«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր կայացած մամուլի ասուլիսի բանախոսներն էին մարտարվեստի վարպետ, արևելյան բժշկության մասնագետ, ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Լևոն Մոսինյանը, «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի նախագահ Գևորգ Գևորգյանը և փոխնախագահ Արեգ Թադևոսյանը: Նրանք խոսեցին «Խաղաղասեր մարտիկի ուղին» ծրագրի մասին:
Սեպտեմբերի 7-ից 15-ը համաշխարհային մարտարվեստների պատմության մեջ առաջին անգամ հայկական Գևորգյան մարտարվեստին ծանոթանալու և փորձի փոխանակման նպատակով Հայաստան են ժամանելու Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարտարվեստների ոլորտը ներկայացնող ավելի քան երեք տասնյակ ներկայացուցիչներ:
Միջազգային այս դասընթացը անցկացվում է «Խաղաղասեր մարտիկի ուղին» խորագրի ներքո: Ծրագրի կազմակերպիչը «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնն է:
Դասընթացը կանցկացվի «Երիտասարդությունը Շարժման Մեջ» ծրագրի շրջանակում եւ նպատակ ունի հակադարձել մարտարվեստների` ագրեսիվ և միայն ֆիզիկական կողմի վրա հիմնված լինելու մասին տարածված կարծիքին` միաժամանակ ընդգծելով մարտարվեստի խաղաղասեր ասպեկտներն ու անհատական կատարելագործման համակողմանի մոտեցումը:
Նախատեսվում են նաև ԳՄԴ հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագրեր, որոնց նպատակը մատաղ սերնդի հայրենասիրական, ռազմական , ինչպեսև ֆիզիկական դաստիարակությունն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ