Լրահոս
Օրվա լրահոսը

Մահ կամ իշխանություն

Սեպտեմբեր 06,2013 13:42

Չնայած Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը նոր-նոր է սկսվել, Հայաստանի քաղաքական ուժերն արդեն հնարավորինս ակտիվություն ու շահագրգռվածություն են հանդես բերում գալիք նախագահական ընտրությունների հետ կապված: Նրանցից որոշները երևի ենթադրում են, որ գործող նախագահին դժվար թե հաջողվի մինչև երկրորդ ժամկետի ավարտը գործել: Որոշներն էլ մտածում են, որ նախագահի պաշտոնի համար գալիք ընտրություններին այժմվանից պետք է նախապատրաստվել, ավելի ճիշտ` ոչ թե նախապատրաստվել, այլ ներգրավվել արդեն իսկ սկսված նախագահական պայքարի մեջ:

Արդեն իսկ ակնհայտ է, որ այդ իմաստով վարչապետը ձեռքերը ծալած չի նստել, և նմանապես ակնհայտ է, որ վարչապետի հակառակորդներն էլ պարապ նստած չեն, և զուգահեռաբար երրորդներն էլ են փորձում վաղաժամ սկսված պայքարի մասնակից ու գործոն դառնալ, և էս ամենն ամենևին էլ զարմանալի չէ, որովհետև արդեն նույնիսկ ամենաանհասկացողներն են հասկացել, որ Հայաստանում իշխանություն չունենալու դեպքում ոչինչ ես, իսկ ունենալու դեպքում` ամեն ինչ:

Ամենաանհասկացողներն արդեն նաև հասկացել են, որ Հայաստանում իշխանափոխությունը կարող է իրականություն դառնալ ընդդիմադիր ուժերից առնվազն մի քանիսի միավորման դեպքում:

Այս պահի դրությամբ Հայաստանում ընդդիմադիրները չափազանց շատ են, և նրանց միավորման հնարավորությունը` չափազանց քիչ:

Այս պահի դրությամբ Հայաստանում ընդդիմադիր ուժերն ավելի շատ են, քան` նախկինում. ինչպես միշտ` ՀԱԿ-ն է ընդդիմադիր, և ինչպես միշտ` « Ժառանգությունը», և ինչպես որոշակի դեպքերում` Դաշնակցությունը, և ինչպես միշտ` Սեֆիլյանն ու համակիրները, գումարած արդեն` նախախորհրդարանը: Ըստ ամենայնի, շատ շուտով Նիկոլն ու համակիրներն էլ իրենց մասին լսել կտան:

Եվ, ինչպես ամիսներ առաջ Օսկանյանն էր խոստանում, հնարավոր է ` սեպտեմբերին նաև այլընտրանքային ԲՀԿ-ն վերջապես ու վերջնականապես ընդդիմություն դառնա: Գումարած` ամռանը քաղաքացիական նախաձեռնությամբ բազմիցս աչքի ընկած ջահելությունը, առանց որոնց արդեն դժվար է ներքաղաքական առաջիկա իրադարձությունները պատկերացնել:

Կյանքն արդեն մի քանի անգամ ցույց է տվել, որ ինչքան շատ են ընդդիմադիր ուժերը, այնքան աննշմար է նրանց միավորման տեսլականը, որովհետև մանավանդ նրանցից ամենաերևելիների հավակնություններն իրենց հանգիստ չեն տալիս, և նրանցից յուրաքանչյուրը հավակնում է, որ ընդդիմության միասնությունը տեղի ունենա անձամբ ի´ր առանցքի շուրջ:

Ինչքան էլ ընդդիմադիրներն ու իշխանամետները երկրորդ նախագահ Քոչարյանի շանսերը թերագնահատեն ու չտեսնելու տան, Քոչարյանի գործոնը եղել է ու կա և հատկապես էն դեպքերում է ավելի նկատելի դառնում, երբ Ռուսաստանն ու անձամբ Պուտինը թերահավատորեն են վերաբերվում գործող նախագահին:

Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են թե` Քոչարյանը ոչ թե ինքն անձամբ կվերադառնա, այլ իր նախընտրած մարդուն իշխանության կբերի: Քոչարյանը մի անգամ արդեն իր նախընտրած թեկնածուին բերել է, և կարծում եմ, առանձնապես գոհ չէ իր արածից:

Սխալվում են նաև նրանք, ովքեր կարծում են թե` Սերժ Սարգսյանն իր իրավահաջորդի հարցում սկզբունքորեն ու հետևողականորեն կանգ է առնելու որոշակի մեկի կամ մյուսի վրա: Սերժ Սարգսյանի համար նախընտրելի են բոլոր նրանք, ովքեր հետագայում կապահովեն գործող նախագահի անվտանգությունը` անձի և ունեցվածքի իմաստով: Իսկ էդպիսիք, համաձայնվեք, մեկից շատ են: Էլ չեմ ասում, որ վճռական պահին Քոչարյանի ու գործող նախագահի ջրերը կարող են վերստին նույն առվով հոսել:

Դիմանանք ու ապրենք, որ տեսնենք:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Սերժ Սարգսյանն էլ գիտի, թե ինչ է նշանակում վարչապետի պաշտոն վստահել հիշաչարությամբ աչքի ընկած Ռոբերտ Քոչարյանին:

  2. Maxim says:

    Մեկնաբանության ամենաիրականը՝ վերջին նախադասության իմաստն է, – որ վճռական պահին Քոչարյանի ու գործող նախագահի ջրերը կարող են վերստին նույն առվոտ հոսել: Եթե այս միտքը մի
    օր իրականություն դառնա, ապա առանց մեծ ցավի կարելի է ասել, որ մեր ժողովուրդը արժանի է հենց՝ ստրկացմանը, և ինքնախաբեությամբ պետք չէ զբաքվել, երբ երկու հետամնաց, գավառական,
    հանցագործ տարրեր, իրենց քարանձավային հնարքներով կարողացան զավթել մի ժողովրդի, որը ողջ կյանքը պարծենում է, որ առաջին քրիստոնեություն ընդունած երկիրն են, ունեն՝ Քուչակ, Նարեկացի, Կոմիտաս, Խաչատրյան, Սևակ:
    Ցավալի է, որ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ կամ ՆԱԽԱԽՈՏՀՐԴԱՐԱՆԻ անունը որպես ընդիմադիր՝ վերջում է
    նշվում, բայց ոչինչ, ժամանակը մոտենում է:

  3. Արմեն Վռշիկյան says:

    ՀՀ իշխանության դեմ պայքարի են դուրս եկել նաև արտերկրում: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյան, օրերս կայացած ֆորումի 15-րդ համագումարի ընթացքում Սլովակիայում որոշվել է ստեղծել համահայկական ճակատ, որի նպատակն է «նպաստել ՀՀ-ում արագ իշխանափոխությանը»:

    Եվրոպայում բնակվող հայերի մասնակցությամբ կայացած նիստին ներկա է եղել նաև արցախցի բարերար Լևոն Հայրապետյանը, որը հայտարարել է, որ իշխանափոխությունը ՀՀ-ում պետք է տեղի ունենա 20 րոպեում, որ չվերածվի հեղափոխության, ու «մեր թշնամիները չուրախանան»:

    Բացի այդ, Հայրապետյանի ֆինանսավորմամբ կստեղծվի «Հայ վետերանների, ռազմազորայինների համահայկական միություն» միջազգային համահայկական ՀԿ, որից պետք է վախենան ավելի, քան հրթիռներից և հրետանուց: Թերթի հարցին, թե ինչու պիտի ՀՀ քաղաքացին հավատա նրանց անկեղծությանը, Գրիգորյանը պատասխանել է.

    «Մեզ շատ ավելի են հավատում, քան Ս. Սարգսյանին: Կտեսնեք, թե մեր կոչը ինչպես է ցունամիի պես ողջ ժողովրդին ոտքի հանելու»: Սրանց պայքարը նրա համար է,որ Ռոբերտ Քոչարյանի բերեն իշխանության:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30