Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Մենք չենք կարող հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ, Բրյուսելի հետ չունենալ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2013 14:52

Չորս տարի ԵՄ-ի հետ բանակցելուց հետո Հայաստանը բարեհաջող ավարտեց Խորը եւ համապարփակ, ազատ առեւտրային գոտի ստեղծելու մասին բանակցությունները, եւ նոյեմբերին, Վիլնյուսում այդ համաձայնագիրը պետք է ստորագրվեր, բայց Հայաստանի կողմից՝ Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունը բացառում է, որ այդ պայմանագիրը ստորագրվի, ինչի մասին խոսել է նաեւ հայկական կողմը: Ի՞նչը ստիպեց ՀՀ իշխանություններին, չորս տարի բանակցելուց, բանակցությունները բարեհաջող ավարտելուց հետո, նախաստորագրումից երկու ամիս առաջ փոխել դիրքորոշումը՝ «Ազատություն» ռադիոկայանի  հարցին այսօր մամուլի ասուլիսում ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ ինքն արդեն հինգ տարի է, որ ղեկավարում է Հայաստան-ԵՄ հանձնաժողովը եւ ուղղակիորեն ներգրավված է այդ ինտեգրման աշխատանքներին. «Հայաստան-ԵՄ համագործակցությունը ենթադրում է երեք հարթություն՝ քաղաքական, տնտեսական, համագործակցություն՝ անվտանգության, արդարադատության եւ ազատության ոլորտներում: Այս ուղղությունները կազմում են Ասոցացման համաձայնագրի հիմքը: Թե քաղաքական ասոցացման ինչպիսի՞ համաձայնագիր մենք պետք է ստորագրենք՝ պետք է որոշեն ԵՄ-ն եւ Հայաստանը: Խորը եւ համապարփակ, ազատ առեւտրային գոտի ստեղծելու մասին բանակցություններն ընթացել են, աշխատանքներն 90 տոկոսով մոտեցել են իրենց ավարտին, մեզ համար հասկանալի է դարձել, թե ի՞նչ է տալու Խորը եւ համապարփակ, ազատ առեւտրային գոտու համաձայնագիրը Հայաստանին:

Դրան զուգընթաց, մենք շատ սերտորեն աշխատել ենք Եվրասիական հանձնաժողովի հետ: Ամիսներ շարունակ կոնսուլտացիաներ են եղել ռուսական կողմի եւ ԵՄ-ի ու Մաքսային միության հետ: Այդ գործընթացները զուգահեռ են տարվել»: Ի դեպ, Խորը եւ համապարփակ, ազատ առեւտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի անկյունաքարն է հանդիսանում:

Բաղդասարյանը նկատում է, որ երկուստեգ ուսումնասիրությունների ավարտին, հայկական կողմը եկել է այն եզրահանգման, որ տնտեսական առումով գերազանցապես ձեռնտու է Մաքսային միությանն անդամակցությունը: Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց նաև, թե որքան հայ է ապրում Ռուսաստանում՝ մոտ 2.5 մլն, և ամենակարևորը, թե անվտանգության հարցում Ռուսաստանի դերը Հայաստանի համար որքան մեծ է:  «Խնդիրները պետք է նայել փաթեթի մեջ։ Մեր երկրի շահերից է բխում հզորացնել անվտանգությունը, որտեղ Ռուսաստանը մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա, պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, իսկ ստորագրված այդ փաստաթղթում Մոսկվան ստանձնում է այդ պարտավորությունը. նոր ձեռնարկություններ ու աշխատատեղեր կլինեն, ինչին առաջիկայում շատ երկար չենք սպասի, կլինեն կոնկրետ խոշոր ծրագրեր, որոնց շուրջ կան պայմանավորվածություններ: Այն, ինչը որ կարող է մեզ տալ Մաքսային միությունը տնտեսական տարածքում, չի կարող տալ ԵՄ-ն»,- հավաստիացրեց նա՝ կոչ անելով հարցերը դիտարկել Հայաստանի ազգային-պետական շահերով. «Մենք չենք կարող հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ, Բրյուսելի հետ չունենալ: Մենք պետք է բալանսավորված, մեր երկրի ազգային շահերից ելնելով հրականացնենք ազգային քաղաքականություն, ինչը, որ արվել է»։ Մաքսային միության անդամ դառնալն, ըստ նրա բնավ չի նշանակում, որ Հայաստանը կդադարի ԵՄ արտահանել այն, ինչ ունի արտահանելու: «Պետք չէ դնել հակադրության մեջ»,- ասաց նա քանիցս պնդելով, որ մենք պետք է ելնենք մեր երկրի շահերից: Որ ԵՄ-ն է Հայաստանի ժողովրդավարական «դպրոցը», բանախոսը կասկած չունի, իսկ անվտանգության եւ տնտեսական առումներով պնդում է, որ ՀՀ-ՌԴ համագործակցությունն է մեզ շահավետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30