Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Գիրագոսյանի համոզմամբ` ակտիվիստների վրա հարձակումը նման է պուտինյան Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին

Սեպտեմբեր 06,2013 13:49

«Մաքսային միությունը Հայաստանին նոր բան չի առաջարկում: Խնդիրն այն է, թե ինչպես կայացվեց այդ որոշումը: Երեկ երեկոյան քաղաքացիական ակտիվիստների վրա հարձակումը նմանվում է պուտինյան Ռուսաստանում տեղի ունեցողին: Երկու խնդիրները փոխկապակցված են: Երեկվա հարձակումը եւ նախագահ Սարգսյանի որոշումը եվրոպական արժեքներին դեմ են»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը:

Նա նշեց, որ առ այսօր որեւէ մեկը դեռ չի բացատրել, թե ինչ է Մաքսային միությունը, ինչ օգուտներ կամ կորուստներ կունենա Հայաստանը՝ միանալով դրան. «Բայց Հայաստանի համար կա եւս մեկ խնդիր. դա իրավական մարտահրավերն է: ՀՀ վարչապետը միշտ չէ, որ սխալ է, եւ ժամանակ առ ժամանակ ճիշտ հայտարարություններ է անում: Նրա հայտարարությունը ճիշտ էր, որ Հայաստանի անդամակցելը Մաքսային միությանը խոչընդոտվում է սահման չունենալու հանգամանքով: Այս որոշումը փակել է դուռը ԵՄ-ի համար, բայց չի կողպել: Մենք դեռ ժամանակ ունենք՝ այս սխալը ուղղելու համար: Այս որոշումը օգուտ է բերում միայն Ռուսաստանին: Հայաստանը կվճարի իր գինը: ԵՄ-ն արդեն սկսել է այլ աչքով նայել Հայաստանին: Մինչդեռ Հայաստանը պետք է եւս մեկ անգամ ապացուցի իր անկախությունը, վստահելիությունը»:

Գիրագոսյանը գտնում է` ինչպես բոլոր այլ նախագահները, ՀՀ նախագահը եւս ունի հնարավորություն՝ սխալներ գործելու`« ՀՀ նախագահը ունի հնարավորություն՝ որոշակի դիրքորոշում արտահայտելու Մոսկվայում: Իմ կարծիքով՝ սա սխալ որոշում է: Բայց ավելի մեծ խնդիրը ոչ թե հանրային կարծիքն է, այլ այն, որ սա միայն վերջին արտահայտությունն է այն հանգամանքի, որ Ռուսաստանը լավ չի վերաբերվում Հայաստանին: Սա ցույց է տալիս ՀՀ ինքնիշխանության եւ անկախության թուլությունը»:

Գիրագոսյանի խոսքով` չորս տարի շարունակ Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցում էր Ասոցացման համաձայնագրի համար, որից Մոսկվան երբեք անհանգստացած չի եղել. «Քաղաքական կուրսի նմանատիպ փոփոխությունը անընդունելի է: Ինչո՞ւ պետք է Հայաստանը վճարի այդ գինը եւ կորցնի այդ հնարավորությունը: Մի՞թե Հայաստանը չափազանց շատ չի տվել Ռուսաստանին եւ չափազանց քիչ ստացել Ռուսաստանից: Պատմությունից մեր դասն այն է, որ երբ մենք վստահում ենք որեւէ արտաքին ուժի, մենք միշտ կորցնում ենք: Մենք հաղթել ենք ԼՂ պատերազմում ոչ թե Ռուսաստանի շնորհիվ, այլ ի հեճուկս Ռուսաստանի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30