Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԽ քարտուղար. «Բայց չէ՞ որ ՀՀ վարչապետը չի կայացնում որոշումները»

Սեպտեմբեր 06,2013 15:37

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը պնդեց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցը քանիցս քննարկվել է, հանձնաժողովներ են աշխատել, անգամ մեր եվրոպացի գործընկերները «պատշաճ ծանուցված» են եղել, թեպետ ոչ «դետալների» մակարդակով:

Aravot.am-ը հիշեցրեց, որ մոտ մեկ տարի շարունակ ՀՀ վարչապետի մակարդակով քանիցս խոսվեց այն մասին, որ Հայաստանը Մաքսային միությունում անելիք չունի եւ թեկուզ ընդհանուր սահմանի բացակայությունն արդեն իսկ լուրջ խոչընդոտ է: Նաեւ հետաքրքրվեցինք, եթե քննարկումներ կային, ինչո՞ւ դրանց մասին հրապարակայնորեն չէր խոսվում, ինչպես արվում էր ԵՄ Ասոցացման, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին բանակցությունների դեպքում: Մեր դիտարկմանն Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Բայց չէ՞ որ ՀՀ վարչապետը չի կայացնում որոշումները: Որոշումները կայացնում է իր մանդատով, Սահմանադրությամբ օժտված ՀՀ նախագահը: Քննարկումներին մասնակցել է նաեւ վարչապետը: Հիմա, վարչապետն ունեցել է մի կարծիք ու դրանում որեւէ ահավոր բան չկա: Մենք պետք է սովորենք, որ իշխանության մեջ կարող են լինել նաեւ տարբեր կարծիքներ: Ես չեմ ասում՝ վարչապետը երեկ դեմ էր, այսօր կողմ է Մաքսային միությանը: Վարչապետը ժամանակին ունեցել է մի կարծիք, այսօր ունի այլ կարծիք: Այդ հարցը դուք պետք է ուղղեք վարչապետին:

Բայց որ Անվտանգության խորհրդի նիստում եղել են քննարկումներ եւ դա չի եղել մի անգամ, այլ մի քանի անգամ, ես էլ, որպես ԱԱԽ քարտուղար բազմաթիվ անգամ ինֆորմացիա եմ տվել լրագրողներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացքի, ՌԴ-ի հետ համագործակցության ընթացքի մասին, որ Մաքսային միության հետ կապված Հայաստանում եղել են պատվիրակություններ՝ բոլորդ տեսել եք…»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իրադարձությունների նման զարգացումից հետո կարելի՞ է ակնկալել վարչապետի հրաժարականը: Բաղդասարյանը պատասխանեց. «Ես նման հարցերին չեմ կարող պատասխանել: Վարչապետն իր պաշտոնում հանգիստ աշխատում է, թողեք, թող աշխատի»:

Ի դեպ, ԱԱԽ քարտուղարը չմեկնաբանեց այն, որ ԵԺԿ-ն դատապարտել է ՌԴ-ի ճնշումը Հայաստանի նկատմամբ: Նա շարունակեց պնդել, որ ՌԴ-ի կողմից որեւէ ճնշում չի եղել: Իսկ այդ առիթով հարցերը հորդորեց ուղղել ԵԺԿ-ի պատասխանատուներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mariam says:

    Ինչ էլ մի լուրջ մարդ եք գտել հարցեր տալու: Արմատակն ընդդիմություն էր խաղում: Հենց աթոռ տվեցին, դարձավ արմատական իշխանություն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30