Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված գերմանացին հայի փեսա է

Սեպտեմբեր 06,2013 14:12

Արքայական խմիչք հռչակված գինին շատերս ենք սիրում: Այն վայելելուց հետո մի օրհնանք ենք տալիս գինեգործին, որոնցից շատերի համար այս մասնագիտությունը տոհմիկ է: Սակայն ո՞վ  կպատկերացներ, որ, օրինակ, մի շարք մրցույթների հաղթող գերմանական Don Angel գինու ստեղծողը երաժիշտ է (www.don-angel.net), այն էլ՝ աշխարհահռչակ վալտորնահար Էնգելբերտ Շմիդը (www.engelbert-schmid-horns.com): Այս օրերին երաժիշտը Հայաստանում է, երեկ էլ վարպետության դաս անցկացրեց Ազգային օպերային թատրոնում, ինչը տարբերվում էր մինչ օրս անցկացված նման դասերից: Վալտորնահարը հայ երաժիշտներին ներկայացրեց իր պատրաստած գործիքը, շեշտելով, թե երաժշտի գործիքը, մանավանդ՝ փողային, պետք է օգնի, այլ ոչ թե խանգարի: Հայտնի է, որ փողային գործիքներից շատերը, հատկապես վալտորնը, համարվում է յուրացման առումով բարդ գործիք:  

«Առավոտը» գերմանացի երաժշտի հետ հանդիպման ժամանակ ծանոթացավ նաեւ նրա տիկնոջ՝ Մարիինյան թատրոնի նվագախմբի երաժիշտ, ալտահար Կարինե Շմիդի (Բարսեղյան) հետ: Տեղեկացանք, որ տարեսկզբին Գերմանիայում տեղի է ունեցել նրանց պսակադրությունը, որին հաջորդել է ամուսնական ճանապարհորդությունը՝ Ճապոնիա, ԱՄՆ, հիմա էլ՝ Հայաստան:

Վալտորնահարը տեղեկացրեց, որ իր սեփական ֆաբրիկայում պատրաստած վալտորնները թեեւ փոքր-ինչ թանկ են (շուրջ 10.000 դոլար), սակայն երաժշտին կարող են ծառայել ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում, հարկ եղած դեպքում էլ այն կարելի է նույնիսկ մի քանի անգամ վերանորոգել, որից գործիքի հնչողությունը չի տուժում: Պարոն Շմիդի խոսքերով՝ իր արտադրած վալտորնով նվագելը նույնն է, թե  տրակտորից հետո  «Մերսեդես» վարել: Հավաստիացրեց նաեւ, որ այսօր անվանի շատ երաժիշտներ, այդ թվում՝ օրինակ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին վալտորնահար Ֆիլիպ Մայերսը վաղուց նվագում է իր հեղինակած գործիքով, որը քանիցս ներկայացրել է միջազգային հեղինակավոր սիմպոզիումների: Գինեգործությամբ զբաղվում է 1990-ականների վերջերից, իսկ արտադրանքի հումքը Իսպանիայից ներմուծած խաղողն է: Երաժիշտը համտեսել է հայկական տարբեր գինիներ, սակայն, մեղմ ասած՝ այնքան էլ տպավորված չէ: Փոխարենը՝ նրան գերել է մեր կոնյակը: «Եթե Հայաստանում ապրեի, ապա անպայման կներդնեի գինեգործության արեւմտյան փորձը: Նշեմ, որ ես այդ գործում վարպետացել եմ գրականության շնորհիվ… Ինչ վերաբերում է երաժիշտներին, հասցրել եմ լինել Երեւանի կոնսերվատորիայում, հյուրընկալվել եմ տեղի կոնսերվատորիայի փողային գործիքների վերանորոգման արհեստանոցում եւ պատրաստ եմ Գերմանիայում հյուրընկալել հայ երաժշտի՝ վարպետությանս փորձը փոխանցելու նպատակով: Գերմանիայում ունեմ նաեւ համերգասրահ (www.mindelsaal.de), որտեղ հյուրընկալում եմ ճանաչված երաժիշտների, առաջիկայում կմտածեմ նաեւ հայաստանցի արվեստագետներ ընդունելու մասին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30