Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րը կլինի Մաքսային միության «խերը»

Սեպտեմբեր 06,2013 14:26

Գոնե կզրկվե՞ն  մենաշնորհից Սամվել Ալեքսանյանն ու նրա ընկերները 

Պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանը  «Առավոտ»-ի հետ զրույցում չկարողացավ թաքցնել իր զարմանքը,  որ  Մաքսային միությանը անդամակցելու համար հայ հասարակության մի ստվար զանգված հանրաքվե է պահանջում: Ըստ մեր զրուցակցի՝ ինչպե՞ս կարող են խուլ վայրերում ապրող, շատ անգամ հեռուստացույց դիտելու հնարավորությունից զրկված  տատիկներն ու պապիկները, որոնք լսած անգամ չկան «Մաքսային միություն» արտահայտությունը,  ասել՝ Հայաստանին պե՞տք է անդամակցել այդ միությանը, թե՞ ոչ: «Երկրի արտաքին քաղաքականությունը ներկայացնում է  ՀՀ նախագահը, արդյոք նպատակահարմա՞ր է ամեն հարցի վերաբերյալ հանրաքվե  կազմակերպել: Բոլորովին այլ բան է հանրային քննարկումներ անցկացնելը, մեկ այլ բան է՝ հանրաքվե անցկացնելը: Բայց եթե ՀՀ նախագահը, որը իրականացնում է  արտաքին քաղաքականությունը, գտնում է, որ նման մոտեցումը ճիշտ է, նա լիարժեք կերպով կարող է իրականացնել Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքները: Ինչ վերաբերում է  իմ կարծիքին, ես դրական եմ գնահատում Մաքսային միության մեջ մտնելը, որը բխում է ոչ միայն տնտեսական շահերից, այլեւ մեր ազգային անվտանգության շահերից: Ի՞նչ կտա Եվրոպան, Եվրամիությունը: Այստեղ հարցն այն է,  որ մենք պետք է շարժվենք հետեւյալ սկզբունքով. լավ կլինի, որ Հայաստանը ոչ մեկից էլ կախում չունենա, ես դեմ եմ, որ Հայաստանը ցցուն կախում ունենա որեւիցե կողմից՝  լինի Եվրամիություն, թե  Մաքսային միություն: Իսկ եթե մենք կանգնած ենք ընտրության առջեւ, բնականաբար՝ մենք պետք է ընտրենք այն ուղղությունը, այն կողմնորոշումը, որը համապատասխանում է մեր ազգային կենսական շահերին, տվյալ պարագայում, ես կրկնում եմ՝ Մաքսային միության մեջ մնալը համապատասխանում է: Մաքսային միություն մտնելով՝ ամենեւին չենք խզում մեր կապերը Եվրամիության հետ: Ի՞նչ է նշանակում՝ Եվրամիությունը դժգոհ է մնացել, անցյալ օրը լսեցինք, մենք ամենեւին չենք խզում մեր կապերը Եվրամիության հետ, մեր հարաբերությունները շարունակում ենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Արշավիր Գասպարյանի՝  ո՞վ է ասել, որ եթե Հայաստանը զարգանա ասիական երկրների նման, ինչպիսին,  ասենք,  Չինաստանն է, վատ կլինի: «Դեմ չեմ, որ ինտեգրվենք Եվրամիությանը, եվրոպական կառույցներին, բայց  գերտերությունների քաղաքականության ոլորտում մեր ազգային  կենսական շահը պիտի պահպանենք»,- ասում է պատմաբանը: Այսինքն՝ Դուք համաձան չե՞ք հնչող այն կարծիքներին, որ հայերս գնացինք-հանձնվեցինք ռուսներին, եւ որ Հայաստանը, մտնելով  Մաքսային միություն, վերջնականապես համաձայնեց դառնալ  Ռուսաստանի գաղութը: «Ես չէի ասի՝ գաղութն ենք, ես կասեի՝ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Պատմությունը ցույց է տվել, որ վերջիվերջո հայերը, լինելով ռուսամետ,  ընտրություն են կատարել դեպի Ռուսաստան, որովհետեւ  պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել, որ մենք ապավինել ենք Եվրոպային, ապավինել ենք Արեւմուտքին՝ փոխարենը ոչինչ չստանալով: Այստեղ նորից եմ կրկնում՝ մեր ազգային կենսական շահերը առաջ քաշելով պիտի շարժվենք, իսկ որեւէ երկրի չպետք է թույլ տանք, որ մեր նկատմամբ բացարձակ գաղութային քաղաքականություն իրականացնի: Այստեղ բոլորովին այլ է փոխադարձ շահավետ գործունեությունը, որովհետեւ բացարձակ անկախություն գոյություն չունի, կա փոխադարձ շահավետ համագործակցություն, իսկ, բնականաբար, մենք պիտի օգտվենք Մաքսային միության այն կողմնորոշումից, որը  համընկնում է մեր ազգային շահերին»,- ասաց Արշավիր Գասպարյանը: Եթե Ռուսաստանը գաղութատիրական  հոգեբանությամբ մեզ չի մոտենում, ինչո՞ւ մեր ձեռքից վերցրեց ստրատեգիական նշանակության կառույցները՝ էներգահամակարգը, երկաթուղին՝ մեր հարցին Արշավիր Գասպարյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, վերջիվերջո՝ կա եւ տնտեսական ինտեգրացիա, եւ քաղաքական ինտեգրացիա, երկուստեք կապված են իրար, բնականաբար՝ ձեր ասած  խնդիրը կա, բայց մենք պետք է այնպես անենք, որ լիարժեք կերպով կուլ չգնանք ինչ-որ կողմի, այլ կարողանանք պահպանել մեր սեփական դիմագիծը»,- շարունակեց նա:

Իսկ ի՞նչ օգուտ կտա Մաքսային միությունը մեզ, գոնե կկարողանա՞նք շաքարավազի, բենզինի, այլ ապրանքների ներկրումը մենաշնորհած հայ օլիգարխներին չափի բերել, նրանց  համար խոշոր մրցակիցներ ապահովել: «Չի բացառվում, որովհետեւ իրոք ապրանքատնտեսական հարաբերությունները  պետք է որոշակի կանոնակարգման ենթարկվեն, եւ ըստ էության  Մաքսային միությունը հենց կոչված է կանոնավորելու  ապրանքատնտեսական հարաբերությունները: Ես լիահույս եմ, որ որեւիցե փոփոխություն պետք է լինի, բայց կանխավ գուշակել, թե ինչ կլինի, չեմ կարող: Դա, ըստ էության,  նոր մոտեցում է,  նոր մոդել է, որը դեռեւս պետք է վերամշակվի, դրվի քննարկման: Համենայնդեպս, ասեմ՝ եթե կանգնած ենք ընտրության առջեւ, այս մոդելը մեզ հոգեհարազատ է…»,- համոզված է պատմաբանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արմեն Վռշիկյան says:

    Հայաստանը Ռուսաստանին շղթայված շունն է…

  2. Սոված says:

    Երևում է այս հոդ-վածը գրելուց առաջ կուշտ կերցրել են՝ լավ է այս Մաքսային Միությունը գոնե մեկին օգտակար եղավ:

  3. Mariam says:

    Միայն Սահմանադրության օրենքներին համապատասխան ընտրված երկրի նախագահը կարող է Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքով շարժվել, որպիսին մեր նորանկախ պետության պատմության մեջ առաջին նախագահական ընտրություններից ի վեր մենք չենք ունեցել….

  4. Artak says:

    Հիմա եվրոպացիներն ու ամերիկացիներն ավելի շատ փողեր կտան մեր ««անկախ լրատվամիջոցներին«« ու «« անաչառ լրագրողներին«« և նրանք ավելի ջերմեռանդությամբ կպաշտպանեն ազատ խոսքը։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30