխոսության բացակայությամբ: Փաստացի, այդ խնդիրների լուծման հարթակը դառնում է փողոցը, իսկ լուծման եղանակը` կողմերի առճակատումը և դրան հետևող բռնությունը: Այս գործընթացում էլ ոստիկանությունը դառնում է ապօրինի գործողություններ իրականացնող անձանց շահերի պաշտպանության գործիք»,– ասում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:
Այս դեպքերի հետ կապված ոստիկանության ոչ լիարժեք գործողությունները ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած՝ «Դեպի ապահով Հայաստան» քաղաքականության միանգամայն հակառակ դրսևորումն են: Այս իրավիճակը գնահատում ենք որպես ճնշում և սպառնալիք` ուղղված արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքների իրացմանը:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն պահանջում է ՀՀ իշխանություններից`
• հրապարակայնորեն քննադատել բռնությունների շղթան,
• հասարակական կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ ապահովել իշխանությունների և հասարակության միջև գործնական երկխոսություն` բացառելով կամայական որոշումների կայացումը և իրականացումը:
ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք`
• հասարակությանը ներկայացնել բացատրություններ, թե ինչ քայլեր են ձեռնարկվել ապահովելու հասարակական վայրերում ՀՀ քաղաքացիների անվտանգությունը,
• հրապարակայնորեն ներկայացնել, թե ինչ գործողություններ են կատարվել հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու հանցագործներին,
• իրականացնել արագ և արդյունավետ քննություն այս արատավոր պրակտիկան կանխելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30