Երեկ տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում խոսվել է նաեւ ՀՀ նախագահի`Մոսկվայում ստորագրած երկու փաստաթղթերի մասին: ԱԱԽ քարտուղար Արթուր բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ նախագահը որոշ տեղեկություններ է ներկայացրել մոսկովյան զարգացումներից:
Ուշագրավ էին Արթուր Բաղդասարյանի դիտարկումներն այն մասին, թե Հայաստանի եվրոպացի գործընկերները տեղյակ են եղել, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը:
Անդրադառնալով գործընթացի գաղտնիությանն էլ, բանախոսն ասաց, որ ոչինչ գաղտնի չի եղել, որ ինքն անձամբ ոչ միայն տեղյակ է եղել, այլ աշխատել է այդ փաստաթղթերի վրա: Բաղդասարյանը վստահեցրեց, որ այդ փաստաթղթերի ստորագրումն անակնկալ չի եղել եւ, որ առաջին անգամ չէ, որ ԱԱԽ-ում քննարկվել է Մաքսային միությանն անդամակցության հարցը: «Սա առաջին քննարկումը չէր ԱԱԽ-ում , մենք պարբերաբար քննարկում ենք հայ-ռուսական հարաբերության, ԵՄ-ի հետ, և ընդհանրապես միջազգային հարաբերութուների հարցերը: Մենք ձեռնամուխ ենք լինելու իրականացնելու ՀՀ-ի` Մաքսային միությանը միանալու Մոսկվայում ստորագրված հռչակագրի իրագործմանը»,- ասաց նա:
Տնտեսական առումով Մաքսային միությանն անդամակցությունը Արթուր Բաղդասարյանը շատ դրական է համարում, խոստանում է, որ առաջիկայում թվերի լեզվով արդեն տեսանելի կլինեն դրա օգուտները: Նա նկատեց, որ Մաքսային միության անդամներ են ՀԱՊԿ անդամ երկրները`հավելելով. «Անդամակցությունն այս կառույցին հնարավորություն կտա և տնտեսապես շահել, և ամրապնդվել մեր անվտանգությունը»:
Կարդացեք նաև
Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ԱԱԽ քարտուղարը համարում է քաղաքական նշանակություն ունեցող եւ վստահեցնում է, որ այն անպայմանորեն կստորագրվի եւ, որ Հայաստանը Եվրոպայի հետ իր քաղաքական ինտեգրումը պետք է շարունակի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այլ մանրամասները`քիչ ուշ տեսանյութում