Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի թիմը չի ողջունում նրա քայլը. փորձում են արդարացնել

Սեպտեմբեր 06,2013 14:42

Սկիզբը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը տարակուսանքի մեջ է. նա չի նկատել ՌԴ-ի կողմից Սերժ Սարգսյանի վրա ճնշում, բայց նաեւ չի նկատել Սերժ Սարգսյանի ոգեւորությունը եւ բարի կամքը, երբ ստորագրում կամ հայտարարում էր Մաքսային միությանն անդամակցության մասին:

– Մի առիթով Դուք ասացիք, որ որոշակիորեն ծանոթ եք ԵՄ Ասոցացման եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրերին. մի փոքր կմանրամասնե՞ք, այդ ի՞նչ գաղտնի դրվագներ կան այդ համաձայնագրերում, որոնց մասին Հայաստանում մտահոգություններ են հնչում: Ինչո՞ւ համաձայնագրերը չեն հրապարակվում:

– Անկեղծ ասած, գաղտնի որեւէ բան ես չեմ նկատել: Համաձայնագրերում մի մեծ բաժին նվիրված է ներկայումս արտադրվող եւ ապագայում արտադրվելիք հայկական ապրանքների որակական ստանդարտներին, որոնք պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին: Ես չեմ կարծում, որ դա մեծ խնդիր կլինի մեր արտադրողների համար, որովհետեւ մենք փորձ ունենք, քանի որ հայկական ապրանքն արդեն մուտք է գործել եվրոպական շուկա եւ անցել է այդ ստանդարտիզացիան: Նաեւ՝ դա կտրուկ չի լինելու, մինչեւ 2017 թվականը եւ 2014-15 թվականներին եվրոպական կառույցները կօգնեն Հայաստանին ճիշտ ձեւով որակավորելու ապրանքները: Մի խոսքով՝ դրանք տեխնիկական հարցեր են:

Ինչ մնում է համաձայնագրերը չհրապարակելուն, ես չգիտեմ, թե դա ո՞ւմ որոշումն է, բայց կարծում եմ՝ ավելի շատ հայկական իշխանությունների: Օրինակ՝ Ուկրաինայում Ասոցացման 350 էջանոց համաձայնագիրը հրապարակվեց, եւ քանի որ դա ուկրաիներեն լեզվով էր, կարծում եմ, որ ուկրաինական իշխանությունը դա արեց: Հավանաբար ԵՄ-ն փաստաթղթերը հրապարակելու իրավունքը թողնում է իշխանություններին:

– Իսկ ի՞նչ ունի Հայաստանի իշխանությունն այդ համաձայնագրերում թաքցնելու, եթե դրանք միայն դրական բաներ են տալու մեր երկրին:

– Գուցե հենց դա՞ ունի թաքցնելու:

Թող չնեղանան ՀՀԿ-ի բարձրաստիճան այրերը, Սերժ Սարգսյանի կողքին կանգնած մարդիկ, բայց իմ կարծիքով՝ նրանք ընդհանրապես չեն հասկանում, թե ի՞նչ է նշանակում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր: Դա ես տեսնում եմ իրենց հայտարարություններից: Ոչ թե նրանք չեն հասկանում, այլ, հավանաբար, նրանց թույլ չեն տալիս մանրամասներին ծանոթանալ: Իսկ այն, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունն անակնկալ էր նաեւ իրենց համար, դա փաստում է այն, որ Սերժ Սարգսյանն իրենց հետ չի կիսվում որեւէ լուրջ փաստաթղթերի կամ մտադրությունների շուրջ:

Ցավոք, մեր պաշտոնյաները եւ քաղաքական գործիչները, ովքեր ներկայացնում են դեպի Մաքսային միություն կամ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ու Ասոցացման համաձայնագիր, տպավորություն է, որ խոսքն այն մասին է, թե մենք մեր կոնյակը կամ մուրաբան որտե՞ղ պետք է վաճառենք՝ Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա: Նույնիսկ զարմանում են, որ մենք փորձում ենք դա քաղաքականացնել կամ փորձում են ներկայացնել, որ մեր մուրաբաները, բաստուրման ու սուջուխը Եվրոպայում դժվար կլինի վաճառելը, հետեւաբար ավելի լավ է ՌԴ-ում վաճառել: Մաքսային միության դեպքում, այո, խոսքը հենց դրա մասին է, եւ այդ իրավունքը Հայաստանն արդեն ուներ. Հայաստանը ՌԴ-ի հետ առեւտրային պայմանագիր արդեն ուներ: Իսկ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու դեպքում Հայաստանը ոչ թե իրավունք է ստանում իր ապրանքն արտահանել ԵՄ երկրներում, այլ տեղում արտադրություն կազմակերպել: Դա կլինի ոչ թե արտահանում, այլ հենց Եվրոպայի արտադրանք: Ցանկացած ներդրողի, արդյունաբերողի, ովքեր Իտալիայում, Իսպանիայում եւ ԵՄ այլ երկրներում փակում են իրենց գործարանները սոցիալական ճնշումների, ոչ շահավետ բիզնեսի պատճառով, կարող էինք ճիշտ իրավիճակ ներկայացնելով բերել Հայաստան: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում կարող էին արտադրվել համակարգիչներ, հեռախոսներ, բարձր տեխնոլոգիական այլ ապրանքատեսակներ, նաեւ տեքստիլ արտադրություն, ապակի, կերամիկա, ու այդ ապրանքները կլինեին այնպիսիք, ինչպիսիք եվրոպականն է: Դրանք ՀՆԱ-ի վրա իրենց ազդեցությունից բացի՝ նաեւ մարդկանց զբաղվածության խնդիր են լուծում:

– Քաղաքագետները ենթադրում են, որ Մոսկվայում հավանաբար նախագահ Սարգսյանի առջեւ նաեւ ԼՂ խնդիրն է դրվել: Հավանական համարո՞ւմ եք նման տարբերակը:

– Ես չեմ ուզում ընկնել այդ դաշտ, թե ի՞նչ կարող էր եղած լինել այդ կամ նախորդ գիշերվա ընթացքում: Եթե կա այդպիսի հարց՝ թող ներկայացվի: Քաղաքական գործիչն ուժեղ է իր բաց լինելով: Եթե կա նման կամ այլ ճնշում՝ թող ներկայացվի: Մենք էլ ենք հասկանում, ԼՂ խնդիրը մեզ համար պակաս հարազատ կամ կարեւոր չէ, քան Սերժի համար:

Եթե այդ վտանգը կար, արդյոք այն չեզոքացվե՞ց այս քայլով: Ինքը համոզվա՞ծ է, որ չեզոքացվեց: Եթե, իհարկե, կա նման խնդիր, այն պետք է կոլեկտիվ քննարկվի: Անկախ այն բանից, թե ինքն ի՞նչ ձեւով է ընտրվել եւ ով իրեն ի՞նչ է համարում, ԼՂ-ի հարցում մենք կարող ենք միավորվել եւ միասին լուծել այդ հարցը: Բայց ես ՌԴ-ի կողմից չեմ նկատել որեւէ ճնշում: Զենքը ճնշման միջոցով ՌԴ-ն չտվեց Ադրբեջանին, բայց եթե անգամ դա սպառնալիքի ձեւով արվեր, միեւնույն է՝ պետք էր մտածել՝ գնա՞լ այդ սպառնալիքին, թե՞ ոչ: Տարակուսանքի մեջ եմ, քանի որ չեմ նկատել ՌԴ-ի կողմից ճնշում Սերժ Սարգսյանի վրա, բայց նաեւ չեմ նկատել Սերժ Սարգսյանի ոգեւորությունը եւ բարի կամքը, երբ ինքը ստորագրում կամ հայտարարում էր Մաքսային միությանն անդամակցելու մասին: Սերժ Սարգսյանի թիմը, որը միշտ քծնանքով է վերաբերվում Սարգսյանի որեւէ քայլին, շոկի մեջ է, եւ որեւէ մեկը չողջունեց նրա այդ քայլը. բոլորն իրենց մեկնաբանություններում փորձում են արդարացնել Սերժ Սարգսյանին: Բայց եթե Սերժը ճնշման ենթարկվող մարդ է, պետք է հասարակությունն ու քաղաքական ուժերը նրան ճնշեն. կարող է չդիմանա ու նորից փոխի իր կարծիքը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    պետք է հասարակությունն ու քաղաքական ուժերը նրան ճնշեն. կարող է չդիմանա ու նորից փոխի իր կարծիքը

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/09/06/382755/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

    իսկ ինչի՞ է քեզ թվում, որ հասակաությունը քո կարծիքին է

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30