Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Գիրագոսյան. «ՀՀ նախագահը որեւէ փաստաթուղթ չի ստորագրել Մոսկվայում, սխալն ուղղելու ժամանակ կա»

Սեպտեմբեր 06,2013 13:25

Այսօր «Մեդիա կենտրոնում» Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանն անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացին ու դրա հետեւանքներին՝ ասաց. «ՀՀ նախագահը անակնկալ կերպով հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը՝ դրանով վերջ դնելով խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրին միանալու հնարավորությանը: Խնդիրը որոշումների կայացման գործընթացին է վերաբերում եւ նրան, թե ինչպես այդ որոշումը հրապարակվեց: Չկար որոշակի հանրային քննարկում ու հաշվի չառնվեց հանրային կարծիքը»:

Գիրագոսյանի խոսքով, եթե ճիշտ է այն տեսակետը, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից ճնշման տակ է, ապա սա վկայել է տվել, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա է լուրջ սխալ ու դա վիրավորանք է Հայաստանի նկատմամբ. «Իսկ եթե, ինչպես ՀՀ նախագահը հայտնեց, Հայաստանի վրա ճնշում չի գործադրվել, ապա դա ցույց է տալիս Հայաստանի քաղաքականության թուլությունը, ինչպես նաեւ այն, որ ՀՀ նախագահը շատ արագ եւ առանց որոշակի քննարկման՝ զիջեց Ռուսաստանին»:

Գիրագոսյանը գտնում է, որ Արեւմուտքը եւ ԵՄ-ն այսուհետեւ Հայաստանին այլ աչքով կնայեն, քանի որ այս որոշումը թուլացնում է ՀՀ ռազմավարական կարեւորությունը` «Որոշման ընդունման գործընթացն ու դրա հրապարակայնացման ձեւը 2-րդ խնդիրն է առաջ բերում Հայաստանի համար. Հայաստանը դիտվում է որպես ոչ անկեղծ, ոչ մրցակցային, եւ ավելի թույլ պետություն: Սա հատկապես շատ խայտառակ պահ էր ՀՀ վարչապետի համար: Դա վտանգի տակ է դնում նաեւ Հայաստանում երկարաժամկետ բարեփոխումների գործընթացը: Մաքսային միությունը Հայաստանին տնտեսական օգուտների առումով շատ բան չի առաջարկում: Երկու ակնհայտ օգուտ ստացող կողմերը կլինեն օլիգարխական համակարգը եւ կոռուպցիան: Մոսկվայի ոճի ճնշումները տեղ կգտնեն եւ կմերժեն ԵՄ-ի կողմից առաջարկվող մեծ օգուտները եւ Հայաստանի մուտքը մեծ շուկա»,- նշեց Գիրագոսյանը:

Նա նաեւ հույս հայտնեց, որ ժամանակ ունենք ուղղելու այս լուրջ սխալը. «ՀՀ նախագահը որեւէ փաստաթուղթ չի ստորագրել Մոսկվայում: Դեռ ժամանակ կա՝ իրականացնելու մեր ցանկությունները եւ ընդառաջ գնալու այս հնարավորությանը Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ»:

Գիրագոսյանը հավելեց, որ Հայաստանը Ռուսաստանի միակ վստահելի գործընկերն է տարածաշրջանում: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, տարածաշրջանում միակ երկիրն է, որն ընդունում է ռուսական ռազմաբազաները ու այդ դեպքում ինչո՞ւ պետք է Հայաստանը ցուցաբերի իր վստահությունը Ռուսաստանի նկատմամբ, երբ իրականում հակառակը պետք է լինի`«Մոսկվայի կողմից այս վստահությունը գնահատելու միակ դրսեւորումը եղել է Ադրբեջանի ռազմական մատակարարը դառնալը: Ռուսական զենքերը գործածվում են ՀՀ եւ ԼՂ զինվորներին սպանելու համար: Իսկ ԵՄ-ն Ասոցացման համաձայնագրով եւ Խորը, համապարփակ, ազատ առեւտրի պայմանագրով չի առաջարկել ռազմական համագործակցություն: Այս երկու համաձայնագրերից ոչ մեկը սպառնալիք չէ հայ-ռուսական ռազմական հարաբերություններին»,- ավելացրեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30