Արմեն ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ տասնութերորդ
Կարդացեք նաև
ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄՆԵՐ
Եվ Ջավախյանը ժպտալով Արիկին հարցրեց՝ «մեր էս կամպանիայի լավը գիտե՞ս որն ա», եւ Արիկը հարցրեց՝ «ո՞րն ա», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «մենակ տվյալ մարդու բացակայության ժամանակ ենք տվյալ մարդուն բամբասում», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ տվյալ մարդու ներկայությամբ բամբասենք, էդ արդեն բամբասանք չի ըլնի», եւ Ջավախյանը ժպտալով Արիկին հարցրեց՝ «կարա՞ս ասես՝ մեր էս տղերքից ամենից քիչ ում ենք բամբասում», եւ Արիկն առանց երկար մտածելու պատասխանեց ու ասաց՝ «Աբոյին», եւ Ջավախյանը ժպտալով Արիկին ասաց՝ «ապրես. շատ ճիշտ ասեցիր», եւ Արիկն ասաց՝ «դրա համար առանձնապես մեծ խելք հարկավոր չի. ակնհայտ ա, որ Աբոյին ամենից քիչն ենք բամբասում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Արիկին ասաց՝ «ըտենց մի ասա. Ջոնն, օրինակ, մտածում ա, որ ամենից քիչ իրան ենք բամբասում», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ջոնն ըտենց մտածելու իրավունք ունի», եւ Ջավախյանն Արիկին հարցրեց՝ «այսինքն, ո՞նց իրավունք ունի», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ջոնն ինքը որ ուրիշներին չի բամբասում, կարա մտածի, որ ուրիշներն էլ իրան չեն բամբասում», եւ Ջավախյանը ժպտալով Արիկին հարցրեց՝ «բայց դու վկա ես չէ՞, որ Ջոնին բոլորից շատ ենք բամբասում» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Ջոնին ավելի շատ ենք բամբասում, քան նույնիսկ՝ Անանիային», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «սովորաբար ում արժանիքները շատ են, նրան ավելի շատ են բամբասում», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային հարցրեց՝ «էդ հույսին ե՞ս», եւ Անանիան ինքնագոհ ժպտալով ասաց՝ «էդ չգրված օրենք ա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչն ա չգրված օրենք», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «սովորաբար արժանավոր մարդկանց ավելի շատ են բամբասում, քան՝ անարժաններին», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Անանիային ասաց՝ «քո ասելով դուս ա գալի, որ Աբոն անարժան ա, դրա համար ենք իրան քիչ բամբասում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ալբերտին ոչ թե քիչ ենք բամբասում, այլ ընդհանրապես չենք բամբասում», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով Անանիային հարցրեց՝ «անարժան ա՝ դրա՞ համար», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ Ջավախյանն Անանիային հարցրեց՝ «բա ինչի՞ ես ժպտում», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ գիտեմ՝ ինչի ենք Ալբերտին ամենից քիչ բամբասում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Անանիային ասաց՝ «որ գիտես, ասա՝ մենք էլ իմանանք», եւ Անանիան ժպտալով Ջավախյանին ասաց՝ «որ մի քիչ գլխիդ զոռ տաս, կարող ա ինքնուրույն էլ գլխի ընկնես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ինչի՞ չես ուզում մի քիչ գլխիդ զոռ տաս», եւ Ջոնը փռթկացնելով Անանիային ասաց՝ «որ զոռ տա, կարող ա ճաքի», եւ Անանիան ժպտալով Ջոնին հարցրեց՝ «ի՞նչը ճաքի», եւ Ջոնը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «գլուխը», եւ Անանիան ժպտալով Ջոնին հարցրեց՝ «բա ո՞նց ա, որ մինչեւ հիմի չի ճաքել», եւ Ջոնը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «որ չի օգտագործում, ինչի՞ պիտի ճաքի», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «չի օգտագործում, դրա համար էլ պատմվածքները ենթագիտակցական են ստացվում», եւ Անանիան փռթկացնելով ասաց՝ «էսսեները», եւ Արշակը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «որ ուրիշ թշնամի չունենաս, Ջոնն ու Անանիան լրիվ հերիք են, որ քեզ Նոբելյան չտան», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Ջոնին ասաց՝ «Անանիան որ ինձի նախանձում ա, էդ հըլը հասկանալի ա, բայց դու էլ հո գրող չես, որ չկամություն ես անում», եւ Անանիան Ջավախյանին ասաց՝ «Ջոնը որ քո նկատմամբ չկամ ըլներ, էդքանից հետո քեզ խաշի չէր հրավիրի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես իրա մասին ոչ մի վատ բան չեմ գրել, բայց ինձ խաշի չի հրավիրել՝ քեզ ա հրավիրել», եւ Ջոնն արդարանալով Անանիային ասաց՝ «Արիկին ու տղերքին ասել էի, որ քեզ իմաց անեն», եւ Արիկն արդարանալով Անանիային ասաց՝ «քեզ շատ ման էկանք, բայց չգտանք», եւ Անանիան թարս նայեց Ջոնին ու ասաց՝ «բայց Ջավախյանին անձամբ էիր զանգել հրավիրել», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «իրա հետ որ խռով էի, դրա համար անձամբ զանգեցի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջոնին ասաց՝ «էդ բացատրություն չի», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային հարցրեց՝ «որ էդքան խելոք ես, կարա՞ս ասես՝ ինչի ա Ջոնն ինձի անձամբ զանգել հրավիրել», եւ Անանիան բավական երկար մտածեց ու ասաց՝ «չեմ կարա ասեմ», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային ասաց՝ «որ մի քիչ գլխիդ զոռ տաս, կարող ա ասես» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «թե՞ վախենում ես մտածես, գլուխդ ճաք տա», եւ Հայկունին Ջավախյանին ասաց՝ «դե ասա՝ մենք էլ իմանանք», եւ Ջավախյանը ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «ի՞նչը իմանաք», եւ Հայկունին ասաց՝ «իմանանք՝ ինչի ա Ջոնը քեզ անձամբ զանգել հրավիրել», եւ Ջավախյանը գլուխը տմբտմբացնելով ասաց՝ «լավ չի», եւ Հայկունին հարցրեց՝ «ի՞նչը լավ չի», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «չեք ուզում ուղեղնիդ աշխատացնեք» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «վախենում եք ճաք տա», եւ Հայկունին թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «արդեն ավելորդ բաներ ես խոսում, տղա ջան», եւ Աբոն ծիծաղելով Ջավախյանին ասաց՝ «մի քիչ էլ որ շարունակես, Հայկունը տասնիննուկեսդ իննուկես կդարձնի», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «իննուկեսն էդ պատմվածքի իսկական գնահատականն ա», եւ Անանիան փռթկացնելով ասաց՝ «էսսեի», եւ Ջավախյանը թարս նայեց Անանիային, հետո նայեց Հայկունուն ու ասաց՝ «էդ արդեն հեչ չեստնի չի», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչը չեստնի չի, տղա ջան», եւ Ջավախյանն ասաց՝ «տասնիննուկեսը ո՞նց ա միանգամից իննուկես դառնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դասախոս մարդ ես. գնահատականների հետ պիտի զգուշությամբ վարվես», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «հասկացա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչը հասկացար», եւ Հայկունին ասաց՝ «ես իննուկես եմ ասել, դուք տասնիննուկես եք լսել», եւ Ջավախյանը զարմացած ասաց՝ «ո՞նց կարող ա էսքանս սխալ լսած ըլնենք», եւ Հայկունին հարցրեց՝ «ո՞վ ա լսել», եւ Ջավախյանն ասաց՝ «ես, Աբոն, Սերոբն ու Արիկը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «վայթե Ջոնն ու Անանիան էլ կային», եւ Անանիան ասաց՝ «ես տասնիննուկես չեմ լսել», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային, մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «ոչ թե չես լսել, այլ չլսելու ես տվել», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «ավելի շուտ մենք սխալ լսած կըլնենք, քան թե Հայկունը սխալված կըլնի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Հայկունը գնահատականների հարցում շատ զգուշավոր ու բծախնդիր ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ Հայկունն ինձ իննուկես նշանակեր, Ջոնը դժվար թե ինձ անձամբ զանգեր ու խաշի հրավիրեր», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «այսինքն, ես քեզ տասնիննուկես եմ նշանակել, դրա համար ա՞ Ջոնը քեզ անձամբ զանգել ու խաշի հրավիրել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ էլ ա պատճառ, բայց գլխավոր պատճառը չի», եւ Հայկունին Ջավախյանին հարցրեց՝ «բա գլխավոր պատճառը ո՞րն ա», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «Ջոնը շատ ա սիրում, որ իրա տունը նշանավոր մարդիկ են հյուր գնում», եւ Ջոնն ապշահար նայեց Ջավախյանին ու արհամարհական հարցրեց՝ «դու ե՞ս նշանավոր, ա՛յ շաշ», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որ նշանավոր չըլնեի, ո՞նց կարող ա Հայկունն ինձ տասնիննուկես նշանակեր», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «Հայկունն էդ խաշից մի քանի ամիս հետո ա քեզ տասնիննուկես նշանակել», եւ Ջավախյանը ժպտալով Հայկունուն ասաց՝ «տեհա՞ր, որ Ջոնն էլ խոստովանեց», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ի՞նչը խոստովանեց», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «տասնիննուկեսը», եւ Հայկունին Ջոնին հարցրեց՝ «ես տասնիննուկես ասել ե՞մ», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «հա, ասել ես» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «կարող ա լեզվի սայթաքում ա էղել, բայց ասել ես», եւ Հայկունին հաղթական նայեց Ջավախյանին ու ինքանգոհ ժպտալով ասաց՝ «լսեցի՞ր, տղա ջան», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչը», եւ Հայկունին ասաց՝ «փաստորեն, լեզվի սայթաքում ա էղել», եւ Անանիան ասաց՝ «ես էն գլխից էի զգացել, որ լեզվի սայթաքում ա, բայց ձեն չհանեցի, որ հանկարծ չմտածեք թե՝ նախանձություն եմ անում», եւ Աբոն Անանիային զարմացած հարցրեց՝ «դո՞ւ ինչի պիտի Ջավախյանին նախանձես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրան ըտենց ա թվում»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ