Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԺ ո՞ր խմբակցություններն են ակտիվ եղել երրորդ նստաշրջանի ժամանակ

Սեպտեմբեր 06,2013 15:25

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Մանդատ» հ/կ-ն ներկայացրեց ԱԺ նախորդ՝ երրորդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին «Ազգային ժողովի օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի փորձագետներ Գոռ Աբրահամյանը, Ավետիք Իշխանյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ԲՀԿ-ից` Տիգրան Ուրիխանյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, «Մանդատ» հ/կ-ից` Լուսինե Վասիլյանը:

Զեկույցում ամփոփվել են երրորդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի գործունեության ընդհանուր միտումներն ու ցուցանիշները, ներկայացվել են ԱԺ խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունների, ակտիվության մասին տվյալներ: Անդրադարձ է արվել ԱԺ վերահսկողական գործառույթներին. ամփոփվել է 5-րդ գումարման Ազգային ժողովում իր գործունեությունը սկսած Էթիկայի հանձնաժողովի աշխատանքը:

Լուսինե Վասիլյանի տեղեկացմամբ` ԱԺ-ն գարնանային նստաշրջանի ընթացքում 95 օրենք է ընդունել ամբողջությամբ, իրենք արձանագրել են, որ ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան նստաշրջանի բոլոր օրինագծերի քվեարկության ժամանակ դեմ է արտահայտվել հազիվ 1 տոկոսին: «Սա հաստատուն միտումներից մեկն է, որը մեր բոլոր զեկույցներում արձանագրվել է»,-նշեց Վասիլյանը՝ տեղեկացնելով, որ Էթիկայի հանձնաժողովին ուղղված դիմումները նվազել են:

Նշվեց նաեւ,որ հարցերի ու ելույթների ցուցանիշով առաջատարը ՀՀԿ-ն է, բայց այս ցուցանիշը նախ պետք է համադրել խմբակցության անդամների թվի հետ: Այդ դեպքում ստացվում է, որ ընդդիմադիր խմբակցությունների ակտիվությունը շատ ավելի բարձր է: Այս տեսանկյունից ամենաակտիվը ՀՅԴ-ն է եղել, ամենապասիվը՝ ԲՀԿ-ն. «Այս ամբողջ վիճակագրությունը կարող եք կայքում էլ տեսնել, այն անընդհատ թարմացվում է, համակարգչային ծրագիրը ինքնուրույն է հաշվում այս տվյալները»:

Գոռ Աբրահամյանն էլ հավելեց, որ Էթիկայի հանձնաժողովի գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ շարունակվում է քաղաքականացման միտումը հանձնաժողովում: «Վստահությունը այս հանձնաժողովի նկատմամբ թե ԱԺ-ում, թե ԱԺ-ից դուրս աստիճանաբար նվազում է: Վերահսկողական գործառույթների առումով ԱԺ-ի նախաձեռնողականությունը շատ թույլ է»,- նշեց Աբրահամյանը, որի խոսքով՝ լուրջ խնդիր է հարուցում այն հանգամանքը, որ վերահսկողական գործառույթներ իրականացնելու առումով ԱԺ-ին հիմնականում տրված է ի գիտություն ընդունելու իրավունքը:

Գոռ Աբրահամյանը նաեւ հայտնեց, որ ԱԺ մեծամասնության ակտիվության աճ է նկատվում հատկապես հարցերի, ելույթների իմաստով`«Եթե մեծամասնության յուրաքանչյուր պատգամավոր 2 ելույթ էր ունենում, ապա հիմա՝ 2,5 ելույթ է»:

Արծվիկ Մինասյանի խոսքով էլ`«Ներկա փուլում պառլամենտական գործունեության ամենահիմնարար խնդիրը պառլամենտական վերահսկողության հարցն է կառավարության գործունեության նկատմամբ: Իսկ այսօր չունենք այդ լծակը: Պառլամենտի վերահսկողական գործառույթները սարսափելի անկատար վիճակում են»:

Տիգրան Ուրիխանյանն ավելացրեց`«Երբ որոշվում է պատգամավորի ակտիվությունը, ես կուզեի, որ որոշվի ոչ թե թվաքանակով արտահայտած բառերի, բառակապակցությունների չափանիշով, այլ բովանդակության չափանիշով: Առաջարկում եմ զեկույցը կազմելիս հիմնվել ոչ միայն կայքի տվյալների, այլեւ կենդանի կենսագործունեության վրա»:

Արտակ Զեյնալյանն էլ նշեց, թե մամուլը անընդհատ տալիս է, թե ինչով են պատգամավորները զբաղվում: Իսկ զեկույցում խոսքը ԱԺ կայքի տվյալների մոնիթորինգի մասին է. «Այն, որ ԱԺ պատգամավորը պարտավոր է մասնակցել նիստերին, անվիճելի է: Սա հաստատված է ՍԴ որոշմամբ: Եթե ԱԺ պատգամավորը չի մասնակցում նիստերի կեսից ավելիին, ապա նրա լիազորությունները այդ բացակայության փաստով պիտի դադարեցվեն: Թե ինչպես է նրան վերաբերվում ընտրողը, այլ խնդիր է, քանի որ դա Սահմանադրությամբ է որոշված եւ վեճից դուրս է»:

Ավետիք Իշխանյանը հավելեց, որ երբ զեկույցում տեսնելով խմբակցությունների ակտիվության ցուցանիշը, ցանկացել է տեսնել նաեւ, թե այդ խմբակցության պատգամավորների որ մասն է ակտիվ եղել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30