Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանն ու Քոքոբելյանը ՊԵԿ-ի ներկայացուցչից պահանջեցին հայերեն լեզվով փաստաթղթեր (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2013 15:54

Այսօր Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ քննարկվում էր լազերային սկավառակների նոր օրենքին առնչվող հարցը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը թույլ չտվեցին, որ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Բեգլարյանը ռուսերենով ընթերցի լազերային սկավառակներին առնչվող օրենքում կատարված փոփոխությունները:

Պատգամավորները հիշեցնելով, որ ՊԵԿ-ի ներկայացուցիչը «Լեզվի մասին» օրենքը խախտում է, պահանջեցին փաստաթուղթը հանձնաժողովին ներկայացնել հայերեն լեզվով: Ներկաներից մեկը կատակեց, «դե արդեն ռուսերենով պիտի լինի»:

Որքան էլ ՊԵԿ-ի ներկայացուցիչը եւ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համոզում էին, որ փաստաթուղթը ձեռնարկ է՝ գրված ԱՊՀ երկրների համար եւ միջպետական պայմանագիր է, պատգամավորները մնացին իրենց պահանջին:

Վարդան Այվազյանը հորդորեց երկրորդական հարցերի հետեւից չընկնել եւ շարունակել քննարկումը՝ ասելով, որ այդքան ծավալուն փաստաթուղթը թարգմանելու համար մեծ գումարներ ու ժամանակ կպահանջվի:

Պատգամավորներն իրենց պահանջը հիմնավորում էին, որ տերմինների հետ կապված շատ հաճախ խնդիրներ են առաջանում եւ կոդերով, որոնք թվեր են իրենցից ներկայացնում, հասկանալի չէ կոնկրետ ինչի մասին է խոսքը, ինչի հետեւանքով էլ սահմանին մաքսայինը շատ հաճախ գործարարների համար խնդիրներ է առաջացնում՝ նրանց ապրանքը ամիսներով թողնելով մաքսային պահեստներում:

Վարդան Այվազյանը համաձայն էր, որ փաստաթղթերը պետք է հայերեն լեզվով լինեն, բայց նրան շարունակ մի բան էր հետաքրքրում՝ օրենքում նշված կրիչները գործածության մեջ մտնելուց հետո երգիչների հեղինակային իրավունքը պաշտպանվելո՞ւ է, թե՞ ոչ. «Երգիչը չերգած հինգ րոպեից հետո զապիսը գնում է, ինձ մի բան է հետաքրքրում, անմեղ հարց եմ տալիս, էս փոփոխություններից հետո զապիսը լեւի ծախվելու է թե չի ծախվելու»:

Վարդան Այվազյանի համոզմամբ, պետք է հիմնական սկզբունքը պահել՝ այսինքն հեղինակային իրավունքը պահպանվի եւ ստեղծագործությունը չպետք է գողացվի:

Այս հարցի քննարկումն այդպես էլ չշարունակվեց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30