«Ազատություն» ռադիոկայան. Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցացման և ոչ էլ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնա Փիթեր Սթանոն՝ պարզաբանելով, որ այդ փաստաթղթերը համատեղելի չեն Մաքսային միությանը անդամակցության հետ, ինչը պատրաստվում է անել Հայաստանը:
Երկու օր առաջ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե քանի որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը թույլ չի տալիս Եվրամիության հետ ստորագրել ազատ առևտրի պայմանագիր, Հայաստանը պատրաստ է ստորագրել միայն Ասոցացման համաձայնագիրը:
Հիշեցնենք՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բրյուսելում հանդիպել է Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Էլինա Չիլինգարյան, Բրյուսել