Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին տարատեսակ գնահատականներ են հնչում, որոնց վերաբերյալ կարելի է տարբեր մոտեցումներ ցուցաբերել, սակայն դրանց թվում կան այնպիսիք, որոնք շրջանցելն ու որոնց չարձագանքելն ուղղակի անհնար է: Գնահատականներից մեկն էլ այն է, որ Հայաստանի իշխանությունն, իբր, անհետեւողական քաղաքականություն է վարում, եւ, որ ամենակարեւորն է, անլուրջ են վերաբերվել եվրոպացի գործընկերներին՝ հետ կանգնելով ինչ-ինչ պայմանավորվածություններից:
Հետեւողականության ու լրջության տարբեր ինդիկատորներ կարելի է մատնանշել, բայց առաջարկում եմ ամենաարդյունավետը՝ գործունեության թափանցիկությունը:
Հայաստանը բազմիցս հայտարարել է «եւ-եւ» սկզբունքին իր հավատարմության մասին եւ բազմիցս էլ կրկնել է իր դեպքում «կամ-կամ»-ի անարդյունավետությունը: Թե ուր կհասնեն ընթացիկ պրոցեսները՝ դժվար է ասել, բայց փաստ է, որ Հայաստանն իր անկախության օրվանից՝ բոլոր կառավարությունների օրոք, հետեւողականորեն ընթացել է «եւ-եւ»-ի ուղիով:
Ընդ որում, այդ «եւ-եւ»-երը Հայաստանի պարագայում ենթադրել են հարաբերությունների կոնկրետ ծավալ՝ պայմանավորված համագործակցության արդյունավետությամբ՝ լինի դա անվտանգության, թե ռազմական, քաղաքական, թե արժեքային ոլորտներում: Եվ ամենակարեւորը՝ Հայաստանը երբեք դա չի թաքցրել իր գործընկերներից՝ ոչ արեւելքում, ոչ արեւմուտքում, ոչ հյուսիսում, ոչ էլ հարավում:
Արդյունավետություն՝ ահա այն գործոնը, որ Հայաստանի իշխանությունները հռչակել են տարբեր ուղղություններով համագործակցության չափը, մակարդակն ու ծավալները որոշակիացնելու համար:
Եթե հիշում եք, այս տարվա հուլիսի 7-ին Քիշնեւում ԱԼԳ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ կայացած ասուլիսում Հայաստանի նախագահը, ընդունելով ծրագրի ընթացքում տարածաշրջանային գործընկերության ներուժը, բավականին հստակ խոսեց Հայաստանի ակնկալիքների մասին: «Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը մեծապես կարեւորում է փակ սահմանների պրակտիկային վերջ դնելը: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որը ներկայումս բանակցվում է Եվրոպական միության հետ, ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայումս: Մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին, քանզի դրանց առկայության պայմաններում ԵՄ Մաքսային միության հետ առեւտուրը չի կարող լինել արդյունավետ»,- այդ ժամանակ հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Գուցե այդ ժամանակ փորձագետների աչքից վրիպել էր այս հանգամանքը, բայց ՀՀ նախագահը բարձրաձայն էր խոսել այն խնդիրների մասին (ընդ որում՝ ոչ մեկ անգամ), որոնք անարդյունավետ էին դարձնելու Հայաստանի ընտրությունը, եւ որոնք հաղթահարելու ուղղությամբ ԵՄ-ն այդպես էլ քայլ չարեց:
Թուրքիայի, այն է՝ ԵՄ մաքսային միության հետ ունենալով փակ սահման՝ Հայաստանն ազատ գոտի մուտք գործելուց չէր կարող տնտեսական էֆեկտ ակնկալել, ինչն էլ ապացուցվեց օրերս հրապարակված հետազոտությամբ. Հայաստանը ԽՀԱԱՊ-ի գործողությունից կշահի առավելագույնը մոտ 140 մլն դոլարի չափով:
Կներեք, բայց միայն գազի գնի սուբսիդավորումից ռուսական ուղղությամբ Հայաստանի շահը կկազմի մոտավոր հաշվարկով 130 մլն դոլար, այն էլ՝ երաշխավորված, ոչ թե հիպոթետիկ՝ չհաշված մինչ այժմ եղած ու խոստացված բազմաթիվ այլ արտոնությունները: Այս պայմաններում ո՞ր որոշումն է արդյունավետ:
Ուստի բնական է, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահը Մոսկվայում հայտարարեց. «Գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում՝ անհնար է եւ անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից: Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից»: Ըստ որում՝ Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարեց, որ «այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ», եւ «մենք մտադիր ենք ապագայում եւս շարունակել բարեփոխումները»:
Գուցե ոմանք արդյունավետություն որոշելու այլ չափանիշներ ունեն, բայց ակնհայտ է, որ Հայաստանն իր գործընկերների հետ աշխատել է թափանցիկ եւ հետեւողական: Եվրոպայից հնչած արձագանքներն իրենց հերթին վկայում են, որ Բրյուսելում անակնկալի չեն եկել, ավելին՝ պատրաստ են երկխոսությունը շարունակել եւ խորհրդակցել գործընթացն առաջ մղելու շուրջ:
Անհնար է հավատալ, որ «անլուրջ վերաբերմունքի» արժանացած գործընկերների մոտ նման պատրաստակամություն կլիներ:
ՄՈՎՍԵՍ ԴԵՄԻՐՃՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Ռուսաստանի փեշի տակ մնալը կործանարար է Հայաստանի համար: Պատմությունը քանի՞ անգամ պիտի ցույց տա այդ ճշմարտությունը, որ մեր շատ “խելոք”, ամբողջ աշխարհին “ֆռռացնել” փորձող, բայց անընդհատ միևնույն կոտրած տաշտակի առաջ հայտնվող “գործիչները” մի բան հասկանան: Էլ չասենք, որ Ռւսասատանն ինքը դժվար թե երկար քաշի, եթե այսպես անբարոյական և ախմախ ձևով շարունակի իրեն պահել: