«Մենք խոսում ենք հարուստ պատմություն ունեցող փառատոնի մասին: 18 օր ծանրաբեռնված գրաֆիկով աշխատել ենք, այն տոն էր»,-այսօր Musica Riva 30-րդ միջազգային փառատոնի մասին նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Հուլիսի 20-ից օգոստոսի 3-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որպես հրավիրյալ պաշտոնական նվագախումբ, հանդես է եկել Musica Riva 30-րդ միջազգային փառատոնում, որի շրջանակներում մեծ հանդիսավորությամբ նշվել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը:
Գլխավոր դիրիժորի խոսքով, Իտալիայում բարձր են գնահատում դասական երաժշտությունը, այն սատարելու կարիք ունի:
Երիտասարդական նվագախմբի ելույթները մեծ գնահատանքի են արժանացել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ փառատոնի մասնակիցների եւ հեղինակավոր մասնագետների կողմից:
Կարդացեք նաև
Իտալացի դիրիժոր Մարկո Բոեմին նշել է, որ իր համար շատ հետաքրքիր էր աշխատել հայ երիտասարդների հետ.
«Որոշակի հոգեբանական կապ ստեղծվեց իմ՝ իտալական երգի զգացողության եւ նրանց՝ հայկական երգի զգացողության միջեւ: Երաժիշտները ժամ առ ժամ աճում էին, եւ ես իրոք, հույս ունեմ, որ ապագայում մեզ միասին աշխատելու հնարավորություն կընձեռվի»:
Հայաստանում Իտալիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Բրունո Սկապինիի համոզմամբ, փառատոնը տեղի է ունենում ամեն տարի եւ իր դռներն է բացում աշխարհահռչակ երաժիշտների առջեւ, սա լավ սկիզբ էր հայ-իտալական մշակութային միության ստեղծման, եւ Հայաստանում, եւ Իտալիայում մշակութային համագործակցությունը կարեւոր է:
Միջազգային փառատոնը յուրաքանչյուր տարի երկրագնդի տարբեր ծայրերից իր հարկի տակ է ընդունում աշխարհահռչակ նվագախմբերի, մենակատարների, պարային խմբերի, երգչախմբերի, արվեստի նշանավոր ներկայացուցիչների:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ